Նախընտրական «աջափսանդալ»

Նախագահի թեկնածուներից ոմանց առկայությունը քաղաքական դաշտում և նրանց գլխավոր դերակատարությամբ ինֆորմացիոն տեռորի իրականացումը՝ գրեթե ամբողջությամբ իշխանությունների կողմից ուղղորդվող լրատվամիջոցների կողմից, զգացողություն է առաջացնում, որ այս ամենը վաղօրոք ծրագրված բեմականացում է, որի ռեժիսորը բավական կանխատեսելի է: Նախընտրական քարոզարշավի գործընթացը համակարգված և ուղղորդված կերպով ընդունում է շոուի բնույթ՝ հստակ դերակատարներով: Առանձնապես մեծ խորաթափանցություն անհրաժեշտ չէ՝ հասկանալու համար, թե ինչ ուղղությամբ են զարգանում իրադարձությունները: Նախընտրական ներկայացման դեբյուտը ազդարարվեց հունվարի 31-ին՝ Հայրիկյանի վրա արձակված կրակոցներով: Որքան էլ «զարմանալի է»՝ հենց այն պահին, երբ իշխանական քարոզչամեքենան սկսել էր խոտան արտադրել, Հայրիկյանի հետ կապված միջադեպը կտրականապես փոխեց հանրային ուշադրության ծանրության կենտրոնը:
Խուսափելով այս իրադարձությանը որևէ գնահատական տալուց՝ պետք է արձանագրենք, որ Հայրիկյանը միայն իրեն հայտնի պատճառներով տասը օր շարունակ բավական ակտիվ պահեց իր անձի շուրջ ստեղծված ինտրիգը, որի հանգուցալուծումը, թվում է, թե նախընտրական գործընթացները կվերադարձներ բնականոն հուն: Սակայն վերջին երկու օրերին մամուլում և այլ լրատվամիջոցներում առկա լրատվության չափաքանակը և ուղղվածությունը կարծես թե «Հայրիկյանի գործի» բնականոն շարունակությունը լինեն: Միայն այս տրամաբանության մեջ է տեղավորվում նախագահի մեկ այլ թեկնածուի՝ Վարդան Սեդրակյանի շուրջ քայլ առ քայլ հյուսվող ինտրիգը: Տպավորությունն այնպիսին է, որ հանրությանը մատուցվող լրատվության մեջ անընդհատ փորձ է արվում ստեղծել կեղծ սենսացիաների էֆեկտ՝ հետին պլան մղելով բուն նախընտրական գործընթացները: Եթե նկատի ունենանք նաև, որ Սեդրակյանը քաղաքական պայքարի մեջ մտավ տրամաբանության մեջ չտեղավորվող դրդապատճառներով և ինտրիգային հայտարարություններով, ապա կարող ենք ասել, որ առաջիկայում նա Հայրիկյանից ոչ պակաս ջանքեր է գործադրելու ուշադրության կենտրոնում գտնվելու համար: Դեպքերի զարգացման նման սցենարի հաջողությունը, սակայն, բավական կասկածելի է, քանզի անհամեմատելի են Հայրիկյանի և Սեդրակյանի քաղաքական կշիռները. ի լրումն սրա՝ վերջին շրջանում Հայրիկյանի հակասական քայլերի ու հայտարարությունների հետևանքով զգալիորեն նվազել է հետաքրքրությունը Հայրիկյանի նկատմամբ:
Առկա պայմաններում, եթե անգամ հայտարարվի, որ Սեդրակյանը կազմակերպել է մահափորձ կամ նախապատրաստել պետական հեղաշրջում, բնական է՝ լուրջ չի ընկալվի, առավել ևս, որ հասարակական տարբեր խմբերում ընդհանրապես կասկածի տակ է դրվում մահափորձի փաստը: Այս կապակցությամբ բավական հետաքրքիր է Հայրիկյանի բռնած դիրքը, ով կասկածյալների ձերբակալումից հետո կարծես թե բոլորովին չի հետաքրքրվում գործի ընթացքով: Մյուս կողմից ծիծաղաշարժ են դառնում իշխանության բազմաթիվ ներկայացուցիչների հայտարարություններն այն մասին, որ ոտնձգություն է կատարվել հայոց պետականության և հայկական իշխանությունների դեմ:
Աղասի Մարգարյան