Մեկնաբանություն

Սաշիկի որդին փչացնում է բեմադրությունը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր, ԱԺ նախկին պատգամավոր Սաշիկ Սարգսյանի որդիները հայտնվել են հերթական աղմկահարույց միջադեպի կիզակետում: Արդեն մի քանի օր է, ինչ մամուլում տեղեկություն է շրջանառվում, որ Սաշիկ Սարգսյանի որդին` Նարեկ Սարգսյանը, մայրաքաղաքի կենտրոնում աղմկոտ ծեծկռտուք է սարքել ՀԱԿ անդամ, «Սիլ կոնցեռն»-ի սեփականատեր Խաչատուր Սուքիասյանի եղբոր ու նրա թիկնապահների հետ:

Լրատվական միջոցներում շրջանառվող տեղեկությունների համաձայն` «Բելաջո» ռեստորանի մոտ հրահրված ծեծկռտուքի արդյունքում հրազենային վնասվածք է ստացել Խաչատուր Սուքիասյանի եղբայր Էդուարդ Սուքիասյանը եւ թիկնապահներից մեկը:

Մինչ այժմ ՀՀ ոստիկանությունը ոչ հերքում եւ ոչ էլ հաստատում է այս տեղեկատվությունը: Դատելով պատասխանատու մարմինների վարկածից, կարող ենք ասել, որ ամենայն հավանականությամբ նման միջադեպ իրականում տեղի ունեցել է, այլապես այս ընթացքում բոլոր հնարվոր տարբերակներով տարածված տեղեկատվությունը կհերքվեր: Քանի որ տվյալ դեպքում խնդիրը վերաբերվում է ոչ թե ինչ-որ մի օդիոզ օլիգարխի կամ կրիմինալ դեմքի, այլ՝ վերաբերվում է կոնկրետ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ընտանիքին: Ի տարբերություն այդ նույն օլիգարխների ու կրիմինալ տարրերի, ՀՀ նախագահը Սահմանադրության եւ օրենքների երաշխավորն է:

Սակայն կոնկրետ այս դեպքի հետ կապված իշխանությունների պահվածքը որեւէ կերպ չի նպաստում երկրում օրենքի գերակայություն եւ արդարադատության մթնոլորտ ունենալուն: Նախ ուշագրավ է, որ լրատվական դաշտի հիմնական մասը, որոնք այս կամ այն կերպ գտնվում են իշխանության վերահսկողության տիրույթում, ամեն կերպ լռեցնում են նախագահի եղբոր որդու սկանդալային միջադեպի արձագանքները՝ դեպքին գրեթե չանդրադառնալով:

Հատկապես նախընտրական շրջանում ամենեւին էլ Սերժ Սարգսյանի շահերից չի բխում, որ իր կամ իր ընտանիքի անունը կապվի այդպիսի կրիմինալ միջադեպի հետ, կամ այդ մասին տեղեկացվեն հասարակության լայն շրջանակները: Հետեւաբար լրատվական բլոկադան ուժերի ներածի չափով փորձում են ապահովել:

Մյուս կողմից էլ, Սաշիկ Սարգսյանի որդու հետ կապվող միջադեպը ավելի խորքային խնդիրներ է վեր հանում: Իր կառավարման շրջանում Սերժ Սարգսյանը դիրքերը ամրապնդելու համար փորձում է խաղալ «Բարի թագավոր, չար բոյարներ» սցենարով: Այսինքն` երկրում կատարվող բոլոր ապօրինությունների մեջ մեղավոր են չար բոյարները՝ Սերժ Սարգսյանի հավատարիմ օլիգարխների կամ բարձրաստիճան չինովնիկների տեսքով, իսկ «թագավորը» պարզապես տեղյակ չէ այդ ամենից: Սակայն բավական է միայն ՀՀ նախագահը տեղեկանա նրանց կողմից կատարված չարագործությունների մասին, եւ անմիջապես մեղավորները պատժվում են: Գագիկ Բեգլարյանը, Ռուբեն Հայրապետյանը, Վարդան Ղուկասյանը, Տիգրան Արզաքանցյանը եւ այդ բովով անցած մյուսները, որպես սցենարի գլխավոր հերոսներ, կարող են ավելի պատկերավոր պատմել «Չար բոյարներ» ներկայացման մասին:

Սակայն, թարսի նման, բեմականացման ամենահետաքրքիր մասում Սաշիկ Սարգսյանի որդին, ամեն ինչ փչացրեց: Պարզվեց կամ վերահաստատվեց, որ «թագավորը մերկ է» եւ այդ «չար բոյարներից» մեկն էլ հենց Սերժ Սարգսյանն է, ով փորձում է պարտակել իր ընտանիքի անդամների ապօրինությունները:

«Բելաջո» ռեստորանի մոտ Նարեկ Սարգսյանի եւ Էդուարդ Սարիբեկյանի միջեւ տեղի ունեցած միջադեպը ցույց տվեց, որ Հայաստանում գոյություն ունի արդարադատության երկու մակարդակ, մեկը՝ Սերժ Սարգսյանի մտերիմների, մյուսը՝ մնացած բոլորի համար: Ընդ որում` առաջին մակարդակում անպատժելիության մթնոլորտ է, իսկ մյուսում կիրառվում է ընտրովի արդարադատություն:

Դիցուք, ՀՀ Ոստիկանապետ Վովա Գասպարյանը Հոլիվուդյան լավագույն մարտաֆիլմերի սցենարով կարող է ճանապարհային երթեւեկության կանոները խախտելու համար շոու սարքել եւ հատուկ ջոկատայիններով հարձակվել գործարար, նախկին ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի եւ նրա շքախմբի վրա, սակայն՝ ձկան նման լռել, երբ գործը հասնում է դիվան բաշուն:

 

Դերենիկ Մալխասյան

Back to top button
Close