Մեկնաբանություն

Սարգսյանների մարիոնետային կլանը դասական ավտորիտարիզմի պայմաններում

2013թ. փետրվարի 18-ին Սերժ Սարգսյանի վերարտադրությանը տանող գործընթացը, որը Հայաստանում պայմանականորեն անվանում են ընտրություններ, մինչ այժմ կարծես թե գործող իշխանության համար ընթանում էր առանց գլխացավանքների: Սակայն վերջին շրջանում, հատկապես եվրոպացիների կողմից սկսեցին քննադատություններ հնչել առ այն, որ այս ընտրությունները մրցակցային չեն: Ավելի պարզ ասած՝ այս ընտրություններում ներգրավված թեկնածուները չեն արտահայտում հանրության մեջ առկա տրամադրությունների մեծ մասը: Սերժ Սարգսյանին ոչ մրցակցային ընտրություններ կազմակերպելու մեջ նախ մեղադրեց ԵԽԽՎ նախընտրական պատվիրակությունը, այնուհետև ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Քեթի Լիչը: Այս քննադատությանը ՀՀ իշխանությունները բավականին բուռն արձագանքեցին. նրանք դիտորդական առաքելությանը մեղադրեցին ոչ կոմպետենտության, իսկ Մեծ Բրիտանիայի դեսպանին՝ երկրի ներքին գործերին խառնվելու մեջ: Իշխանությունների բարձրացրած աղմուկը թույլ է տալիս ենթադրել, որ կպել են Սերժ Սարգսյանի բաց ներվին:

Տևական ժամանակ է, ինչ գործող նախագահը փորձում է միջազգային հանրությանը համոզել և ցույց տալ, որ Հայաստանը զարգանում է ժողովրդավարական ճանապարհով: Նման ընկալում ձևավորելու համար ամբողջ իշխանական համակարգը լծված է Հայաստանում իմիտացիոն ժողովրդավարություն ապահովելու գործին, որը ավելի շատ նման է խաբկանքի՝ հեռվից բավականին գեղեցիկ է թվում, սակայն հենց փորձում ես շոշափել, անհետանում է: Սերժ Սարգսյանի կառուցած ժողովրդավարությունը գրեթե ոչնչով չի տարբերվում խաբկանքից: Իշխանությունը վերարտադրելու և պահելու կացնային միջոցները պարզապես փոխարինվել են առավել նուրբ գործիքներով, որոնց արդյունավետությունը բավականին բարձր է: Արդյունքում վարչակարգը վերածվում է ձևով ժողովրդավարականին մոտ, սակայն բովանդակությամբ կլասիկ ավտորիտար համակարգի: Իշխանությունը կենտրոնացած է մեկ անձի կամ մեկ խմբի ձեռքում: Հայաստանում պետական իշխանությունը գերկենտրոնացվել է Սերժ Սարգսյանի «ընտանեկան կլանի» ձեռքում:

Քաղաքագիտության մեջ «Ավտորիտարիզմ» տերմինը սահմանվում է հետևյալ կերպ. «Քաղաքական ռեժիմ, որի հիմքն է հանդիսանում մեկ մարդու կամ մի խումբ մարդկանց դիկտատուրան, որը չեն հանդուրժում իրական քաղաքական ընդդիմության գոյությունը, սակայն միաժամանակ քաղաքական սֆերայից դուրս պահպանում են անհատի և հասարակության ինքնավարությունը»:

Ավտորիտարիզմի բնորոշ հատկանիշներ են համարվում՝

♦Ժողովրդի օտարումը իշխանությունից,

♦Իշխանության կրող է հանդիսանում մեկ մարդ կամ խումբը,

♦Միասնական գաղափարախոսության բացակայություն,

♦Իշխանությունը հենվում է ուժի վրա,

♦Քաղաքականության մենաշնորհում,

♦Ի տարբերություն տոտալիտարիզմի ավտորիտարիզմի դեպքում իշխանությունը հրաժարվում է հասարակության տոտալ վերահսկողությունից,

♦Իշխող էլիտայի ձևավորումը տեղի է ունենում ոչ դեմոկրատական ճանապարհով:

