Մեկնաբանություն

Ինչու՞ Կալիգուլան իր նժույգին սենատոր կարգեց

Աքսիոմատիկ ճշմարտություն է, որ պատմությունը ժամանակ առ ժամանակ կրկնվելու հատկություն ունի, պարզապես դերակատարներն են փոխվում ու ժամանակները: Գայոս Հուլիոս Կեսար Օգոստոս Գերմանիկոսը (մ.թ.ա.12-41 թթ.)՝ նույն ինքը Կալիգուլան անսահմանափակ իշխանություն ունենալու ճանապարհին իրեն հռչակեց Աստված եւ պարտադրեց երկրպագել իրեն: Չսահմանափակվելով սրանով` Կալիգուլան իր իսպանական նժույգ Ինցիտատին նշանակեց Հռոմեական Սենատի սենատոր եւ հսկայական Հռոմեական կայսրության հպատակներին եւ էլիտային պարտադրեց հպատակվել եւ ծառայել իր նժույգին: Ճիշտ է այս պատմությունը կարելի է վերագրել այն հանգամանքին, որ այս ամենը կայսր Կալիգուլայի հոգեխանգարմունքի եւ շեղվածության հետեւանք է: Սակայն երեւույթին ավելի խորը նայելու դեպքում ակնհայտ է դառնում, որ իրեն Աստված հռչակելով եւ ձիուն սենատոր կարգելով, Կալիգուլան շատ հստակ մեսիջ էր հղում հատկապես հռոմեական էլիտային, որ Հռոմում իր անսահմանափակ իշխանությունը անվիճարկելի է ,եւ այդ նույն էլիտային կարող է պարտադրել ստորացուցիչ որոշումներ, որոնք անվերապահորեն պետք է ընդունվեն եւ հարգվեն: Իսկ այդպիսի որոշումները պարզապես անսահմանափակ եւ անպատժելի իշխանության ցուցադրություն է:

Նկատենք, որ այս ամենը կատարվում էր մի ժամանակաշրջանում, որտեղ դեմոկրատական արժեքները ներկայիս ընկալմամբ գոյություն չունեին, իսկ կայսեր իշխանությունը ոչ թե ժողովրդից էր, այլ՝ «աստվածներից»: Նույնիսկ այդպիսի պայմաններում սենատորներն ու արքունի զորքը չհանդուրժեցին Կալիգուլայի իշխանության ցինիկ ու ստորացուցիչ պարտադրանքը եւ մ.թ.ա 41թ. նա դավադրության արդյունքում սպանվեց:

Ժամանակակից Հայաստանը Սահմանադրությամբ հռչակված ժողովրդավարական հանրապետություն է, իսկ իշխանությունը ժողովրդից է եւ պատկանում է ժողովրդին: Սակայն գործնականում ստեղծվել է այնպիսի մի իրավիճակ, երբ ակամայից զուգահեռներ են տարվում Կալիգուլայի ժամանակաշրջանի հետ: Ճիշտ է, Սերժ Սարգսյանը շատ հեռու է Կալիգուլա լինելուց, եւ բառիս բուն իմաստով իր ձիերով չի լցնում խորհրդարանը, սակայն նրա վարչակարգը նույն ցինիկ ու ամբարտավան տոնով փորձում է ստեղծել անսահմանափակ ու անպատժելի իշխանություն ունենալու իմիտացիա:

Սերժ Սարգսյանը «ժողովրդի ընտրյալ» է դարձնում մարդկանց, որոնց քաղաքացիները որեւէ կերպ չեն լիազորել իրենց անունից բազմել ժողովրդի ընտրյալի աթոռներին: Ճիշտ է, 1991թ-ից ի վեր Հայաստանում գրեթե բոլոր ընտրությունները կեղծվում են, սակայն այն, ինչ կատարվեց դեկտեմբերի 2-ին, պարզապես առավել խտացված կերպ ցույց տվեց իշխանության դեգրադացվածության աստիճանը: Մասնավորապես թիվ 1 ընտրատարածքում մոտ 15 հազար քվեի առավելությամբ պատգամավոր դարձրեցին այնպիսի մի անձնավորության, որի միակ «առավելությունը» քաղաքական ասպարեզում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներձագ լինելու հանգամանքն է:

Պատմական զուգահեռներ անցկացնելով, նկատենք, որ Ինցիտատ նժույգը սենատոր դառավ միայն այն բանի համար, որ Կալիգուլայի ձին էր: Իհարկե թիվ 1 ընտրատարածքում ՀՀԿ-ի թեկնածուն ամենեւին էլ ձի չէ եւ, մի գուցե, մարդկային որակներով բավականին էլ հաջող անձնավորություն է, սակայն նա պատգամավոր «ընտրվեց» միայն այն բանի համար, որ Սերժ

Սարգսյանի թեկնածուն էր: ՀՀԿ-ի թեկնածուն ամբողջ քարոզարշավի ընթացքում հրապարակային ոչ մի խոսք չասելով իր 18 հազարանոց «ընտրողների» բանակին` այնուամենայնիվ ստացավ նրանց «վստահությունը»: Սերժ Սարգսյանի իշխանությունը, հատկապես այդպիսի որակական հատկանիշներով թեկնածուին խաղի մեջ մտցնելով, փորձ արեց ցույց տալ, որ տիրապետում է իրավիճակին եւ ամենեւին էլ կարեւոր չէ, թե իշխանության թեկնածուն ով է կամ ինչ է, միեւնույնն է, իշխանական ռեսուրսները թույլ են տալիս յուրաքանչյուրին սարքել «ժողովրդի» ընտրյալ:

Սրանով Սերժ Սարգսյանը իր մրցակիցներին ցուցադրում է, թե ինչ սցենարով են անցնելու առաջիկա նախագահական ընտրությունները: Եթե կարելի է կիլոմետրերով քաղաքականությունից հեռու Տարոն Մարգարյանի աներձագին պատգամավոր սարքել, ապա ինչո՞ւ չի կարելի գրեթե զրոյական լեգիտիմությամբ, նույն մեխանիզմներով նախագահ «վերընտրվել»: Թե´ մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների եւ թե´ դեկտեմբերի 2-ի արտահերթ ընտրությունների ընթացքում իշխանության հետ մրցակցող քաղաքական ուժերը ցույց տվեցին, որ չունեն բավարար ռեսուրս, կամք ու վճռականություն` դիմագրավելու Սերժ Սարգսյանի ընտրակեղծիքների մեքենային: Բացի այդ հասարակության մեջ տիրող հիասթափությունը, դեպրեսիան եւ հեղափոխական տրամադրությունների անկումը նպաստում է, որ Սերժ Սարգսյանը յուրացնի եւ պահպանի ժողովրդի իշխանությունը: Մյուս կողմից էլ` նրա հետ մրցակցող քաղաքական ուժերը գրեթե ոչինչ չեն անում հասարակության մեջ տրամադրությունները եւ մտածելակերպը փոխելու ուղղությամբ, այլ ընդհակառակը` նպաստում են այդպիսի տրամադրությունների խորացմանը:

Այսպիսով` Սերժ Սարգսյանը նախագահական ընտրություններից առաջ արձանագրում է, որ ընտրությունների միջոցով իշխանությունը փոխելու թեման փակված է:

 

Դերենիկ Մալխասյան

Back to top button
Close