Մեկնաբանություն

«Ապահով»-իչ ընտրություններ

Կոմկուսի Ստեփանակերտի քաղկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի նախկին վարիչ, ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նյարդերը ընտրություններից ընդամենը մի քանի օր առաջ վերջնականապես տեղի տվեցին: Աջ ու ձախ ժողովրդավարության, արդարության մասին բառերի կույտ շաղ տվող ՀՀԿ առաջնորդը հատկապես Շիրակի մարզում է նախաձեռնել ընտրությունները այլանդակելու մասսայական միջոցառում: Դատելով ԳԱԼԱ հեռուստաընկերության ստացած հեռախոսազանգերից և տեղեկություններից՝ օրինակ ընտրակաշառք բաժանվում է մասսայաբար և անխնա:

Ոչ մրցակցային ընտրությունների պարագայում, երբ թեկնածուներից որևէ մեկը գոնե ռեսուրսների տեսանկյունից լուրջ մրցակից չէ Սերժ Սարգսյանին, պետք է որ նման ծավալի ընտրակեղծարարությամբ չզբաղվեին: Սակայն մի կողմից Սերժ Սարգսյանի կոմսոմոլ էությունը, մյուս կողմից՝ Շիրակի մարզի հետ կապված մի շարք նրբերանգներ թույլ են տալիս արձանագրել, որ առանց ընտրակաշառք բաժանելու և ընտրակեղծարարության ՀՀԿ առաջնորդը Շիրակի մարզում և հատկապես հանրապետության երկրորդ քաղաքում խայտառակ պարտություն է կրելու: Սակայն հազիվ թե ընտրակաշառք բաժանելով իրավիճակը փրկվի և Սերժ Սարգսյանին հաջողվի Գյումրիում սրտի ուզածի չափ տոկոսներ «խփել»:

Ավանդաբար իշխանամետ քաղաքի համբավ ունեցող Գյումրիում իրավիճակը փոխվեց 2007թ-ի խորհրդարանական ընտրություններից սկսած: Այդ ընտրություններում Սերժ Սարգսյանի առաջնորդած ՀՀԿ-ն ամենևին էլ տպավորիչ տոկոսներ «չխփեց» Գյումրիում, ասել է թե «խիյարը սկսեց թարս բուսնել»: Այն, որ Գյումրին այլևս մեծ հաշվով դուրս է եկել կենտրոնական իշխանությունների ազդեցությունից, առավել քան ցայտուն կերպով երևաց 2008թ-ի նախագահական ընտրությունների ժամանակ: Ընդդիմության բարձրացրած դժգոհության մեծ ալիքի ֆոնին ԳԱԼԱ հեռուստաընկերության անկախ գործունեությունը և իշխանությունների ոչ ադեկվատ պահվածքը հեռուստաընկերության նկատմամբ հանգեցրեց այն բանին, որ 2008թ-ի փետրվարի 18-ի իշխանության թեկնածու Սերժ Սարգսյանը, կարելի է ասել, խայտառակ պարտություն կրեց Գյումրիում: Չօգնեցին նաև աննախադեպ ընտրակեղծիքներն ու միլիոնավոր դոլարների հասնող բաժանված ընտրակաշառքը:

Չնայած այս ամենին՝ Սերժ Սարգսյանը մարտի 1-ի տասը զոհերի գնով մի կերպ տեղավորվեց Բաղրամյան 26 հասցեում: Սակայն նրա պաշտոնավարման 5 տարիների ընթացքում իրավիճակը որևէ կերպ չփոխվեց, ավելին, 2012թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ հանրապետության երկրորդ քաղաքում Հանրապետական կուսակցությունը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ արդեն պաշտոնապես ջախջախվեց՝ զբաղեցնելով պատվավոր 2-րդ հորիզոնականը: Հավանաբար նախորդ ընտրությունների փորձը և Գյումրիում ուժերի դասավորվածությունը հաշվի առնելով՝ Սերժ Սարգսյանի ինքնագնահատականն այնքան է ընկել, և իշխանությունը այնպիսի ընկճախտային տրամադրության մեջ է, որ հրահանգվել է ամեն ինչ անել, որպեսզի «խիյարը թարս չբուսնի», ու գոնե մի 60 տոկոս «խփեն»:

