ՀԵՏԱՔՐՔԻՐ Է

Քաղցկեղի ընդգրկման աշխարհագրությունը

Քաղցկեղը համաշխարհային հիվանդություն է, սակայն աշխարհի տարբեր մասերում այն տարբեր կերպ է տարածված: Քաղցկեղի աշխարհագրական շատ առանձնահատկություններ հաջողվել է բացատրել, բայց գաղտնիքները եւս բավական շատ են: Մասնավորապես քաղցկեղի պատճառով մահացությունների ամենաբարձր մակարդակը փոքրիկ Ջերսի կղզում է, որտեղ տեղակայված է Ջերալդ Դարրելի կողմից հիմնված աշխարհահռչակ «Վայրի կենդանիների պահպանության տրեստը»: Ջերսին հանդիսանում է Նորմանդյան կղզիներից ամենամեծն ու հարավայինը: Այն գտնվում է Լա-Մանշ նեղուցում` Բրիտանիայի եւ Ֆրանսիայի միջեւ եւ չկազմելով Մեծ Բրիտանիայի մաս՝ այս կղզին հանդիսանում է բրիտանական գահի թագապատկան տիրույթ: Այստեղ չարորակ ուռուցքներից տարեկան մահանում է յուրաքանչյուր 100,000 բնակչից 314-ը: Հարեւան Մեծ Բրիտանիայում այս ցուցանիշը գրեթե երկու անգամ ավելի ցածր է:

Հունգարիան օնկոլոգիական հիվանդություններից մահացության ամենաբարձր ցուցանիշ ունեցող երկիրն է: Այստեղ տարեկան 100,000 բնակչից 313-ը մահանում են քաղցկեղից, իսկ քաղցկեղից ամենաքիչ մահացությունը գրանցվել է Մակեդոնիայում, որտեղ 100,000 բնակչից մեկ տարվա ընթացքում ընդամենը 6 մարդ է մահացել այս հիվանդությունից: Տարբերությունը տպավորիչ է, այնպես չէ՞: Ավելի հասկանալի եւ մեկնաբանելի է քաղցկեղի կոնկրետ ձեւերի ընդգրկման աշխարհագրությունը:

Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ

Առավել տարածված է Նոր Զելանդիայում, Դանիայում, Կանադայում եւ Միացյալ Նահանգներում: Ինչպես ենթադրում են գիտնականները, սա պայմանավորված է այս երկրներում կենդանական սպիտակուցի եւ մսի սպառման աճով: Օրինակ՝ Նոր Զելանդիայի բնակիչն օրական օգտագործում է 160 գրամ միս եւ յուղ: Ճապոնիայում, Իտալիայում եւ Իսրայելում, որտեղ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը հազվագյուտ է, մսամթերքի եւ յուղի օրական ընդունումը ոչ ավելի է, քան 80 գրամը:

Արգանդի վզիկի քաղցկեղ

Այս հիվանդությունն ուղղակիորեն կախված է սեռական կյանքից: Դեռ անցյալ դարում նկատել են, որ արգանդի վզիկի քաղցկեղից, որպես կանոն, մահացել են ամուսնացած կանայք, իսկ կույսերին եւ միանձնուհիներին այն շրջանցել է: Ավելի ուշ հայտնաբերվեց այս փաստի բացատրությունը: Պարզվել է, որ կանացի այս հիվանդությունն առաջանում է պապիլոմայի հարուցիչի պատճառով եւ այն փոխանցվում է սեռական ճանապարհով:

Թոքերի քաղցկեղ

Տարածված է հիմնականում այնտեղ, որտեղ մարդիկ շատ են ծխում: «Պատմականորեն ծխողներ» հանդիսացող Շոտլանդիայում, Իռլանդիայում եւ Մեծ Բրիտանիայում այս հիվանդության դեպքերը հատկապես շատ են:

Ստամոքսի քաղցկեղ

Քաղցկեղի այս տեսակն իր համար որպես «բնակության վայր» է ընտրել Ճապոնիան եւ Ռուսաստանը: Սրանք այն երկրներն են, որտեղ սննդի մեջ շատ են օգտագործում օսլա (կարտոֆիլից, բրնձից, ալյուրից պատրաստված արտադրանք) եւ ոչ բավարար քանակով կենդանական սպիտակուցներ, կաթ, թարմ մրգեր եւ բանջարեղեն: Ընդհանրապես ստամոքսի քաղցկեղը կախված է մի շարք պատճառներից, օրինակ՝ խոզի մսի օգտագործումն ավելի վտանգավոր է, քան գառան կամ տավարի միսը: Քաղցկեղի առաջացման ռիսկը 2,5 անգամ ավելի բարձր է սննդի մեջ կարագի ամենօրյա օգտագործման դեպքում: Հիվանդացությունը նույնիսկ կարող է կախված լինել հողի բնույթից: Այնտեղ, որտեղ բնահողի մեջ շատ է պարունակվում մոլիբդեն, պղինձ, կոբալտ եւ ավելի քիչ մանգան ու ցինկ, ինչպես օրինակ՝ Կարելիայում ստամոքսի քաղցկեղով ավելի հաճախ են տառապում:

