Նորություններ

Կարմիր Խաչը բանակցում է, Արսեն Խոջոյանի մայրը՝ կարոտով սպասում

Գերության մեջ հայտնված Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ 23-ամյա Արսեն Խոջոյանին տեսակցելու հնարավորություն ձեռք բերելու համար Միջազգային Կարմիր խաչի գրասենյակն արդեն դիմել է ՄԱԿ-ի գրասենյակ, որն էլ դիմել են Բաքվի իշխանություններին: Այս մասին ԳԱԼԱ-ին տեղեկացրեցին Գերիների, պատանդների ու անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովից: «Այս պահի դրությամբ այլ տեղեկություններ չկան: Մեխանիզմն այսպես է. երբ հանդիպեն, մեզ արդեն տեղյակ կպահեն, ու մենք կիմանանք այդ մասին: Առայժմ գործով զբաղվում է Կարմիր խաչը»:

ԿԽՄԿ Հայաստանի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց, որ չնայած արդեն բանակցություններ տարվում են, սակայն դեռ չկան արձագանքներ Բաքվի կողմից. «Ադրբեջանական կողմը դեռ չի արձագանքել. մենք չունենք որևէ ինֆորմացիա այդ առնչությամբ, եթե լիներ, ապա կիմանայինք: Այս պահին չկա, բայց կապը, իհարկե, կա: Եվ հստակ արդեն տեղեկացել ենք, որ նման անձնավորություն պահվում է Բաքվում, և ըստ այդմ էլ մենք մեր կողմից սկսել ենք բանակցությունները»:

Կարմիր խաչից  հավաստիացրեցին, որ իրենք այս պահին կապի մեջ են Ադրբեջանի իշխանությունների հետ և փորձում են այցելության հնարավորություն ձեռք բերել: Գործն առայժմ գտնվում է բանակցությունների փուլում, սակայն կոնկրետ ժամկետներ, թե երբ կավարտվեն, չի նշվում. «Ժամկետներ գոյություն չունեն, գոյություն ունի որքան հնարավոր է արագ ձևաչափ: Մենք էլ դրանով առաջնորդվելով կազմակերպում ենք մեր գործողությունները: Տարբեր դեպքերում տարբեր արագությամբ է դա ստացվում, բայց  ժամկետներ գոյություն չունեն: Մուտքի հնարավորություն ստանալու համար տարբերություն չկա՝ Արսեն Խոջոյանը քաղաքացիական անձ է, թե զինվորական: Այսինքն՝ անձ է, որն ինչ-ինչ պատճառներով հատել է սահմանը, և մենք, կատարելով մեր աշխատանքը, փորձում ենք սեղմ ժամկետներում ստանալ տեսակցելու հնարավորություն»:

Արսեն Խոջոյանի մայրը՝ Տիկին Սվետլանան, մեզ հետ զրույցում նշեց, որ իրենք էլ ոչինչ չգիտեն գործի առնչությամբ, չգիտեն, թե ինչ է կատարվում. «Առայժմ մենք ոչ մի տեղեկություն չունենք, թե ինչ են անում, ինչի են անում, բան չգիտենք: Մենակ գիտենք, որ Կարմիր խաչը զբաղվում ա, ինչ եմ գիտում՝ ով ով ա»:

Տիկին Սվետլանան, չնայած հուզմունքին, պատմեց, որ Արսենն իրենց ընտանիքի առաջին զավակն է, ու ընտանիքի հոգսը հիմնականում նրա ուսերին է. «Իմ շատ լավ տղան ա, ու մեր էս մեծ ընտանիքի հոգսի շատն ինքն ա քաշում: Խելոք տղա է, հոր հետ առավոտից իրիկուն անասնապահություն էր անում: Արսենս առողջական խնդիր չունի, տեսողությունն էլ լավ ա, բայց էտ տեղը, որտեղ իրանք անասուններին տանում են, մառախուղ ա, հիմա էլ ա մառախուղ: Թե ոնց ա մոլորվել, ես չեմ կարա ասեմ, ինչ իմանամ: Վերջին անգամ ամսի 7-ին տենց մեկ անց կեսի կողմերը զանգեց, երեխեքից հարցրեց, դե ոնց միշտ: Միշտ էլ զանգում էր, ես ինչ իմանայի, որ տենց բան կլինի ու էլ իմ Արսենին չեմ տենա»:

Տիկին Սվետլանան նաև հերքեց տարածված այն խոսակցությունները, թե իրենք վերջերս գերությունից վերադարձ Մամիկոն Խոջոյանի հետ ազգակցական կապ ունեն՝ նշելով, որ պարզապես ազգանուններն են նույնը:

Back to top button