Մեկնաբանություն

Նմանակում

Հասարակությունը, ինչպես և բնությունը, «դատարկություն չի հանդուրժում»: Սեփական քաղաքական համակարգի բացակայությունը, որպես կանոն, լրացվում է կամ ուրիշ համակարգով, կամ ավելի հաճախ համակարգի նմանակմամբ: Սովորաբար վերջինիս դեպքում «նախագահի», «խորհրդարանի», «նախարարների», «կուսակցությունների» և «դատարանների» մասնակցությամբ ներկայացումը պարզապես «լավ տղերքին» հնարավորություն է տալիս արտաքին աշխարհի աչքում ավելի պարկեշտորեն կողոպտելու երկիրը և ժողովրդին. հասկանալի է, որ նման պարագայում քաղաքականությունը և գաղափարախոսությունը պարզապես ցուցանակ են լինում: Այս ապաքաղաքականացված «կարգը» միշտ գոյատևում է արտաքին քաղաքական հենարանի հաշվին և հարմար է արտաքին վերհսկողության համար:

Շատերը կասեն, որ ազգային պետության նմանակումն ավելի լավ է, քան դրա իսպառ բացակայությունը. դա էլ այդպիսի՛ անցումային շրջան է: Բայց մի՞թե հավատի նմանակմամբ կարելի է անհավատությունից անցնել իսկական հավատի: Ո՛չ, դա սրբապղծություն է՝ վատագույն հետևանքներով: Մի՞թե շինարարության նմանակումը կկարողանա բնակատեղի խնդիրը լուծել: Ո՛չ, հետո հարկավոր կլինի վատնել ավելորդ ժամանակ և ուժեր` իզուր փորձելով ինչ-որ կերպ օգտագործել կեղծ դեկորացիան, քանդելով ու աղբը դուրս տանելով:

Բայց քաղաքական նմանակումը վտանգավոր է ոչ միայն այդ պատճառով, որ կերտվում են վնասակար կառույցներ, որ սրբապղծվում են և արժեզրկվում կարևոր գաղափարներ, որ սուտն անբարոյականացնում է մարդկանց: Նմանակումն արժեզրկում է իր իսկ հակառակորդներին: Երբ մարդիկ պայքարում են իրական համակարգի դեմ, նրանց գործողությունները կամա-ակամա դառնում են համակարգված և գաղափարական: Նմանակման դեմ պայքարում առկա են բոլոր հնարավորությունները, որպեսզի պայքարն ինքը վերածվի նույնպիսի նմանակման:

Որոշ երկրներում շարքային աշխատողը հնարավորություն ունի ծեծելու ղեկավարի ռետինե խամաճիկը, որը տեղադրված է աշխատավայրում: Տիկնիկը ոչինչ չի զգում և չի տապալվում: Իհարկե, տեսախցիկները ճշգրտորեն ու սառնասրտորեն գրանցում են, թե ով քանի անգամ է խփել խամաճիկին և թքել վրան…

Անիմաստ Է կռվել ռետինե տիկնիկի դեմ, դա միայն ընկերության տերերի կողմից նախատեսված հարմար և անվտանգ զայրույթի լիցքաթափման ձև է: Բայց նաև իրական մարդկանց աշխարհում հակամարտության նպատակները և մակարդակը պետք է համապատասխանեն միմյանց: Մի բան է հասնել ամառային արձակուրդի և ֆիկուս ունենալ լուսամուտի, մեկ այլ բան ընկերության մեջ կառավարման, սեփականության բաշխման գլխավոր սկզբունքների արմատական փոփոխությունների գաղափարը:

Վերադառնանք քաղաքականությանը: Իշխանության գլխում կանգնած անարժան մարդկանց մի խումբը չի կարող լինել երկրի մեջ վատ կարգի պատճառը: Ընդհակառակը՝ վերևում ամեն անգամ հայտնվում են այդպիսի մարդիկ, որովհետև կարգն է այդպիսին: Այս կարգի գլխավոր իմաստը՝ թույլ չտալ Հայաստանում ձևավորել քաղաքական համակարգը, հայոց պետականություն:

Երբեմն սարսափ ֆիլմերի մեջ մի զզվելի էակը խժռում է իր զոհին և ձեռք է բերում խժռված մարդու արտաքին տեսքը: Այսօր էլ մի «էակը», որը հենց սկզբից խժռել է նորածին հայոց պետությունը, նմանակում է զոհի տեսքը՝ անգամ մեծ ճիգ չթափելով համոզիչ լինելու համար: Տեղում եղել է և կա այս «էակի» համար սննդարար միջավայրը, բայց պատմությունը կարող էր ուրիշ ուղիով գնալ, եթե հայ «էակը» չունենար քաղաքականորեն կրթված օտար խնամակալներ և կուրատորներ: Հենց այդ հանգամանքը տվել է և շարունակում է տալ «էակին» կարևորագույն առավելությունը:

