Մեկնաբանություն

Արքան մերկ է

Հայ ազգային կոնգրեսի շուրջ կրկին ինտրիգային մթնոլորտ է ձեւավորվում: Մեծ հրդեհից հետո ծխացող այդ կառույցի ներսում շարունակում են բռնկումները, որոնք ավելի շուտ հոգեվարքի նշան են: Նախագահական ընտրություններում ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի չառաջադրվելուց եւ ընտրական գործընթացը փաստացի բոյկոտելուց հետո սպասելի էր, որ ՀԱԿ-ում տեղի են ունենալու վերադասավորումներ, որոնք կարող են հանգեցնել ընդհուպ մինչեւ ընդդիմադիր այդ կառույցի դե յուրե վերջնական վերացմանը: Այլեւս ակնհայտ է, որ Կոնգրեսի ներսում սկսվել է իշխանության համար պայքար, որի շրջանակներում վիճարկվում է Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջնորդությունը: Տեւական ժամանակ ՀԱԿ առաջնորդը սեփական թիմակիցների կողմից ներկայացվել է իմաստուն եւ անսխալական գործչի իմիջով, որի որոշումներն ու քայլերը պարզապես չեն վիճարկվում: Եթե նույնիսկ նրա բոլոր թիմակիցները այդպես չեն մտածել, համենայնդեպս այդպես հրապարակավ ներկայացրել են: ՀԱԿ-ը 2013թ. նախագահական ընտրություններից առաջ կանգնեց ճգնաժամի առաջ, եւ պարզ դարձավ, որ 2007թ-ին սկզբնավորված համաժողովրդական շարժման ամբողջ պոտենցիալն ու հնարավորությունները փոշիացված են: ՀԱԿ-ը դարձավ ոչ թե Համաժողովրդական շարժման ինստիտուցիոնալ վերակազմակերպման արդյունքը, այլ շարժման ինստիտուցիոնալ գերեզմանը: Այս իրավիճակում  սկսվեց մեղավորների եւ քավության նոխազների փնտրտուքը: Հանկարծ Լեւոն Տեր-Պետրոսյանի հավատարիմ զինակիցներից շատերը պարզեցին, որ «թագավորը մերկ է», եւ վերջին հինգ տարիների նրա որդեգրած ռազմավարությունը, մեղմ ասած, այդքան էլ իմաստուն չէր:

Կոնգրեսի այն հատվածը, որը ՀԱԿ-ը համարում էր Լեւոն Տեր Պետրոսյանի սեփականությունը, հասկանալով, որ առաջին նախագահի գլխավորությամբ իշխանափոխությունը այլեւս կորսված է, հեռացավ եւ փորձեց քաղաքական արեւի տակ իր տեղը գտնել: Իսկ ընդդիմադիր միավորման այն անդամները, որոնք Կոնգրեսը միանշանակ չեն համարում Լեւոն Տեր-Պետրոսյանի անձնական օգտագործման գործիքը, փորձում են «գահընկեց» անել առաջնորդին եւ տապալել նրա «արքունիքը»: Ամենեւին էլ պատահական չեն Տեր-Պետրոսյանին հավատարմորեն ծառայող եւ նրա ժառանգորդ ընկալվող Լեւոն Զուրաբյանի հրաժարականի վերաբերյալ հայտարարությունները:

Վերջին շրջանում ակտիվորեն քննարկվում է Տեր-Պետրոսյանի «ժառանգորդի» խնդիրը: Իհարկե, անտրամաբանական է, որ ընդդիմադիր միավորման մեջ գոյություն ունի ժառանգորդ ընկալումը: ՀԱԿ-ը հրապարակավ հանդես է գալիս Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների օգտին, սակայն փաստացի այդ կառույցի ներսում Լեւոն Տեր-Պետրոսյանի անձի հետ կապված գոյություն ունի միապետի ընկալում, որը իր «գահը» փոխանցելու է սրան կամ նրան:

