Մեկնաբանություն

Սաշիկին կարելի՞ է՝ Թոխմախի Մհերին չի՞ կարելի

Կրկին խիստ որոշակի լրատվական և հասարակական շրջանակները զայրանալու և պայքարի կոչեր անելու առիթ ունեն: Իշխանության որակն ու բովանդակությունը այդ հարցում բավականին առատ նյութ կարող են մատակարարել: Այս անգամ առիթն այն է, որ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի, նույն իր՝ Թոխմախի Մհերի գազալցակայանում նրա աշխատակիցները դաժան ծեծի են ենթարկել Կ.Ստանիսլավսկու անվ. ռուսական դրամատիկական թատրոնի դերասան, 1984թ. ծնված Սերգեյ Գրիգորյանին և նրա եղբայր Արտյոմ Գրիգորյանին: Անշուշտ կատարվածը հանրային դժգոհություն պետք է առաջացնի, և մեղավորները պետք է օրենքի ուժով պատժվեն:

Փաստացի Մհեր Սեդրակյանը կանգնած է Ռուբեն Հայրապետյանի ճակատագիրը կրկնելու վտանգի առաջ, եթե, իհարկե, Սերժ Սարգսյանը ցանկանա «Հարսնաքարի» դեպքերի նման մի շոու էլ այս անգամ կազմակերպել: Արդյո՞ք նմանատիպ շոուներով երկրում անպատժելիության մթնոլորտը կվերանա, իսկ ՀՀԿ-ական օդիոզ պատգամավորներն ու նրանց շրջապատը կդադարեն քաղաքացիներ հոշոտելուց, իհարկե ոչ: Պատճառն այն է, որ նմանատիպ երևույթները պարզապես արատավոր իշխանական համակարգի հետևանք են: Երեկ Ռուբեն Հայրապետյանի շրջապատն էր մարդ խոշտանգել, այսօր՝ Մհեր Սեդրակյանի, վաղն էլ իշխանության մեկ ուրիշ կրիմինալ ներկայացուցչի շրջապատը կարող է նույնը անել: Երկրում ձևավորված անպատժելիության և քրեածին մթնոլորտի բուն պատճառը թաքնված է իշխանության ամենա-ամենա բարձր էշելոնում: Հատկանշական է, որ այդ էշելոնի ներկայացուցիչների կատարած հանցանքների և ապօրինությունների վրա քաղաքացիական հասարակության շատ «ներկայացուցիչներ» և «անկախ» լրատվամիջոցներ աչք են փակում: Օրինակ, երբ տեղեկատվություն տարածվեց, որ Սերժ Սարգսյանի եղբոր որդին մայրաքաղաքի կենտրոնում հրազենի գործադրմամբ վիճաբանություն է սարքել, որի արդյունքում վիրավորվել է Էդուարդ Սուքիասյանը, դերասանի հետ կատարվածից զայրացածների գերակշիռ մեծամասնությունը ընդհատակ էր անցել և համառորեն լռում էր.կամ անձամբ Սերժ Սարգսյանի զայրույթից էին վախենում կամ դա ամենասովորական պատվեր կատարողի վարքագիծ է, այլապես, մի քիչ անարդար է ստացվում, ի՞նչ է՝ Սաշիկի որդուն կարելի է, իսկ Թոխմախի Մհերին չի՞ կարելի:

Ի վերջո պետք է հասկանալ, որ այդ գազալցակայանում դերասան խոշտանգողները անպատիժ գործելու «լիցենզիան» ստացել են Մհեր Սեդրակյանից, իսկ Սեդրակյանն էլ իր հերթին այդպիսի մի «լիցենզիա» է ստացել անձամբ Սերժ Սարգսյանից: Չմոռանանք, որ մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ գործող նախագահ Սերժ Սարգսյանը անձամբ կոչ էր անում ընտրել Մհեր Սեդրակյանին: Բնականաբար, անպատժելիության «լիցենզիաները» տրվում են համապատասխան ծառայությունների դիմաց: Ցավոք սրտի, Հայաստանում բազմաթիվ քրեական և կիսաքրեական դեմքեր կան, որոնք անձամբ ՀՀ գլխավոր և գերագույն հրամանատարից նման «լիցենզիաներ» են ստացել: Հետևաբար երկրում տիրող անպատժելիությունից դժգոհողները իրենց բողոքը առաջին հերթին պետք է ուղղեն ոչ թե Ռուբեն Հայրապետյանի կամ Մհեր Սեդրակյանի դեմ, այլ անձամբ Սերժ Սարգսյանի և նրա մերձավոր շրջապատի դեմ, քանի որ հենց նրանք են սանձազերծում քաղաքացիներին սպանողներին և հոշոտողներին:

Սերժ Սարգսյանը այլ կերպ վարվել չի կարող, քանի որ, պատկերավոր ասած, նա նստած է մհերսեդրակյանների, ռուբենհայրապետյանների և նմանատիպ այլ օդիոզ դեմքերի «սվինների» վրա, որոնք ապահովում են իշխանության հարատևությունը: Իսկ քանի որ «սվինների» վրա նստել այդքան էլ հարմար չէ, ավելին, վտանգ կա, որ այդ սվինները մի օր կարող են ուղղվել հենց իր դեմ, գործող նախագահի շրջապատը՝ փեսա Միքայել Մինասյանի գլխավորությամբ, նմանատիպ դեպքերն օգտագործում է «քյարթու» «սվիններից» ազատվելու և ավելի քաղաքակիրթ «սվիններով» փոխարինելու համար: Եթե ներկա դրությամբ Սերժ Սարգսյանը Բաղրամյան 26 հասցեում գտնվելու համար պարտական է նույն Մհեր Սեդրակյանին կամ Ռուբեն Հայրապետյանին, ապա վերջիններիս փոխարեն պատվանդան բարձրացողներն, ընդհակառակը, պարտական են լինելու անձամբ Սերժ Սարգսյանին:

Ահա այսպես, առանձին մարդկային ողբերգություններն օգտագործվում են խիստ շահադիտական նպատակներով և լուծում են կոնկրետ իշխանության պահպանման խնդիրը:

 

Դերենիկ Մալխասյան

Back to top button
Close