Մեկնաբանություն

Իշխանության սցենարը

Այսօր կայացած մամլո ասուլիսում Պարույր Հայրիկյանի փաստաբանը լրատվամիջոցներին փոխանցեց, որ Հայրիկյանը ՍԴ չի դիմելու, հետևաբար` նախագահական ընտրությունները կանցկացվեն փետրվարի 18-ին: Հայրիկյանի հայտարարությամբ հանգուցալուծվեց վերջին օրերի ամենաքննարկվող ինտրիգը, ինչը նշանակում է, որ նախընտրական քարոզարշավը վերադարձավ իր բնականոն ընթացքին: Որքան էլ կարող է տարօրինակ թվալ, ներկա հասարակական-քաղաքական դաշտում Հայրիկյանի մահափորձը, բացի հանկարծակիության էֆեկտից, ըստ էության արմատական տեղաշարժեր և բեկումներ չառաջացրեց:

Մահափորձին անմիջապես հաջորդած հայտարարություններում խիստ հավանական էր համարվում ընտրությունների երկու շաբաթով հետաձգումը, սակայն դեռևս Հայրիկյանի պաշտոնական հայտարարությունից առաջ կարծես թե ակնհայտ էր դառնում, որ ընտրությունների ժամկետներում որևէ փոփոխություն չի լինելու: Նման պայմաններում բավական յուրատեսակ կեցվածք ընդունեցին որոշ քաղաքական ուժեր, որոնք պարտադիր էին համարում ընտրությունների հետաձգումը՝ գրեթե բացահայտ կոչ անելով Հայրիկյանին՝ դիմել ՍԴ: Դժվար է ասել, թե ինչ կտար ընդդիմադիր ուժերին քարոզարշավի հավելյալ երկու շաբաթը, սակայն մյուս կողմից դա կարող էր վնասել իշխանական թևին: Կարծես թե արդեն գաղտնիք չէր իշխանության թեկնածուի բավական նյարդային վիճակն ու հոգնածությունը, որը շարունակական լարված քարոզարշավի պայմաններում կարող էր բերել վտանգավոր զարգացումների:

Թերևս սա է քիչ թե շատ հիմնավորում ընդդիմադիր որոշ ուժերի կողմից ընտրությունները հետաձգելու պահանջը: Սակայն ամեն ինչ կարծես թե արդեն հստակ է, և այս ուղղությամբ այլևս նպատակահարմար չէ որևէ գնահատական տալը: Ստեղծված իրավիճակը թույլ է տալիս կանխատեսել որոշ հնարավոր զարգացումներ: Նախ և առաջ նշենք, որ չնայած Հայրիկյանի հանդեպ մահափորձը բավական աշխույժ աժիոտաժ առաջացրեց, սակայն դրանից հետո ծավալված իրադարձություններն ի չիք դարձրին ենթադրությունները, որ Հայրիկյանի վարկանիշը կտրուկ աճ կգրանցի: Մահափորձի հետ կապված բացահայտումների և պաշտոնական որևէ վարկածի բացակայությունը հիմք դարձավ զանազան տեսակետների առաջացման համար, որոնք չնայած հաճախ աբսուրդային լինելուն, որոշակի տրամադրություններ էին ստեղծում` բնավ չբխելով Հայրիկյանի շահերից: Չի բացառվում, որ նման պայմաններում մենք ականատես լինենք տրամագծորեն հակառակ երևույթին` Հայրիկյանի վարկանիշի անկմանը: Քաղաքական դաշտի բոլոր ֆիգուրների համար պարզից էլ պարզ էր, որ Հայրիկյանի վարկանիշը բոլոր դեպքերում իշխանական թևի համար լուրջ անհանգստություն չի առաջացնում, և այս պարագայում տուժողը դառնում է միայն Հայրիկյանը: Իհարկե, ակնհայտ է` Հայրիկյանի թիմը մահափորձը կօգտագործի PR-ի համար, սակայն դրա արդյունքները խիստ կասկածելի են, քանի որ մահափորձը տեղիք տվեց նաև «հակաPR-ի», բացի այս, բնականաբար Հայրիկյանի մահափորձն օգտագործվելու է քաղաքական դաշտի բոլոր խաղացողների կողմից: Հայրիկյանի մահափորձին հաջորդած հարաբերական անդորրը իշխանական ճամբարում խմբագրումների հնարավորություն տվեց, ինչի արդյունքները ակնհայտ երևում են Արարատի մարզում Սերժ Սարգսյանի հանդիպումից: Տեքստային առումով իշխանության թեկնածուի ելույթը որոշ վերապահումներով կարող էր վերագրվել ընդդիմադիր դաշտին: Բավական նրբորեն Սերժ Սարգսյանի խոսքում շեշտադրումներ էին արվում առկա բացասական երևույթների վերացման ու չարված գործերի վրա: Թերևս կարող ենք նշել, որ գործող նախագահի թիմը զգաց, որ քարոզչական ֆարսի մեթոդը գործուն միջոց չէ հանրության աչքերին «թոզ փչելու» համար: Այս տեսանկյունից հատկանշական էր նաև այն, որ Սերժ Սարգսյանի նախընտրական տեսահոլովակից հանվեցին այն կադրերը, որոնք քաղաքացիական ակտիվիստների (այդ թվում՝ թեկնածու Անդրիաս Ղուկասյանի) հաջողությունները`համակարգի դեմ պայքարում, վերագրվում էին Սերժ Սարգսյանին: Ներկայումս, համենայնդեպս հեռուստաեթերով, թողարկվում է տեսահոլովակի խմբագրված տարբերակը: Ընդդիմադիր դաշտի համար Հայրիկյանի դեմ մահափորձը «կենտրոնախույս» գործոնի դերակատարություն ունեցավ`գրեթե բացառելով ընդդիմության կողմից միասնական թեկնածուով հանդես գալու հնարավորությունը: Ստեղծված իրավիճակում բնականաբար Հայրիկյանը ի վիճակի չէ հանել իր թեկնածությունը, որը կարող է հանրային կարծիքի կողմից գնահատվել «վախկոտություն» կամ գործարք իշխանությունների հետ: Ի դեպ նշենք, որ ընտրությունները չհետաձգելու կապակցությամբ զանազան ամբիոններից արդեն հնչում են նման տեսակետներ:

Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանին և Հրանտ Բագրատյանին, ապա նրանց կողմից հօգուտ Հայրիկյանի իրենց թեկնածությունը հանելը իրատեսական չէ: Ամփոփելով նշենք, ստեղծված իրավիճակում «նախաձեռնությունը իշխանության կողմն է», և քաղաքական դաշտում անակնկալ զարգացումների բացակայության դեպքում ամեն ինչ ընթանալու է իշխանական սցենարով:

 

Աղասի Մարգարյան

Back to top button
Close