Մեկնաբանություն

Բեկումնային կրակոցներ

Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձը կարող է հիմք հանդիսանալ նախընտրական առաջիկա քարոզարշավում որակապես նոր ու անկանխատեսելի զարգացումների, որոնց արդյունքում նախագահի թեկնածուի դեմ ուղղված կրակոցները պայթյունավտանգ ականների կվերածվեն իշխող համակարգի համար:

1801 թվականին Ռուսաստանի կայսր Պավել Առաջինի սպանությունից հետո ֆրանսիական թերթերը գրեցին. «Պետերբուրգում Պավելին ուղղված կրակոցները խոցեցին Նապոլեոնին՝ Փարիզում»: Այս սցենարով կարող ենք նշել, որ Հայրիկյանի դեմ ուղղված կրակոցները խոցելու են Բաղրամյան 26-ը, քանի որ Հայրիկյանի դեմ մահափորձը ամենաբարձր մակարդակով սնանկ դարձրեց իշխանական քարոզչամեքենայի ստեղծած միֆը ապահով Հայաստանի մասին: «Ապահով Հայաստանն» այն առանցքն էր, որի շուրջ կառուցված էր իշխանության թեկնածուի ամբողջ քարոզարշավը, սակայն Հայրիկյանին ուղղված կրակոցները յուրովի խոցեցին իշխանական քարոզչամեքենայի սիրտը: Մահափորձից անմիջապես հետո հայ քաղաքական դաշտի բազմաթիվ ներկայացուցիչներ հանդես եկան դատապարտող հայտարարություններով: Իշխանական թևի ներկայացուցիչները ամենաբարձր մակարդակով Հայրիկյանի կյանքի հանդեպ ոտնձգությունը որակեցին սադրանք և հայկական պետականության և իշխանությունների դեմ ուղղված քայլ, ի դեպ, պետք է նշենք , որ այս հայտարարություններում կա ճշմարտության հատիկ, քանի որ նման շրջադարձը բացարձակ անակնկալ էր և կաթվածի էֆեկտ է առաջացնում իշխանական թևի համար: Մյուս կողմից Հայրիկյանի դեմ մահափորձը դարձավ առկա հայաստանյան իրավիճակի յուրատեսակ հայելին, երբ ոչնչով երաշխավորված չէ հայ քաղաքացու անվտանգությունը: Նման իրավիճակում իշխանության թեկնածուի թիմի համար հակառակն ապացուցելն ու համոզելը դառնում է գրեթե անհաղթահարելի խնդիր:

Մահափորձի փաստն ինքնին հետին պլան է մղում այն կատարողների դրդապատճառներն ու պատվիրատուների անձը` ուղղակիորեն հարվածելով Հայաստանի միջազգային վարկանիշին և պարալիզացման վտանգ ստեղծելով առաջիկա նախընտրական քարոզարշավի համար, բացի այս, կախված Հայրիկյանի ապաքինումից, հնարավոր է ընտրությունները երկու շաբաթով հետաձգելու խնդիր առաջանա: Սա այն ծայրահեղ ազդակն էր, որը կարող է հիմք հանդիսանալ հասարակության բյուրեղացմանն ու քաղաքական ապատիայի (անտարբերության) կարգավիճակից դուրս գալուն: Քաղաքական դաշտում նման անակնկալ շրջադարձերը զարթուցիչի դեր են ունենում հասարակության անգամ ամենաիներտ տարրերի համար:

Այս ասպեկտում արդեն կարող ենք նշել նաեւ, որ իշխանական թևը ամեն կերպ կփորձի քաղաքական դիվիդենտներ շահել: Չնայած բոլոր այն հայտարարություններին, որ Հայրիկյանի դեմ մահափորձն ուղղված էր իշխանությունների դեմ, հարկ է դիտարկել , որ ընտրությունների երկշաբաթյա հետաձգումը իշխանությունների կողմից կօգտագործվի հասարակական իներտությունը հաղթահարելու և ընտրողներին տեղամաս բերելու համար: Մյուս կողմից վերջին օրերին իշխանական թեկնածուի քարոզարշավում տեղ գտած «կիքսերի» ֆոնին Հայրիկյանի դեմ մահափորձը տրամագծորեն շեղեց հասարակական ուշադրությունը, ինչպես նաև պարարտ հող ստեղծվեց առավել ակտիվ քաղաքական պայքարի ծավալման համար, այս իրավիճակը ևս իշխանական թևը ամեն կերպ կփորձի օգտագործել քարոզարշավի վերջին տասնօրյակում թույլ տրված «բացթողումներն» ուղղելու համար:

Նման պայմաններում իշխանությունների կողմից` իրեն «զոհ» և հիմնական տուժողներից մեկը ներկայացնելու փորձը կարող է համոզիչ չլինել:

 

Աղասի Մարգարյան

Back to top button
Close