Մեկնաբանություն

Դաշնակցականները դասալքում են «ռազմաճակատը»

Դեկտեմբերի 6-ին ընդդիմադիր դաշտում գործող ՀՅԴ-ն նախագահական ընտրություններին ընդառաջ համաժողով էր կազմակերպել, որին հրավիրված էին քաղաքական ուժերն ու հասարակական սպեկտորը: Քննարկման թեման ավելի վաղ Դաշնակցության կողմից  ներկայացրած 7 կետերն էին: Սակայն մասնակիցների գերակշիռ մեծամասնությունը խոսում էր միասնական ուժերով իշխանափոխության հասնելու մասին, իսկ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը խոսում էր ընդդիմադիր դաշտի համախմբման եւ իշխանափոխության անհրաժեշտության մասին.

«Ընտրությունների միջոցով իշխանափոխության հասնելու միակ ճանապարհը ընդդիմադիր դաշտի համախմբումն է միասնական օրակարգի շուրջը: Հնարավորինս լայն համաձայնության հասնելու ճանապարհը մե՛կն է՝ հասնել այս օրակարգի ընդունմանը և դրա կատարման ճանապարհային քարտեզի մշակմանը, հետո նոր խոսել միասնական թեկնածուի մասին: Հակառակ ճանապարհը փակուղի է»,- այդ խորհրդաժողովին հայտարարել էր Արմեն Ռուստամյանը: Այսպիսով ՀՅԴ-ն իրեն փորձում էր ասոցացնել Հայաստանում իշխանափոխության ձգտող քաղաքական ուժի հետ:

Սակայն դեկտեմբերի 8-ին ՀՅԴ մամլո դիվանը հաղորդագրություն է հրապարակում, որտեղ տեղեկանում ենք. «ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը եւ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հանդիպել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Կայացել է երկարատեւ քննարկում՝ Հայաստանի պետական-հանրային եւ քաղաքական կյանքի արմատական բարեփոխմանն ու առողջացմանն ուղղված՝ ՀՅԴ առաջադրած յոթ կետանոց հիմնադրույթների շուրջ: Հանդիպման արդյունքում կողմերը որոշել են շարունակել խորհրդակցությունները»:

Ոչ մի վարկաբեկիչ կամ տարօրինակ բան չկա, երբ քաղաքական ուժերը հանդիպում են երկրի նախագահի հետ եւ թափանցիկ կերպով այդ մասին տեղեկացնում են հանրությանը: Ավելին` դա նույնիսկ գովելի է, օրինակ, երբ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է հանդիպում Սերժ Սարգսյանի հետ, երբեւէ հանդիպման եւ օրակարգի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություն չի հրապարակվում, այդ մասին հանրությունը տեղեկանում է «հավաստի աղբյուրներից»: Այդ պարագայում միշտ էլ կասկածներ են առաջանում, որ հասարակության թիկունքում ինչ-ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվում:  ՀՅԴ-ն այս պարագայում գործել է թափանցիկ, սակայն խախտված է նրանց կողմից առաջ քաշված օրակարգի տրամաբանությունը: Ավանդական կուսակցության կողմից առաջարկած 7 կետանոց օրակարգը ենթադրում է գաղափարական պլատֆորմ, որի շուրջ կոնսոլիդացիա ձեւավորվելու դեպքում իշխանափոխության հեռանկարը, ըստ դաշնակցականների, բավականին իրատեսական է դառնում:

Հիմա ստացվում է, որ միասնական ուժերով իշխանափոխության թեման Դաշնակցությունը որոշել է քննարկել նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Ընդ որում, հաղորդագրությունից պարզ է դառնում, որ սա միանվագ հանդիպում չէ` ե´ւ ՀՅԴ-ն, ե´ւ Սերժ Սարգսյանը առաջիկայում եւս շարունակելու են քննարկել «իշխանափոխության» հեռանկարները: Տեսականորեն հնարավոր է, որ երկրի նախագահը, հաշվի առնելով ստեղծված  ծանր իրավիճակը, որեւէ ընդդիմադիր կուսակցության հետ քննարկի պետական-հանրային եւ քաղաքական կյանքի արմատական բարեփոխման ու առողջացման խնդիրները: Դա այն դեպքում է, երբ երկրի նախագահը քաղաքական դեմք է եւ գործում է միմիայն պետական շահերից ելնելով: Սակայն որքան էլ տխուր լինի արձանագրել, Սերժ Սարգսյանը գործում է նեղ կլանային եւ անձնական շահերից ելնելով, հետեւաբար ՀՅԴ-ի առաջարկած 7 կետանոց օրակարգը, ըստ երեւույթին, նրան ընդհանրապես չի էլ հետաքրքրում: ՀՅԴ-ի հետ հանդիպումը Սերժ Սարգսյանի համար կարեւոր է այնքանով, որ ցույց տա իշխանափոխությունից եւ կոնսոլիդացիայից խոսող ուժերին, որ ընդունակ է սեպարատ կերպով պայմանավորվել կոնսոլիդացիայի մաս կազմող կուսակցությունների հետ: Բնականաբար, վերջնական պայմանավորվածության հասնելու դեպքում այդ կուսակցությունները իրենց տրամաչափին համապատասխան իրավունք կստանան` օգտվելու իշխանական կերակրատաշտից: Ամենայն հավանականությամբ, Սերժ Սարգսյանի հետ սեպարատ գործարքի մեջ մտնող կուսակցություններից առաջինը ՀՅԴ-ն է:

Ուշագրավ է, որ Սերժ Սարգսյանը ՀՅԴ-ի հետ հանդիպման հենց նույն օրը հանդիպել է նաեւ շատերի կողմից իշխանափոխության լոկոմոտիվ դիտարկվող ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ: Այդ հանդիպումից հետո, թե ինչ քաղաքական ճակատագիր է սպասվում ԲՀԿ-ին, կերեւա շատ մոտ օրերս:

Back to top button
Close