Մեկնաբանություն

Ամեն դեպքում խիարը թարս է բուսնում

Տպավորություն է, որ փետրվարի 18-ի ընտրությունները կանխորոշված են, եւ գործող իշխանությունը, վերընտրվելու հետ կապված, կարծես թե, լուրջ խնդիրներ չունի: Սակայն հատկապես վերջին օրերին Սերժ Սարգսյանը քաղաքացիների հետ հանդիպումների ընթացքում հանպատրաստից ոչ ադեկվատ արտահայտություններ է թույլ տալիս, ինչը կարծելու տեղիք է տալիս, որ ամեն դեպքում գործող իշխանության համար «խիարը այնքան էլ ճիշտ չի բուսնում»: Հասարակության մեջ տիրող ապատիան, անվստահությունն ու հուսալքությունը դարձել են Սերժ Սարգսյանի հիմնական հակառակորդն ու մրցակիցը: Այս երեւույթների դեմ գործող իշխանությունը անօգնական եւ խղճուկ վիճակում է հայտնվել, քանի որ հուսահատության ու անվստահության հետ հնարավոր չէ կուլիսներում պայմանավորվել, կաշառել, վախեցնել կամ դրանց դեմ «անկախ» լրատվամիջոցներով հակաքարոզչություն իրականացնել:

Սերժ Սարգսյանի «ինտելեկտուալ» քարոզչական թիմը պետք է, որ տեղյակ լիներ ժողովրդական իմաստությանը, որ «մախաթը պարկում երկար չի պահվում» եւ չի կարելի, բնության օրենքներին հակառակ, անընդհատ պնդել, որ «մածունը ամեն դեպքում սեւ է»: Նույնիսկ լուրջ մրցակից չունենալու պարագայում հասարակությունը, արհամարհելով ընտրական գործընթացները, հրաժարվում է Սերժ Սարգսյանին օժտել լեգիտիմությամբ: Դատելով Սերժ Սարգսյանի նյարդային եւ ցայտնոտային պահվածքից՝ ընտրողների հետ հանդիպումների ժամանակ, կարելի է ենթադրել, որ վերնախավում եւս հասկանում են, որ հասարակությունը կարող է փետրվարի 18-ին տխուր անակնկալ մատուցել: Այդ անակնկալը կարող է լինել խորը արհամարհանքն ու անվստահությունը ընտրությունների եւ դրա կազմակերպիչների նկատմամբ: Դրանով է պայմանավորված, որ գործող նախագահը ընկճախտային տրամադրությամբ է մասնակցում քարոզարշավին, իսկ նրա քարոզչական թիմը՝ փեսա Միքայել Մինասյանի գլխավորությամբ, գրեթե պարալիզացված է եւ ոչինչ չի կարողանում անել ծաղրական եւ արհամարհական վերաբերմունքը իշխանության նկատմամբ փոխելու համար: Քաղաքացիների հետ Սերժ Սարգսյանի «անկեղծ» շփումները հիմնականում ավարտվում են, ասենք, «Եռաբլուրում տոն խանգարելու» ու «խիարը թարս բուսնեցենելու» մեղադրանքներով, «Չեբուրաշկաներով» կամ Մովսես մարգարեի հետ համեմատություններով:

Գործող նախագահի քարոզարշավի ընթացքում իշխանությանը վարկաբեկող անհեթեթ ու ծիծաղաշարժ միջադեպերը այնքան հաճախակի են դառնում, որ փեսա Միքայել Մինասյանը իր բավականին թանկարժեք լրատվամիջոցներով չի կարողանում փոխել հանրային տրամադրությունները եւ հասարակությանը համոզել` մասնակցություն ցուցաբերել ընտրություններ կոչված միջոցառմանը:

Հավանաբար այդ նպատակին են ծառայում նաեւ Սերժ Սարգսյանի մրցակից թեկնածուների միավորման կոչերը, ինչը կարող է հանրային մոբիլիզացիայի պատրանք ստեղծել եւ հասարակության որոշ մասի մոտ ընտրությունների հետ կապված հույսեր առաջացնել: Այս հանգամանքը կարող է մասնակիորեն լուծել ընտրությունների մասնակցության խնդիրը: Բացի այդ, զուտ մասնակցություն ապահովելու համար գործի կդրվեն նաեւ ԲՀԿ-ականների մարդկային եւ ֆինանսական ռեսուրսները: Ինչքան էլ տպավորություն ստեղծվի, որ Սերժ Սարգսյանը դրա աջակցության կարիքը չունի, այնուամենայնիվ, հանրային ապատիկ տրամադրությունները հուշում են, որ ընտրությունների օրը ընտրազանգվածին ընտրատեղամասեր տեղափոխելու անհրաժեշտություն կա: Այդ գործում ԲՀԿ-ական տեղային «հեղինակությունները» պրոֆեսիոնալներ են: Չի բացառվում նաեւ, որ գործի դրվի ընտրակաշառքի մեխանիզմը` հասարակության լյունպեն զանգվածին ընտրությունների մեջ ներգրավելու համար:

Սակայն ընտրակեղծիքների ավանդական մեխանիզմների գործարկումը կարող է հեղինակազրկել նույն Միքայել Մինասյանին, որի խաղաքարտն է համարվում միջազգային կառույցների հետ «կառուցողական» աշխատանքը` որոշակի խոստումների դիմաց: Առայժմ միակ արդյունավետ քայլը, որ կարող է իշխանությունը անել, դա այն է, որ Սերժ Սարգսյանին հեռու պահեն քաղաքացիների հետ անմիջական շփումներից եւ խորհուրդ տան` առանց գրված տեքստի սեփական մտքերով հասարակության հետ չկիսվել:

Դերենիկ Մալխասյան

Back to top button
Close