Դասագրքային այս սահմանումները հայկական իրականության հետ համեմատելու դեպքում ակնհայտ է դառնում, որ Սերժ Սարգսյանի և նրա ընտանիքի իշխանությունը ավտորիտար դիկտատուրա է: Պատահական չէ նաև, որ հաճախակի են լսվում «Մեր պայքարը քաղաքական չէ» բնույթի հայտարարություններ: Այսինքն՝ Հայաստանում թույլատրված է զբաղվել գրեթե ամեն ինչով այնքանով, որքանով դա չի խանգարում իշխանությանը և նրա վերարտադրմանը: Հայկական քաղաքական դաշտը ամբողջովին մենաշնորհված և սեփականաշնորհված է իշխանության կողմից: Նույնիսկ իշխանությանը հակադրվող կամ նրա հետ մրցակցող քաղաքական ուժերը բովանդակությամբ և մոտեցումներով գրեթե ոչնչով չեն տարբերվում իշխող «էլիտայից»: Փոփոխությունների միջոցով իշխանության հասնելու նպատակով քաղաքականությամբ զբաղվելու համար գոյություն ունեն բավականին լուրջ խոչընդոտներ: Իշխանությունը քաղաքական դաշտը «ստերիլ» պահելու համար տոտալ կերպով վերահսկում է քաղաքական դաշտում տեղի ունեցող ֆինանսական շարժերը: Բիզնես շրջանակներից դեպի իշխանության համար անցանկալի քաղաքական միավորներ ֆինանսական հոսքերը պատժվում են ամենայն խստությամբ: Իսկ երբ քաղաքական ուժերի համար փակված են անկախ աղբյուրներից ֆինանսավորվելու հնարավորությունները, ապա այդ պարագայում քաղաքական գործընթացներն ու ընտրությունները ոչ մի դեպքում չեն կարող մրցակցային համարվել: Անգամ եթե իշխանության հետ մրցակցում է խոշոր կապիտալի վրա հիմնված ուժ, սա բավարար չէ քաղաքական դաշտը մրցակցային կոչելու համար: Քանի որ հայաստանածին խոշոր կապիտալը ավտորիտար իշխանության ներքո միշտ էլ կասկածելի ծագումնաբանություն ունի, ուստի դրա սեփականատերը ընտրովի արդարադատության համար խոցելի և վերահսկելի է: Իսկ իրական մրցակցության բացակայության դեպքում յուրաքանչյուր ընտրական գործընթաց կարելի է հիանալի անցկացնել: Սովետական Միությունում կթվորուհիները իրենց շրջանից գերագույն խորհրդի պատգամավոր էին ընտրվում խիստ ժողովրդավար ընտրությունների միջոցով, սակայն առանց մրցակիցների:

Այսինքն եվրոպացի դիտորդների և դեսպանների նշած «ոչ մրցակցային ընտրություններ» ասվածը իր մեջ առավել լուրջ մեղադրանք է պարունակում: Փակագծերը բացելու դեպքում կստացվի, որ Սերժ Սարգսյանը մեղադրվում է ավտորիտար դիկտատուրա հաստատելու մեջ: Սա գործող իշխանությունների համար բավականին մտահոգող մեղադրանք է, քանի որ նախ Սերժ Սարգսյանի լեգիտիմության աղբյուրը ոչ թե սեփական ժողովուրդն է, այլ՝ միջազգային հանրությունը, և երկրորդ՝ միջազգային հանրության մոտ լեգիտիմացվելու դիմաց խոստացված են բավականին պատկառելի ֆինանսական միջոցներ: Իսկ լեգիտիմացվելը տեղի է ունենալու լիարժեք ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու միջոցով: Սակայն ժողովրդավարական գործընթացների դեպքում շատ քիչ հավանական է, որ Սերժ Սարգսյանը կկարողանա պահել նախագահի «պոստը», հետևաբար ընտրվել է միջանկյալ տարբերակը. բեմադրվում է ժողովրդավարության իմիտացիա, գումարներ խոստացողները ակնարկում են, որ իրենք շատ լավ հասկանում են, որ Սերժ Սարգսյանը, այսպես ասած, «բլեֆ» է անում: Այստեղ միջազգային հանրությունը Հայաստանի ինքնիշխանության հաշվին խոստանում է աչք փակել բացթողումների վրա, փոխարենը գործող նախագահը դառնում է առավել վերահսկելի և մարիոնետային:

Դերենիկ Մալխասյան

Back to top button
Close