Նորություններ

«Մի կառավարության անդամ էլ ես եմ». ՕԵԿ-ական Արմեն Երիցյանը գոհ է կառավարության աշխատանքից

Ինչպես հայտնի է, քաղաքական չորս ուժերը ապրիլի 28-ի ԱԺ նստաշրջանում կբարձրացնեն կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը:

Գործադիրի անդամները անդրադառնալ եւ տեսակետ հայտնել մեկնարկող գործընթացի մասին հիմնականում չեն ցանկանում: ԳԱԼԱ-ի հետ զրույցում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, անդրադառնալով չորս ոչ իշխանական ուժերի նախաձեռնությանը, ասաց. «Ես իմ գնահատականը տալիս եմ դրական կառավարության աշխատանքին, իմ բոլոր գործընկերները, նախարարները, գերատեսչության ղեկավարները իրենց առջեւ դրված խնդիրները այսօր կատարում են: Ինչ կվերաբերի այն հարցին, որ 4 ուժեր միացել են, եւ իրենք անվստահություն են հայտնում, դա իրենց օպոզիցիոն հայացքն է, իրենց խնդիրն է, ես այստեղ ոչինչ չեմ կարող ասել, իրենցից պետք է հարցնել»:

Արմեն Երիցյանը անդրադառնալով այն քննադատություններին, թե գործող կառավարությունը չի կարողանում լուծել իր առջեւ դրված պարտականությունները, նշեց. «Գիտեք, յուրաքանչյուր հարց, եթե վերաբերում է կառավարությանը, իհարկե մեզ դա մտածելու տեղիք է տալիս, եւ մենք այսօր աշխատանքներ տանում ենք, եւ ես մեկ անգամ այդ ամենը ուզում եմ ուղղել դեպի արտակարգ իրավիճակների նախարարություն․ եթե ասում են կառավարություն, մի կառավարության անդամ էլ ես եմ՝ որպես նախարար, եւ ես գտնում եմ, որ դա անազնիվ վերաբերմունք է դեպի մեզ, որովհետեւ մենք ամեն ինչ անում ենք եւ շարունակելու ենք անել մեր հայրենիքի համար»:

Ըստ ՕԵԿ-ական նախարարի՝ հայտարարությունները, թե կառավարությունը ընդհանրապես չի աշխատել, այդպես չէ, որովհետեւ յուրաքանչյուր գերատեսչության ղեկավար կարող է ներկայացնել իր կողմից կատարված աշխատանքները:

Հավելենք, որ կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը ԱԺ-ում բարձրաձայնելու համար քառյակին անհրաժեշտ կլինի 44 պատգամավորի ստորագրություն:

 

Back to top button