Այսպիսի խնամակալությունը և հովանավորությունը բացարձակապես ռացիոնալ են դրսի համակարգի կողմից: Դրանք սխալ մոտեցման հետևանքներ չեն, այլ քաղաքական գրագիտության տարրական կանոնների գործադրման արդյունքը: Դրսի համակարգի համար անհրաժեշտ է տարածքների, կոմունիկացիաների և տարբեր տեսակի ռեսուրսների վերահսկողությունը, առավել ևս տարածքը վաղուց համարվում է իր սովորական «ոտչինա»: Եթե համակարգը հետաքրքրված չէ տարածքի անմիջական միացման մեջ, ապա դա չի նշանակում, որ կա նվազագույն հետաքրքրվածություն, որ այնտեղ նոր, անկախ համակարգը ստեղծվի: Դրսի համակարգի համար դա ցանկալի գործընթաց չէ թե սկզունքային, թե «ռեալպոլիտիկ» տեսակետից՝ անգամ եթե նոր պետությունը մեծ հավանականությամբ վստահելի դաշնակից կդառնա:

Վստահելի գործընկեր և դաշնակից ունենալը ենթադրում է նրա շահերի հաշվառման մշտական անհրաժեշտություն: Ինչի համար հաշվի նստել ուրիշի շահի հետ, եթե ավելի հարմար է դա չանել և միակողմանի վերահսկողություն իրականացնել «մեղմ ուժի» (soft power-ի) միջոցով: Ուրիշի շահը միայն ստիպողաբար հաշվի են առնում քաղաքականության մեջ: Առավել ևս քաղաքական ազդեցության սովորական տարածքում Կենտրոնի հետ չհամաձայնված «ծայրամասային» քաղաքական նախաձեռնության բոլոր դրսևորումները դիտվում են մեծ կասկածանքով: Նրանք թշնամական ենք ըստ սահմանման, նրանք թուլացնում են Կենտրոնի շուրջ համախմբված համակարգի հիմքերը:

Ընդունել, որ արտաքին քաղաքական սուբյեկտը (համակարգը, Կենտրոնը) «պարզապես իր գործն է անում», չի նշանակում դրա հետ հաշտվել: Քաղաքականության մեջ բոլորը իրենց գործն են անում և իրենց խնդիրներն են լուծում բավականաչափ ռացիոնալ հիման վրա՝ անգամ եթե խոսքը մարդկության դեմ ոճրագործությունների մասին է: Երիտթուրքերը կազմակերպել էին Ցեղասպանությունը որպես, նրանց պատկերացմամբ, կայսրության համար անհրաժեշտ գործ, ոչ թե հայերի հանդեպ անձնական ատելությանը հագուրդ տալու համար:

Քաղաքական համակարգերի ռացիոնալությունը պետք է դիտել պարզ տեսակետից՝ արդյոք շահավե՞տ է նրանց կոնկրետ գործողությունը հայ ազգային պետականության համար, թե ոչ: Երկրորդ տարբերակում քաղաքական համակարգը անխուսափելիորեն հակառակորդ է դառնում ազգի համար, անգամ եթե նպատակ չի դնում բնաջնջել, ստրկացնել բոլոր հայերին կամ ինչ-որ վնաս պատճառել առանձին հային: Ազգի համար վնասակար կարող են լինել ոչ միայն բարոյական տեսակետից ոճրագործ արարքներ, այլ նաև օտարների կողմից ռացիոնալ, քաղաքականապես գրագետ քայլերը: Եթե արտաքին համակարգի քաղաքականությանը չի կարելի բարոյական հաշիվ ներկայացնել, իսկ հայ «էակի» հանդեպ բարոյական հաշիվը ահավոր մեծ է, դա չպետք է որոշի ազգի խնդիրների լուծման կարևորության աստիճանը:

Քաղաքական իմաստով «էակը», որը խժռեց նորածին հայկական պետությունը, լիակատար նմանակում է: Նրան պետք է ժամանակ առ ժամանակ ուռեցնել դրսից, նա չի կարող առանց արտաքին քաղաքական տերերի, արտաքին կուրատորների իր գոյությունը պահպանել, ինչպես որ Կենտրոնական Ամերիկայում «բանանային հանրապետությունների» «սուվերեն» իշխանությունները: «Էակը» չի կարող տրաքել և անհետանալ միայն առաջին դեմքերի և կառավարող կուսակցության փոխարինումով: Պետք է բացառել արմատավորված սիմբիոզը «Էակի» և իր տերերի միջև ու հետո միայն կարելի կլինի հայոց ազգային պետականության ստեղծման հարցը դրել և լուծել: Որոշել ոչ զրոյից, այլ բացասական մեծությունից:

 

Կարեն Աղեկյան

Back to top button