Նորություններ

Կարծում են՝ Արսեն Խոջոյանը սահման չի հատել, նրան առեւանգել են

Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչները կարծում են, որ 22-ամյա Արսեն Խոջոյան գերեվարվել է ոչ թե Ադրբեջանի սահմանը անցնելուց հետո, այլեւ շատ հնարավոր է, որ նրան եկել տարել են հենց հայկական տարածքներից: «Ոչ մի պատնեշ չկա, ոչ մի դժվարություն, իրանց ամառանոցը ընդամենը 200 մետր է հեռու: Այնպես որ ավելի հավանական է այն, որ ոչ թե երեխան է անցել, այլ մյուս կողմից են անցել, վախեցրել են կրակելով եւ գերեվարել-տարել են: Թե չէ տղան շատ լավ էր տիրապետում տեղանքին եւ այնտեղ իրենց ամառանոցն է, մի քանի Խոջոյաններով միշտ էլ այդտեղ են եղել»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասացին համագյուղացիները:

Գյուղապետ Կամո Չոբանյանը եւս չբացառեց, որ նման բան կարող է եւ եղած լինի: «Դիվերսիոն խումբ չի կարա լինի, բայց ընդհանրապես չի բացառվում, որ երեխին տարած լինեն»: Համագյուղացիները պատմում են, որ ադրբեջանական կողմի լռությունը եւս այդ մասին է խոսում: «Մենք առաջին օրը երեխուն տեսել ենք ադրբեջանական կանալներով. մեզ մոտ բռնում է, երկրորդ օրը մինչեւ կեսօր էլ ցույց տվեցին ու վերջ, էլ ձեն չկա: Շատ հնարավոր է, որ եկել են վախացրել, թե կկրակենք ու տարել են, ինչ է որ՝ մի երկու հարյուր մետր էլ չկա իրանց ամառանոցից մինչեւ Ադրբեջան»:

ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը քիչ հավանական համարեց Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչների վարկածը, բայց եւ այնպես չբացառեց, որ հնարավոր է եւ Արսեն Խոջոյանին գերեվարած լինեն հենց հայկական տարածքներում:

Շամշադինի շրջանի գյուղերից տարեկան մեկ-երկու հոգի անցնում է ադրբեջանական սահման՝ կամ պատահաբար մոլորվում է, կամ անցնում է իր կամքով, կամ էլ տանում են:

Վերին Կարմիրաղբյուրի գյուղապետի խոսքերով, եթե տեղադրվեն համապատասխան իրազեկող ցուցանակներ, հնարավոր է՝ դեպքերը նվազեն: Իսկ փշալարեր անցկացնելը գյուղապետ Կ. Չոբանյանը համարյա անհնար է համարում:

«Իմ կարծիքը այն է, որ մեկը շփոթվում է, մեկը մոլորվում է, մեկին բռնում տանում են, մեկը անպայման ուզում է անցնի: Ով կթողի, որ փշալար քաշենք, մարդ է հայտվում այնտեղ՝ կրակում են, ով կթողի, որ փշալար քաշենք: Մի տեղ իրանց տարածքն է եւ տարածքում մեր պոստերն են, կա տեղ մեր տարածքում են իրենց պոստերը, ով կթողի, որ մենք փշալարեր քաշենք. տեղում կգյուլլեն:

Բազմազան նշաններ պիտի լինի, որ այստեղից հետո թշանմին է եւ չի կարելի անցնել, տրաֆարետներ պետք է լինի, ես ինչ իմանամ, ինչ-որ քայլեր պետք է ձեռնարկել: Թե չէ ոչ ոք չի կարող երաշխավորել, որ մի երրորդ Խոջոյանն էլ կորի: Հենց հիմա այդ նույն տարածքներում էլի մարդիկ կան, էլի Խոջոյանները անասուն են արածեցնում: Ոչ մի արգելք, ոչ մի բան չկա… »:

Կ. Չոբանյանն ասաց, որ Վերին Կարմիրաղբյուրից առաջին դեպքն էր, որ երկու հոգի գերեվարվեցին, բայց հարակից գյուղերից շատ քաղաքացիներ են կորել:

«Պառավաքարից, Ներքին Կարմիրաղբյուրից, Այգեձորից է մի քանի դեպք եղել, Չինարիից է եղել: Լինում են տարածքը այնպես է, որ անգրագետ հովիվ մարդը՝ տեղանքին ոչ ծանոթ, մարդը, տարեցը կամ երեխեքը մոլորվում են: Կրկնում եմ՝ սահմանին որեւէ ցուցանակ չկա, որ ստեղից հետո ադրբեջանական տարածքն է, կօգնի, կարծում եմ, որ տեղադրեն… գոնե կնվազեն դեպքերը»:

ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Ա. Հովհաննիսյանը անօգուտ է համարում ցուցանակներ տեղադրելը, ասում է՝ մարդիկ մոլորվում են մառախուղի, եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով, իսկ մառախուղի պայմաններում ոչ մի ցուցանակ չի երեւա:

«Ու հետո ասեմ նաեւ, որ վաղուց ցուցանակներ են դրված, որ ականապատված դաշտ է, էլ ի՞նչ ցուցանակ դրվի: Տեղանքը այնպիսի տեղանք, որ ոչ մի ցուցանակ էլ ոչինչ չի անի: Մանավանդ որ նրանք էլ հիմնականում կորում են վատ եղանակային պայմաններում, երբ տեսանելիությունը շատ ցածր է լինում: Նման դեպքերում ինչ ցուցանակ ուզում ես դիր: Այս 20 տարվա ընթացքում էլ այդ մոլորվելու դեպքերը լինում են, վատ եղանակային պայմաններում ոչ մի ցուցանակ էլ չի օգնի: Բայց կրկնում եմ՝ ցուցանակներ կան»:

Ա. Հովհաննիսյանը որպես լավագույն լուծում համարում է սահմանի երկայնքով պատի կառուցումը: Չնայած, ըստ նրա, կոնֆլիկտների պատմությունը ցույց է տվել, որ պատն էլ չի արդարացնի:

«Բայց դրա իրականացման համար էլ գլխավորը ոչ թե նյութական միջոցի խնդիրն է, այլ հակառակորդի հետ պետք է խաղաղության պայմանագիր ունենաս, որ հստակ սահմանազատում լինի: Օրական սահմանների համար կռվի եւ պատերազմի մեջ են, ոնց ենք նման պատ կառուցում. մարտական իրավիճակ եւ հրաձգություն»:

Միակ տարբերակն, ըստ Ա. Հովհաննիսյանի, այն է, որ քաղաքացիները պետք է զգոն լինեն եւ լավ տիրապետեն տեղանքին:

 

Back to top button