«Գերեվարված Արսեն Խոջոյանի ընտանիքը ծանր վիճակում է ապրում․ յոթ երեխա են, մեծն ինքն է»

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ 22-ամյա Արսեն Խոջոյանը, անցնելով Ադրբեջանի հետ սահմանը, գերեվարվել է: ԳԱԼԱ-ի հետ զրույցում Կարմիրաղբյուրի գյուղապետ Կամո Չոբանյանը նշեց, որ վերջին անգամ երիտասարդը երեկ կեսօրին է զրուցել մոր հետ, որից հետո նրա մասին տեղեկություններ այլևս չեն ստացվել․ «Երեկ կեսօրին ինքը մորը զանգել է, հարցրել է՝ ոնց են ու ասել, որ կվերադառնա։ Ինքն էլ հոր հետ է եղել, բայց հերը չի գնացել, մտածել են հերթով մնան անասունների մոտ։ Մենք այսքանը գիտենք՝ ուրիշ որևէ բան ասել ես հիմա չեմ կարող։ Մինչև երեկ երեկոյան փնտրել ենք, բայց արդեն համոզվեցինք, որ գերի է ընկել»։
Գյուղապետի հավաստիացմամբ՝ երիտասարդը ոչխարներին էր տարել և հնարավոր է, որ մոլորվել է, շփոթվել է․ «Խաղողի այգիներ կան ու հնարավոր է՝ դրանց մոտով է հատել։ Հստակ որևէ բան ասել չեմ կարող։ Ինչ վերաբերում է երիտասարդի ընտանիքին, ապա չափազանց ծանր վիճակում են ապրում․ յոթ երեխա են, մեծն ինքն է 22 տարեկան, իսկ փոքրը երեք տարեկան է։ Հանգիստ մարդիկ են՝ հերն էլ, ինքն էլ անասուն են պահում փողով՝ 20-30 հազար դրամի հույսին։ Խելոք երեխա է, համեստ, դաստիարակված ընտանիք են»։
ԳԱԼԱ-ն փորձեց տեղկություններ ճշտել նաև պաշտպանության նախարարությունից, սական ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում նախ ընդգծեց, որ գերին քաղաքացիական անձ է, և ՊՆ-ն իրավասու չէ պատասխանել․ «Գերատեսչություններ կան, որոնք զբաղվելու են այդ հարցերով, բայց ես որևէ բան ասել չեմ կարող։ Երիտասարդը գերության մեջ է»։
Ապա ՊՆ մամուլի խոսնակը անդրադարձավ Հայաստան վերադարձած գերուն՝ Մամիկոն Խոջոյանին՝ հերքելով շրջանառվող բոլոր այն լուրերը, որոնց համաձայն հայ գերին սահմանի վրա փոխարինվել է ադրբեջանցի երիտասարդ գերու հետ․ «Նման բան չի եղել։ Կարմիր Խաչի միջնորդությամբ գերին արդեն Հայաստանում է՝ առանց որևէ սահմանային գերիների փոխարինման»։