Մեկնաբանություն

Ծառուկյանը երկու կրակի արանքում

Հայաստանում հասարակական-քաղաքական շրջանակներն արդեն տևական ժամանակ է, ինչ տաղտկալի սպասման մեջ են, իսկ քաղաքական գործընթացները կանգ են առել կամ իմիտատիվ բնույթ են կրում: Պատճառը, ինչպես ներկայացրել է Եվրոպական հանձնաժողովը, «Ամենամեծ ընդդիմադիր կուսակցության»՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի լռությունն է: Խորհրդարանական ընտրություններից մինչև այսօր Գագիկ Ծառուկյանը դեռևս չի կարող կողմնորոշվել՝ մասնակցել նախագահական ընտրություններին սեփակա՞ն թեկնածուով, թե՞ մասնակցության այլ ձևաչափ ընտրել: Հնարավոր է, որ ԲՀԿ առաջնորդն արդեն իսկ որոշում կայացրել է, սակայն Սերժ Սարգսյանի հետ առճակատումից խուսափելու համար փորձում է ամեն կերպ հետաձգել այդ որոշման հրապարակումը:

Եթե «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտ է ներկայացրել որոշիչ դերակատարություն ունենալ քաղաքական գործընթացներում, ապա տրամաբանական կլիներ, որ արդեն վաղուց ունենար հստակ և հասկանալի որոշում 2013թ. նախագահական ընտրությունների հետ կապված: Քաղաքական ուժը, որն իր իսկ հայտարարություններով ձգտում է երկրում գլոբալ փոփոխությունների հասնել, չի կարող նախագահական ընտրություններին վերացական մոտեցում ունենալ կամ այդ մասին մտածելու ժամանակ չունենալ:

Իսկ եթե, այնուամենայնիվ, ունի նախագահական ընտրությունների հետ կապված հստակ մարտավարություն և ռազմավարություն, սակայն մինչև այսօր գաղտնի է պահում հասարակությունից և գործընկերներից, ապա սա ամենևին էլ քաղաքական վարքագիծ չէ: Հավանաբար հստակ որոշման հրապարակմանը խանգարում է Սերժ Սարգսյանի հնարավոր արձագանքը: Բնականաբար, ՀՀԿ առաջնորդը գովեստի և հիացմունքի խոսքեր չի շռայլելու Գագիկ Ծառուկյանի հասցեին, եթե նա որոշի վիճարկել նախագահի աթոռի պատկանելիության հարցը: Դա կլինի միայն այն դեպքում, եթե հասարակության թիկունքում պայմանավորվածություն լինի Գագիկ Ծառուկյանի և Սերժ Սարգսյանի միջև՝ իշխանությունը անցնցում վերարտադրելու հետ կապված:

Եթե հիմա Ծառուկյանը զգուշանում է Սերժ Սարգսյանի հնարավոր հակազդեցությունից, ապա անհասկանալի է, թե ինչպես իրեն կպահի Գագիկ Ծառուկյանը Սերժ Սարգսյանի հետ գլոբալ «ճակատամարտի» ժամանակ: Իրական հակամարտության դեպքում Սերժ Սարգսյանը չի խնայելու Գագիկ Ծառուկյանին և նրա մերձավոր շրջապատին: ԲՀԿ առաջնորդի պահվածքից տպավորություն է ստեղծվում, որ այս պահին անձամբ Գագիկ Ծառուկյանը այդքան էլ պատրաստ չէ «պատերազմի» մեջ մտնել ՀՀԿ առաջնորդի հետ, այլապես վաղուց այդ «պատերազմը» սկսված կլիներ, իսկ ԲՀԿ-ի թեկնածուն էլ՝ հայտնի: Սակայն մյուս կողմից էլ ԲՀԿ-ն և Ծառուկյանը այնքան են առաջ գնացել նախագահական ընտրություններում առանձին թեկնածու ունենալու հարցում, որ այդ ճանապարհից հետ կանգնելու դեպքում երանի կտան ՕԵԿ-ի ճակատագրին: Որոշման կայացումը կամ դրա հրապարակայնացումը Գագիկ Ծառուկյանին դժվար է տրվում, քանի որ մինչև հիմա նա խաղացել է Սերժ Սարգսյանի կանոններով, այն է՝ գաղտնի հանդիպումներ և ոչ թափանցիկ գործելաոճ:

Այդ խաղի կանոնների շրջանակներում Սերժ Սարգսյանը միջազգային կարգի «գրոսմայստեր» է, քանի որ, լինելով ապաքաղաքական և «գորշ» գործիչ, նա հմտացել է ներքաղաքական ինտրիգների և խարդավանքների մեջ: Եթե ԲՀԿ առաջնորդը շարունակելու է խաղալ Սերժ Սարգսյանի դաշտում, ապա նույնիսկ իմաստ չունի «պատերազմի» մեջ մտնել. այն տանուլ կտա դեռ չսկսած:

Դերենիկ Մալխասյան

Back to top button
Close