Մեկնաբանություն

Ընտրությունների օրը «առուծախի» առարկա՞

Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձից, կարծես թե, ամենաշատը շահած են դուրս գալիս իշխանությունները, իսկ «ամենատուժած»` քաղաքականության տեսանկյունից, հենց Պարույր Հայրիկյանը: Մինչդեռ իրականում պետք է լիներ հակառակը: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ նմանատիպ իրավիճակներում  ոտնձգության թիրախ դարձած քաղաքական գործիչը վարկանիշային աճ է գրանցում իր հաշվին և հետագա քայլերով փորձում պահպանել ռեյտինգային վերելքը և կատարվածը ծառայեցնել իր շահերին: Սակայն առկա իրավիճակում մենք ականատես ենք լինում բավական երկիմաստ երևույթների: Նախ տասը օր շարունակ ամբողջ լրատվական դաշտի ուշադրությունը սևեռված է Հայրիկյանի վրա, և իր հերթին Հայրիկյանն անում է ամեն ինչ` տեղեկատվական դաշտի կենտրոնում գտնվելու համար, ինչի հետևանքներում  փորձենք առանձնացնել առավել կարևոր երկուսը:

Լրատվական և քաղաքական դաշտում գրեթե արհեստական կիզակետի ստեղծումը շեղում է հանրային ուշադրությունը և՛ ընդդիմադիր թեկնածուների ծավալած քարոզարշավից, և՛ իշխանության թեկնածուից: Այստեղ արդեն պետք է նշենք` եթե իշխանության թեկանծուին մեծապես ձեռնտու է ստվերում գտնվելը, ապա ընդդիմադիր թեկնածուներին դա կարող է անդառնալի վնասներ հասցնել: Իշխանության թեկնածուի՝ բազմիցս արդեն նշված քարոզարշավային ձախողումները (հունվարի 31-ից առաջ) շարունակվեցին նաև Հայրիկյանի դեմ կատարված մահափորձից հետո, սակայն հասկանալի պատճառներով հանրության կողմից չարժանացան համապատասխան ուշադրության, անգամ օրերս կազմակերպված երթի մասնակիցների և ոստիկանության բախումը մթագնեց Հայրիկյանի հերթական՝ սենսացիոն թվացող հայտարարությամբ: Թվում էր՝ Հայրիկյանը կարող է մինչև ընտրությունների օրը չկողմնորոշվել` ցանկանո՞ւմ է ինքը հետաձգել ընտրությունները, թե՞ ոչ: Նմանօրինակ երկիմաստ պահվածքը բնականաբար տեղիք էր տալիս բազմաթիվ կասկածների, որոնց առկայությունը ի չիք է դարձնում մահափորձից հետո Հայրիկյանի արձանագրած ռեյտինգային վերելքը: Հայրիկյանի՝ վերապահումներով հայտարարությունները ՍԴ դիմելու հետ կապված, ենթադրելու տեղիք էր տալիս, որ Հայրիկյանը անընդհատ ինչ-որ նահանջի  և համագործակցության ուղիներ է թողնում` անհասկանալի է (կամ հասկանալի է), թե ում հետ: Ասվածի վառ ապացույցն է ՍԴ դիմելու հարցով Հայրիկյանի պարզաբանումը, ըստ որի նշվում էր, որ իրենք դիմելու են ՍԴ, սակայն պայմանով, որ ցանկացած պահի կարողանան փոխել իրենց որոշումը: Այս հայտարարությունից հետո ստացվում էր, որ ընտրությունների  օրը փոխել-չփոխելը «խաղուպար է» կամ ավելի վատ` «առուծախի»  առարկա: Հենց այս սցենարով էլ շարունակվեց Հայրիկյանի կողմից ՍԴ դիմելու և ապա` դիմումը հետ վերցնելու գործընթացը:

Մինչ ՍԴ դիմելը, գործող նախագահ, Հանրապետական կուսակցության թեկնածու Սերժ Սարգսյանը այցելեց Պարույր Հայրիկյանին: Հայրիկյանի փաստաբանի փոխանցմամբ` զրույցն ընթացել է բացառապես Հայրիկյանի առողջության  շուրջ, սակայն հետագա գործընթացները կարող են որոշակի կասկածների տեղիք տալ, անգամ նման հիմքերի բացակայության դեպքում: Հարկ է նշել, որ Հայրիկյանի գործելաոճն ինքնին  բավական տարօրինակ է. ընտրությունների հետաձգման պահանջ ներկայացնելով՝ Հայրիկյանը բավական հստակ նշել էր, որ դիմումը հետ կվերցնի, եթե ընդդիմությունը հանդես գա միասնական թեկնածուով: Նման հիմնավորումը, հիրավի, տրամաբանական է և հասկանալի: Սակայն ժամերի տարբերությամբ Հայրիկյանը հետ վերցրեց իր դիմումը՝ նշելով, որ հնարավորություն չի տա որևէ ուժի վտանգել ընտրական, ժողովրդավարական գործընթացները Հայաստանում:

Այս պարագայում արդեն պետք է խոստովանենք, որ Հայրիկյանի նման բազմափորձ քաղաքական գործչի կողմից իր դիմումը հետ վերցնելու նման հիմնավորումը գրեթե ոչինչ չի ասում՝ մանավանդ որ հենց ժողովրդավարական գործընթացների շահերից է բխում, որպեսզի նախագահի թեկնածուն, իր դեմ կատարված մահափորձի հետևանքով տասը օր զրկված լինելով ակտիվ քարոզարշավ կատարելու հնարավորությունից, ունենա հավելյալ երկու շաբաթ՝ կորցրածը հետ բերելու համար:

Աղասի Մարգարյան

Back to top button
Close