Լյարդի քաղցկեղ

Հաճախ ախտորոշվում է Հարավարեւելյան Ասիայում եւ Կենտրոնական Աֆրիկայում, ինչպես նաեւ Տյումենի մարզի Տոբոլսկ շրջանում: Մոզամբիկում, օրինակ, 100,000 բնակչի հաշվով գրանցվում է լյարդի քաղցկեղի 113 դեպք, ինչը 50 անգամ ավելի է, քան Ֆրանսիայում: Պատճառն աֆլատոքսին թույնն է: Այն ներթափանցում է օրգանիզմ բորբոսասնկով վարակված հացահատիկային մշակաբույսերից եւ ընկույզից, հատկապես գետնանուշից: Տյումենի մարզում լյարդի քաղցկեղի տարածվածության պատճառը լեղուղիների մակաբուծային հիվանդություններն են:

Շագանակագեղձի քաղցկեղ

Այն այսօր տղամարդկանց ուռուցքաբանության մեջ առաջին տեղում է: Ամերիկյան մասնագետները նախազգուշացնում են զարգացած երկրներում շագանակագեղձի քաղցկեղի համաճարակի մասին եւ կանխագուշակում առաջիկա 30 տարիների ընթացքում հիվանդացության մակարդակի եռակի աճ: Չինացիներն ու ճապոնացիներն իրենց երկրում ավելի քիչ են հիվանդանում շագանակագեղձի քաղցկեղով, սակայն հենց որ Հարավարեւելյան Ասիայի երկրներից մարդիկ տեղափոխվում են այլ երկրներ, հիվանդության ռիսկը զգալիորեն մեծանում է: Օրինակ՝ Կալիֆորնիայում ապրող չինացիների մոտ այն 13-16 անգամ ավելի բարձր է: Այնպես որ շագանակագեղձի քաղցկեղի առաջացման համար հիմք են հանդիսանում կյանքի պայմանները եւ սովորությունները, ինչպես նաեւ հակվածությունը կարմիր մսին եւ կենդանական յուղին: Ենթադրվում է, որ այդ ճարպը բարձրացնում է արյան մեջ սեռական հորմոնների մակարդակը եւ այդպիսով պատճառ դառնում հիվանդության առաջացմանը: Այլ կերպ ասած՝ սննդակարգի մեջ բուսական յուղի եւ ձկան յուղի ներառումը նվազեցնում է հիվանդանալու վտանգը:

Կրծքագեղձի քաղցկեղ

Քաղցկեղի այս տեսակի առաջացման պատճառն էստրոգեն հորմոններն են: Գիտնականների ավելի քան մեկդարյա ուսումնասիրությունների արդյունքները թույլ են տալիս անել հետեւյալ միանշանակ եզրակացությունները. ինչքան կինն ավելի ուշ է ունենում իր առաջին երեխան, այնքան մեծ է վտանգը կրծքի քաղցկեղի: Հետեւաբար այն երկրներում, որտեղ կանայք ավելի վաղ են ծննդաբերում (Կենտրոնական Ասիա, Մերձավոր Արեւելք, Չինաստան, Ճապոնիա), հիվանդության մակարդակը ցածր է, իսկ ամենատարածվածը Մեծ Բրիտանիայում է: Պետք է ասել, որ շրջակա միջավայրում եւս կան նյութեր, որոնք կարող են ազդել կրծքի քաղցկեղի մակարդակի վրա: Օրինակ՝ ծխախոտի ծուխը պարունակում է էստրոգենի գրեթե ճշգրիտ պատճենները` թողնելով նմանատիպ ազդեցություն: Կան, սակայն, այնպիսի բույսեր, որոնց պարունակության մեջ կան ֆլավանոիդ միացություններ, որոնք մեզ պաշտպանում են քաղցկեղից: Դրանցով հարուստ են թեյը, բրինձը, սոյան, խնձորը, կաղամբը, գազարը, սոխը: Հենց այս մթերքների կանոնավոր օգտագործումը սննդի մեջ իջեցնում է կրծքի քաղցկեղի մակարդակն Արեւելքում (Չինաստան, Ճապոնիա):

Back to top button