Մեկնաբանություն

Թեկուզ պոլի փայտ լինի, բայց ղարաբաղցի լինի

Ռեգիոնալ շովինիզմը Հայաստանում արդեն վաղուց վտանգավոր դրսեւորումներ է ունենում: Ընդ որում, այդպիսի տրամադրություններ գեներացնողներն ու արմատավորողը քաղաքական եւ հատկապես իշխանական էլիտան է: Անկախությունից հետո ձեւավորված իշխանական համակարգը Սահմանադրությամբ հռչակված կառավարման համակարգի հետ որեւէ ընդհանրություն չունի: Իշխանությունը Հայաստանում յուրացվում եւ իրացվում է հակասահմանադրական ճանապարհով, որտեղ մեծ դերակատարություն ունեն կլանները: Իշխանության իրացման մեջ կլանային մոտեցումները բնորոշ են պետականությունից զուրկ եւ ցեղային հոգեբանությամբ առաջնորդվող հասարակություններին: Սակայն փորձը ցույց է տալիս, որ պետություն ունենալը դեռեւս երաշխիք չէ, որ այդ երկրի իշխող «էլիտան» այլեւս դադարի առաջնորդվել կլանային կամ ցեղային մոտեցումներով:

Այս առումով բացառիկ անկեղծությամբ է առանձնանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով «Մեդիամաքս»-ին  տված հարցազրույցում բառացիորեն խոստովանում է, որ Հայաստանը կառավարվել եւ կառավարվում է կլանների միջոցով: Իսկ իշխանությունը շուրջ 14 տարի է պատկանում է ռեգիոնալ հիմքի վրա ձեւավորված «Ղարաբաղյան կլան» անունը կրող խմբավորմանը: Իր հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը խոսելով առաջիկա նախագահական ընտրություններին իր չառաջադրվելու պատճառների մասին` մասնավորապես նշել է. «Իշխանության պայքարը երկու ղարաբաղցիների, երկու վաղեմի գործընկերների միջեւ ինձ համար անընդունելի էր. այն բարդ ընտրության իրավիճակ կստեղծեր շատերի համար ու կդառնար տարատեսակ շահարկումների առարկա: Բացի այդ, ինքս եմ ժամանակին առաջարկել գործող նախագահին որպես հաջորդողի, եւ վերընտրվելու նրա ցանկությունը հասկանալի է»:

Փաստացի, Ռոբերտ Քոչարյանը` որպես իշխանության համար մղվող մրցապայքարից հրաժարվելու առաջնային պատճառ, նշում է իր եւ Սերժ Սարգսյանի նույն ռեգիոնալ ծագում ունենալը, այն է` ղարաբաղցի լինելը: Սրանով երկրորդ նախագահը լեգիտիմացնում է «Ղարաբաղյան կլան» ասվածը եւ հաստատում դրա գոյության իրողությունը: Քոչարյանի մտածողությամբ կտրականապես անընդունելի է, որ ռեգիոնալ կլանի հեղինակությունները հրապարակայնորեն վիճարկեն իշխանության պատկանելիությունը: Լավ հասկանալով, որ կլանի առաջնորդների հրապարակային առճակատումը կարող է ներկլանային խնդիրներ առաջացնել, ինչպես ինքն է նշում՝ շատերի համար բարդ ընտրության իրավիճակ կստեղծեր, բնականաբար բարդ ընտրությունը վերաբերվում է կլանի անդամներին եւ ոչ թե քաղաքացիներին:

Այլ կերպ ասած, Ռոբերտ Քոչարյանը ակնարկում է, որ իր առաջադրումով իշխող «Ղարաբաղյան կլանը» կարող էր կանգնել պառակտման եզրին, իսկ ինքն էլ սպասարկելով կլանային շահը՝ պարզապես կանխել է «Ղարաբաղյան կլանի» պառակտումը: Այս անկեղծացումով Ռոբերտ Քոչարյանը ուղղակիորեն խրախուսում է ռեգիոնալ շովինիստական տրամադրությունները: Հիմնականում «Ղարաբաղյան կլանի» գործունեության պատճառով հասարակության մեջ ղարաբաղցիների նկատմամբ բացասական տրամադրությունների գեներացմանը նպաստում են նաեւ Ռոբերտ Քոչարյանը եւ նրա  նման մտածող կլանի այլ անդամներ: Սա խիստ վտանգավոր երեւույթ է, որը միանշանակ կերպով պետք է կասեցվի:

Չի կարելի ասել, որ կլանային կառավարման հիմնադիրը Ռոբերտ Քոչարյանն է, նա պարզապես բյուրեղացրեց իշխելու այդ համակարգը, լավ հասկանալով, որ իր աշխարհայացքով եւ մոտեցումներով երկիրը կարող էր կառավարել միայն կլանային համակարգի միջոցով: Այդ արատավոր համակարգի հիմնադիր նախագահը Լեւոն Տեր-Պետրոսյանն է: Վերջինս, ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի, կլանային իշխանության մոդելը ձեւավորեց ոչ թե ռեգիոնալ, այլ կուսակցական պատկանելության հիմքերի վրա:

Բոլորովին էլ պատահական չէր Տեր-Պետրոսյանի` իշխանության յուրահատկությունը բնորոշող «Թեկուզ պոլի փայտ լինի, բայց ՀՀՇ-ից լինի» արտահայտության ծագումը: Դա գործող քաղաքական էլիտայի փիլիսոփայություն է, երկրի կառավարումը նրանք պատկերացնում են հենց այդ կոնցեպցիայի շրջանակներում: Այժմ Ռոբերտ Քոչարյանը պարզապես այդ հայտնի արտահայտությունը մի փոքր ձեւափոխել է՝ «Թեկուզ պոլի փայտ լինի, բայց ղարաբաղցի լինի»:

 

Դերենիկ Մալխասյան

Back to top button
Close