Լեւոն Տեր-Պետրոսյանի միապետությունից ձանձրացածները նրան հասկացնում են, որ հեռանալու ժամանակն է: Այսպիսի մոտեցումները Կոնգրեսի ներսում խորքային տարաձայնություններ են առաջացնում, քանի որ հեռանալու եւ միաժամանակ իրեն հավատարիմ մարդկանց ձեռքը Կոնգրեսի ղեկը տալու համար հիմնավոր պատճառներ են անհրաժեշտ: Այդպիսի հիմնավորումներ Տեր-Պետրոսյանը պարզապես չունի, քանի որ նա ՀԱԿ-ի ստեղծման պահից սկսած որեւէ տպավորիչ հաջողության մասին խոսել չի կարող, ավելին` միանձնյա ռազմավարություն վարելու հետեւանքով ՀԱԿ-ը անուղղակիորեն նպաստեց քաղաքական դաշտի ամայացմանը, ինչն էլ հնարավորություն է տալիս Սերժ Սարգսյանին անարգել վերարտադրվել:

Իսկ քանի որ Լեւոն Տեր-Պետրոսյանը դասվում է այն գործիչների շարքին, որոնք ընդունակ չեն խոստովանել սեփական սխալները եւ անհրաժեշտ հետեւություններ անել, հետեւաբար նա եւ իր մերձավոր շրջապատը փորձում են անհաջող կերպով արդարացնել Կոնգրեսի վարած քաղաքականությունը: Երկու ճամբարների միջեւ բանավեճը հասել է գրեթե աբսուրդի մակարդակի, օրինակ մի կողմից մեղադրում են Լեւոն Տեր-Պետրոսյանին իշխանությունների հետ երկխոսելու համար, իսկ ՀԱԿ առաջնորդի մերձավոր շրջապատն էլ իր հերթին մեղադրում է հակառակ կողմին, որ ներկայիս քննադատողները այն ժամանակ  պաշտպանել են երկխոսության ռազմավարությունը եւ նույնիսկ արդարացրել: Երկու կողմն էլ իրավացի են, եւ, ըստ էության, որեւէ մեկը չի ժխտում, որ երկխոսությունը ոչ իմաստուն որոշում է եղել: Ակնհայտ է, որ Կոնգրեսի ղեկավարության հետ կապված Լեւոն Տեր-Պետրոսյանը չի ցանկանում ադեկվատ որոշում կայացնել, ուստի պետք է ինչ-որ ճանապարհ գտնել Կոնգրեսի ներսում գործող «դիսիդենտներին» չեզոքացնելու կամ հեռացնելու համար: Լավագույն ճանապարհը ՀԱԿ-ը կուսակցություն դարձնելն է: Այս դեպքում «դիսիդենտները» ինքնըստինքյան դուրս կման ՀԱԿ կուսակցության շարքերից:

Միանշանակ է, որ ՀԱԿ-ի մնացորդները արմատական ռեկոնստրուկցիայի կարիք են զգում, եւ սա կարելի է հիանալի պատրվակ դարձնել: Պատրվակներից երկրորդը կարող է լինել ինստիտուցիոնալ ճգնաժամը: Հայտարարվում է, որ Կոնգրեսում որոշումները կայացվում են կոնսենսուսի միջոցով, սակայն ԲՀԿ-ի հետ երկխոսելու որոշման հետ կապված ակնհայտ էր, որ կոնսենսուս գոյություն չուներ, այժմ արդեն կոնսենսուս գոյություն չունի  ՀԱԿ-ի ղեկավար կազմի հետ կապված: Ճգնաժամն ակնհայտ է, Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ կոնսենսուսի չգնացողները, ենթադրվում էր, որ պետք է լքեն Կոնգրեսը, սակայն եթե չեն լքում, ապա ի՞նչ ու ինչպե՞ս: Կուսակցությունը միակ ճանապարհն է «գահը» պահելու համար:

Սակայն ՀԱԿ-ում տեղի ունեցող գործընթացները  զուտ կուսակցական եւ անձնական շահերի բավարարմանը միտված երեւույթներ են եւ որեւէ ընդհանուր եզրեր չունեն հասարակական եւ պետական շահի բավարարման հետ:

 

Դերենիկ Մալխասյան

Back to top button
Close