Նորություններ

Գերությունից ազատ արձակված Մամիկոն Խոջոյանը հիվանդանոցում է. նա կորցրել է հիշողությունը

Տավուշի սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ 77-ամյա Մամիկոն Խոջոյանը, ում ադրբեջանական կողմն այսօր վերադարձրել է հայկական կողմին, այժմ գտնվում է Իջեւանի բժշկական կենտրոնում: Բժիշկները հետազոտել են գերի ընկած ծերունուն եւ գտել, որ նրա մոտ առողջական լուրջ խնդիրներ կան եւ որ չի կարելի նրան դուրս գրել հիվանդանոցից:

«Ոնց որ մահամերձ, մեռած մարդ, ոչինչ չի հասկանում, ոչ ոքի չի ճանաչում, չգիտի՝ ինչ է կատարվում: Ամբողջ մարմինը կապտուկների մեջ է, ձեռք ու ոտքը կոտրված, գլխին էլ ուդար կար, խելքը լրիվ գցել է»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում այսպես նկարագրեց Մ. Խոջոյանի վիճակը որդին՝ Հայկազ Խոջոյանը, ով նաեւ Արցախյան պատերազմի մասնակից վետերան է:

Հայկազ Խոջոյանը ասաց, որ մի քանի ժամ է, ինչ հանդիպել է հորը, բայց դեռ իրեն չի ճանաչել: «Մինչեւ հիմա տեղը չի բերում: Մենակ քրոջս է ճանաչել»,- ասաց Խոջոյանը:

Հայկազ Խոջոյանը պատմեց, որ նախկինում էլ հայրը առողջական խնդիրներ ուներ եւ հիշողության կանգ, սակայն կարճ էր տեւում:

Հիշեցնենք՝ Մ. Խոջոյանը հունվարի 28-ին Ադրբեջանի սահմանն անցել ու գերի էր ընկել: Հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող ծերունուն ադրբեջանական կողմը սկզբում ներկայացրեց որպես դիվերսանտ:

Back to top button