Մեկնաբանություն

ԲՀԿ քաղխորհրդի որոշումը և Սերժ Սարգսյանին սատարելու ցանկությունը

Քանի որ փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների հետ կապված Սերժ Սարգսյանի թիմը առանձնապես զբաղմունք չունի, հետևաբար զբաղված է հետընտրական քաղաքական գործընթացների պլանավորմամբ: Ըստ երևույթին Սերժ Սարգսյանի «ընտանեկան կլանի» համար այս փուլում առաջնային խնդիր է հանդիսանում քաղաքական քիչ թե շատ ազդեցիկ խաղացողների վրա մաքսիմալ վերահսկողության հաստատումը: Այս նախագծի շրջանակներում առաջինը փորձության է ենթարկվում «այլընտրանք» ներկայացող ԲՀԿ-ն: Հազիվ թե Սերժ Սարգսյանին հարկավոր լինի ԲՀԿ-ին կրկին հետ տանել կոալիցիա, առանց այն էլ հանրապետականների համար է նեղվածք իշխանական կերակրատաշտից օգտվելու առումով: ԲՀԿ-ն կոալիցիա խցկելը կարող է որոշակի նպատակ հետապնդել՝ կամ ամբողջովին «փչացնել» այդ կուսակցությունը և նրան դարձնել «օեկ», կամ, ինչը քիչ հավանական է, իշխանությունը 2018թ-ին Ռոբերտ Քոչարյանին փոխանցելու ստվերային պայմանավորվածության դեպքում, որի շրջանակներում ԲՀԿ-ն ծառայելու է որպես Քոչարյանի քաղաքական հենարան:

2012թ. խորհրդարանական ընտրություններից հետո ԲՀԿ-ի կիսաընդդիմադիր կամ «այլընտրանքային» պահվածքը պատճառ հանդիսացավ որոշակի քաղաքական կապիտալի ձեռք բերման համար: Խորհրդարանում 30 տոկոսանոց ներկայությունը և ձեռք բերված քաղաքական կապիտալը՝ ֆինանսական հսկայական ռեսուրսների համադրմամբ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին ինչ-որ մի պահ թույլ տվեցին կարծել, որ նախագահական ընտրությունների ժամանակ պետք է մրցապայքարի մեջ մտնել գործող նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Սակայն ստվերային գործընթացների միջոցով Սերժ Սարգսյանին հաջողվեց անաղմուկ չեզոքացնել Գագիկ Ծառուկյանի ամբիցիաները:

Այնուամենայնիվ, քաղաքական դաշտում նախագահական ընտրությունների հետ կապված պաշտոնական չեզոք դիրքորոշմամբ ԲՀԿ-ն դեռևս շարունակում է մնալ որպես որոշակի ազդեցություն ունեցող գործոն, որը տոտալ կերպով չի վերահսկվում իշխանությունների կողմից: Եթե ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը 2008թ. նախագահական ընտրություններից հետո, ամբողջովին հանձնվելով Սերժ Սարգսյանին, մի քանի ժամվա ընթացքում փոշիացրեց իր քաղաքական կապիտալը, ապա ԲՀԿ-ի պարագայում քաղաքական կապիտալը մաշվում է աստիճանաբար և դանդաղ: Նախագահական ընտրությունների նախընտրական քարոզչության փուլը իշխանությունների համար հարմար առիթ է ԲՀԿ-ի «այլընտրանքային» իմիջը ոչնչացնելու համար:

Թեև ԲՀԿ քաղխորհուրդը որոշում է կայացրել, որ փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների ժամանակ ոչ մի թեկնածուի չի պաշտպանելու, սակայն այդ կուսակցության ոչ շարքային անդամները վերջին օրերին հայտարարում են Սերժ Սարգսյանին սատարելու մասին: Իր քաղաքական հակումների մասին առաջինը հայտարարեց ԲՀԿ փոխնախագահ, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Գյումրու քաղաքապետի օրինակը վարակիչ եղավ, և ընդամենը մեկ օր հետո Սերժ Սարգսյանին սատարելու մասին հայտարարեցին

Սիսիանի ԲՀԿ-ական քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը և Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր, թիվ 33 ընտրատարածքի ԲՀԿ պատասխանատու Վարդևան Գրիգորյանը: Սպասելի է, որ առաջիկայում ևս նման հայտարարություններ դեռ կլինեն: Իշխանությունը ապամրցակցային ընտրությունների պայմաններում Բալասանյանի, Հակոբջանյանի կամ Գրիգորյանի աջակցության կարիքը չի զգում: Հետևաբար նման հայտարարություններ նախաձեռնելով փորձ է արվում ցույց տալ, որ ԲՀԿ-ն այդքան էլ այլընտրանք չէ, և նախորդ ամիսների նրա «ընդդիմադիր» պահվածքը քաղաքական դիվիդենտներ ստանալու նպատակ էր հետապնդում: Չի բացառվում նաև, որ Սերժ Սարգսյանին սատարելու վերաբերյալ հայտարարությունները որոշ դեպքերում ինքնագործունեության հետևանք է և արվում են իշխանություններին հաճոյանալու միջոցով ինչ-ինչ խնդիրներ լուծելու համար:

Սակայն այս մարդիկ ԲՀԿ-ում ոչ երկրորդական գործիչներ են, հետևաբար նրանց դիրքորոշումը էական ազդեցություն է ունենալու այդ կուսակցության «այլընտրանքային» իմիջի վրա: Ուշագրավ է, որ Սամվել Բալասանյանը Սերժ Սարգսյանին սատարելու վերաբերյալ հայտարարությունը հրապարակելուց առաջ տեղյակ է պահել նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին: Սակայն դատելով արձագանքներից՝ այդ որոշման դեմ որևէ հակազդեցություն չի եղել: Այն, որ Սամվել Բալասանյանը անկախ կուսակցական պատկանելությունից միշտ էլ եղել է, այսպես ասած, «իշխանությունների» մարդը, նորություն չէ: Գաղտնիք չէ նաև, որ հենց Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ է նա հայտնվել Գյումրու քաղաքապետի պաշտոնում: Անհասկանալի է, թե ինչպե՞ս իշխանությանը այլընտրանք ներկայացող կուսակցության դե յուրե երկրորդ դեմքը Սերժ Սարգսյանի հավատարիմ մարդն է: Հնարավոր է, որ Գագիկ Ծառուկյանը այդքան համարձակություն չունի ազատվել Սարգսյանի մարդկանցից (այդ դեպքում ինչպե՞ս էր ցանկանում պայքարել Սերժ Սարգսյանի դեմ) և ստիպված մսխում է կուսակցության քաղաքական կապիտալը: Իսկ եթե Ծառուկյանը համարձակության հետ խնդիր չունի Բալասանյանից և նրա տեսակետը պաշտպանողներից ազատվելու առումով, ապա կարելի է ենթադրել, որ որոշ առումով նա ևս կիսում է ԲՀԿ-ի 2012թ. դեկտեմբերի 12-ի քաղխորհրդի որոշումը հաշվի չառնող գործիչների տեսակետները:

 

Դերենիկ Մալխասյան

Back to top button
Close