Մեկնաբանություն

Վովա Գասպարյանը Սաշիկ Սարգսյանին ու Մհեր Սեդրակյանին էլ է «չա-չա-չա» անում

Երեկ լրատվամիջոցները հեղեղված էին հերթական ՀՀԿ-ականի հերթական «քաջագործության» մասին լուրերով: Խոսքը Թոխմախի Մհերի ենթակաների կողմից Ստանիսլավսկու անվան թատրոնի դերասան Սերգեյ Գրիգորյանին ծեծի ենթարկելու մասին է: Երկաթը տաք-տաք ծեծած լրագրողներին հաջողվեց հարցազրույցներ վերցնել դերասանի ընկերներից եւ ծանոթներից, ովքեր թերեւս չմտածելով նենգ գործարքի հեռանկարի մասին, անկեղծացան եւ պատմեցին, թե իրականում ինչ է կատարվել բենզալցակայանում: Նրանց մտքով անգամ չանցավ այդ ժամանակ «փիլաքյանների» վարկածը: Առավել համարձակները հայտարարում էին, որ իրենք չեն լռելու, պայքարելու են, որ մեղավորներն՝ ի դեմս Թոխմախի Մհերի, ենթարկվեն պատասխանատվության:

Ոստիկանությունն այս ընթացքում լռում էր: Ժամեր անց բենզալցակայանի պատմությունը ձեւախեղվեց: Դերասանի հարազատները սկսեցին տեղեկություններ տարածել, որ բոլորովին էլ այնպես չէ, ինչպես ներկայացված է, որ իրականում վայր է ընկել դերասանը եւ ուղեղի ցնցում ստացել: Հարազատների հայտարարություններից հետո միայն ոստիկանությունը կողմնորոշվեց` ինչ պատասխանել լրատվամիջոցներին եւ արդեն հնչեց հայտարարությունը, թե «իրականում» ինչ է տեղի ունեցել: Որպես ապացույց` պաշտոնական կայք-էջում են տեղադրել դերասանի ձեռքով գրված ցուցմունքը, որտեղ ինչ-որ օդանցք բացելու պատմություն է ներկայացրել տուժողը եւ մանրամասնել. «Ոտքերիս տակից աստիճանը փախել է, և ես վայր եմ ընկել լամինատե հատակին, իսկ գլուխս դիպել է բազկաթոռի թևի հատվածին…»:

Թերեւս հարկ չկա մանրամասնել, թե ինչ կերպ են սովորաբար ոստիկանությունը կամ քննչական մարմինները կորզում ցանկալի ցուցմունք: Հայտնի գործելաոճը, սակայն, միշտ չէ, որ կարող են իրականության տեղ հրամցնել:

Ուշագրավ է, որ պաշտոնական կայք-էջում նաեւ հորդորում են զանգվածային լրատվության միջոցներին «զերծ մնալ անհարկի ու վնասակար շտապողականությունից, համակողմանի ուսումնասիրել իրողությունները և հանրությանը ներկայացնել ոստիկանության հետ համագործակցության արդյունքում մինչև վերջ ստուգված ու հավաստի տեղեկատվություն»:

Շտապողականությունը լրատվամիջոցների դեպքում ոչ թե անհարկի է, այլ ճիշտ հակառակը՝ խիստ անհրաժեշտ: Որովհետեւ գործերը պարտակելու հարցում Վովա Գասպարյանի գլխավորած կառույցն առավել օպերատիվ է: Եւ եթե չլինի լրագրողների «անհարկի եւ վնասակար շտապողականությունը» նմանատիպ շատ այլ դեպքեր կվերածվեն «փիլաքյանական հեքիաթների»:

Դարձյալ լրագրողական շտապողականության «հետեւանք» էին նաեւ «Բելաջիո»-ի իրադարձությունները, երբ հայտնի է, որ կա հրազենային վնասվածք ստացած քաղաքացի, սակայն ոստիկանության աշխատակիցը հայտարարում է, որ քանի դեռ չկա բողոքող եւ տուժող, ապա իրենք միջոցներ չեն ձեռնարկելու՝ կատարվածը բացահայտելու ուղղությամբ: Ոստիկանությունն անգամ հարկ չհամարեց մամուլի հրապարակումների մասով քննություն սկսել: Իհարկե հայտնի է, թե ինչու: Խոսքն այս դեպքում Սերժ Սարգսյանի եղբորն էր վերաբերվում, դերասանին ծեծի ենթարկելու պարագայում ՝ սարգսյանական կլանի կարկառուն ներկայացուցչի:

Իմիջիայլոց, թե՛ Սաշիկ Սարգսյանի որդու եւ թե՛ Թոխմախի Մհերի ենթակաների գործողությունների հետեւանքով տուժածները լռում են: Այս արատավոր երեւութը խոսում է առաջինի դեպքում ոստիկանության նկատմամբ անվստահության, երկրորդի պարագայում՝ վախի մթնոլորտի: Սաշիկի որդին հրազենային վնասվածք էր հասցրել գործարար Խաչատուր Սուքիասյանի եղբորը: Վերջինս լռեց, որովհետեւ ըստ ամենայնի, ենթադրում են, որ ոստիկանական համակարգի «ճկունությունը» կհանգեցնի նրան, որ գործը հեշտությամբ կբարդեն ոչ թե իրական հանցագործի, այլ տուժողի վրա:

Ինչ վերաբերվում է դերասանին, ապա ըստ երեւույթին, Թոխմախի Մհերն ու նրա շրջապատը հասցրեցին ահաբեկել Սերգեյին, որ եթե նա բացի բերանը, ապա «փիլաքյանի» փականը եւս զուգահեռաբար կբացվի: Ահա թե ինչու, դերասանի հարազատները սարսափած սկսեցին հերքել կատարվածը:

Եւ այսօր արդեն Թոխմախի Մհերը ԱԺ-ում ԳԱԼԱ-ի լրագրողին տված հարցազրույցում ինքնավստահ տոնով հորդորում է բացել ոստիկանության պաշտոնական կայք-էջը եւ կարդալ տուժողի ցուցմունքը` հավաստիացնելով, որ իր բարի համբավին զուր տեղը դիպչում են լրագրողները: Իսկ ոստիկանությունը ինքնամոռաց լծված է Թոխմախի, Սաշիկի, Նեմեցի եւ մյուսների բարի համբավի փրկության գործին:

 

Արմենուհի Վարդանյան

Back to top button
Close