Մեկնաբանություն

Նախագահի թեկնածուների «ինստիտուտը» և ավտորիտար վարչակարգը

Հայաստանում առկա ավտորիտար վարչակարգը իր «կայացման» տարբեր փուլերում հասավ նրան, որ հանրային գիտակցության մեջ, կարելի է ասել, բացառվեց իշխանափոխության կամ համակարգային փոփոխության հանդեպ հավատը: Այս գործընթացի անբաժան մասն է նախագահի թեկնածու առաջադրվող անձանց հանդեպ վստահության անկումը: 1998 թվականի նախագահական ընտրություններից հետո իշխանական շրջանակների անմիջական միջամտությամբ և հովանավորող լռությամբ, Հայաստանում անցկացվող ընտրական գործընթացներում ի հայտ եկան երևույթներ, որոնք ուղղակիորեն և անուղղակիորեն բերեցին նախագահի թեկնածուների «ինստիտուտի» հեղինակազրկմանը: 2003թ.-ի  նախագահական ընտրություններում իրենց թեկնածությունը դրեցին հասարակությանը հայտնի և անհայտ գործիչներ (Ռուբեն Ավագյան, Արամ Հարությունյան, Պետրոս Մակեյան, Արամ Գասպարի Սարգսյան և այլոք), որոնց ընտրվելու շանսերը զրոյական էին: Ակնհայտ էր, որ թեկանծուներից ոմանք պարզապես իշխանական պրոյեկտ էին, ոմանք ցանկանում էին ինչ-որ բան պոկել գործող և վերարտադրվող իշխանությունից, ոմանք, կարելի է ասել, առաջադրվել էին անհայտ պատճառներով: Այսօրինակ իրավիճակում արդեն նախագահի ընտրության գործընթացը վերածվում էր  կարծես հասարակ առուծախի, ինչը հանրության կողմից նկատելի էր դառնում կամ նախընտրական քարոզարշավի ընթացքում, կամ հետընտրական զարգացումներից: Նման իրավիճակը, բնականաբար, առաջացնում էր կասկած անխտիր բոլոր թեկնածուների նկատմամբ: Հայ քաղաքական դաշտում հայտնվեցին «նախագահի թեկնածու» քաղաքական գործիչներ, որոնց մասին խոսվում էր միայն ընտրությունից ընտրություն:

Նմանօրինակ թեկնածուները ընտրական պրոցեսներում իրենց վրա էին հրավիրում հասարակության ինչ-որ մասի ուշադրությունը`հանդես գալով փսևդոընդդիմության դիրքերից` միևնույն ժամանակ «ջուր լցնելով իշխանության ջրաղացին»: Այսօրինակ դերակատարություն ունեցավ 2008 թվականի ընտրություններում  Արտաշես Գեղամյանը, ով ամբողջ քարոզարշավի ընթացքում զբաղվեց միայն Լևոն Տեր-Պետրոսյանի հակաքարոզով: Ավելին, հայ քաղաքական դաշտում հայտնվեցին նաև իշխանական պրոյեկտ հանդիսացող քաղաքական ուժեր` ընդդիմադիր (փսևդո) կեցվածքով (Օրինաց երկիր, ԲՀԿ և այլն)`«մոլորության» մեջ գցելով հասարակական ստվար զանգվածների: Ստեղծված պայմաններում ընտրական գործընթացների հանդեպ վստահության պակասը արդեն բխում էր ոչ միայն իշխանությունների ավտորիտար բնույթից, այլև այդ գործընթացներին մասնակից ուժերի կեցվածքից: Այս տեսանկյունից առաջիկա ընտրությունները ևս բացառություն չեն կազմում: Նախագահի թեկնածուներից շատերի առաջադրումը, մեղմ ասած, նմանվում է «քմահաճույքի»` բնականաբար բերելով բոլոր թեկնածուների հանդեպ հիմնավորված և անհիմն կասկածների: Այստեղ կա նաև մեկ այլ ասպեկտ` նախագահի թեկնածուների ստեղծած «գորշ» ֆոնին իշխանության թեկնածուն ենթագիտակցորեն ընկալվում է որպես «չարյաց փոքրագույն»:

Այս տեսանկյունից տպավորություն է ստեղծվում, որ թեկնածուներից ոմանք առաջադրվել են նախագահի թեկնածուների նկատմամբ անլուրջ վերաբերմունք «ապահովելու» համար: Նախագահի թեկնածուների «ինստիտուտի» հեղինակազրկման պայմաններում արդեն քաղաքական, հասարակական շրջանակների կողմից կարող են անուշադրության և թերահավատ վերաբերմունքի արժանանալ իրադարձություններ, որոնք որակապես նոր իրողություններ են հայ քաղաքական մշակույթում: Որպես մասնավոր դեպք կարող ենք առանձնացնել Անդրիաս Ղուկասյանի հացադուլը, որը թվում է, թե անուշադրության է մատնված հասարակական լայն զանգվածների կողմից և անգամ առաջ է բերում ցինիզմի հասնող արձագանքներ: Սակայն գործչի քաղաքացիական կամքն ու զուտ մարդկային համարձակությունը ինչ-որ մի պահի կարող են որոշիչ գործոն դառնալ` լուրջ վտանգներ առաջացնելով վարչակարգի համար: Ղուկասյանի առողջական վիճակի վատացումը ուղիղ համեմատական կարող է դառնալ իշխանական ճամբարում խուճապի առաջացմանը` անկանխատեսելի հետևանքներով, միաժամանակ Անդրիաս Ղուկասյանի օրինակը կարող է հող նախապատրաստել «նախագահի թեկնածու» երևույթի նկատմամբ որոշակի վստահության առաջացմանը:

Սակայն ներկա իրավիճակում չշտապենք տուրք տալ կանխատեսումներին` նկատի ունենալով այն, որ իշխանությունների վերարտադրությունը ենթադրող «հաշտ ու խաղաղ» ընտրությունները աչքի են ընկնում անակնկալ ֆորս մաժորներով:

Աղասի Մարգարյան

Back to top button
Close