Գյումրիում տապալվելու հեռանկարից խուսափելու համար ՀՀԿ առաջնորդին քծնողների մեծ բանակը ևս շահագրգռված է, որ իրենց «թագավորը» գոնե այս անգամ չխայտառակվի: Հետևաբար կենտրոնից ստացված ֆինանսական հոսքերի միջոցով տեղական մասշտաբի մանկլավիկները զբաղված են ընտրակեղծարարությամբ և ընտրակաշառք բաժանելով:

Մի կողմից Սերժ Սարգսյանի ամեն գնով Գյումրիում «տոկոսներ խփելու» և «թարս բուսնած խիյարի» չհանդիպելու ձգտումը, մյուս կողմից՝ տեղական իշխանիկների ստորաքարշությունը հանգեցրել են այն բանին, որ նախագահական ընտրություններից երեք օր առաջ Գյումրին պարզապես թաթախվել է ընտրակաշառքի մեջ: Առնվազն Գյումրու մասշտաբով ի չիք է դառնում քարոզչական այն թեզը, որ այս ընտրությունները լինելու են աննախադեպ ժողովրդավարական: Այժմ եվրակառույցների և եվրադիտորդների հետ «գործ դասավորելով» զբաղվող փեսա Միքայել Մինասյանին բավականին դժվար է լինելու միջազգային կառույցներին համոզիչ կերպով բացատրել, թե ինչու են հանրապետության երկրորդ քաղաքում պղծում հասարակությանն ու ընտրական գործընթացները:

Ամենայն հավանականությամբ Գյումրիում արձանագրվող խայտառակությունը որևէ կերպ չի ազդելու եվրադիտորդների նախապես պատրաստված զեկույցի բովանդակության վրա: Ի վերջո եվրոպական համապատասխան կառույցները, որոնք միլիոնավոր դոլարներ են ծախսում Հայաստանը և մասնավորապես Սերժ Սարգսյանին «դեմոկրատացնելու» վրա, պետք է իրենց երկրների հարկատուներին հաշվետվություն ներկայացնեն արդյունքների մասին: Բնականաբար նրանք չեն կարող արձանագրել, որ իրենց իսկ կողմից լեգիտիմացված Սերժ Սարգսյանը շարունակում է ընտրություններ կեղծել, իսկ իբր Հայաստանի ժողովրդավարացման նպատակով հիմնականում Միքայել Մինասյանի վերահսկողությամբ Հայաստան մտնող միլիոնավոր դոլարները ուղղակի փոշիացվել են:

Հ.Գ. Սերժ Սարգսյանի և նրա քարոզչական թիմի մառազմն ու ցինիզմը հասել են այն աստիճանի, որ ՀՀԿ առաջնորդը իրեն թույլ է տալիս այսպիսի բովանդակությամբ տեքստ արտաբերել.

«Եթե դուք անտարբեր դառնաք ու հանձնվեք այն գաղափարին, որն այսօր հնչում է ավելի կատաղի, քան երբևէ, թե՝ ձեր ձայնը բացարձակապես ոչ մի նշանակություն չունի, որ դուք ոչինչ չեք որոշում, որ ձեր ձայնն արժեք չունի, ապա ձեր լռությունը անպայման կլրացնեն այլ ձայներ՝ նրանց ձայները, ովքեր տարիներ շարունակ ամեն ինչ արել են, որպեսզի Հայաստանը դառնա պղտոր ճահիճ, որ ամեն բան մնա անփոփոխ այս երկնքի տակ՝ հանուն սեփական նեղ խմբակային ու անձնական շահի: Նրանց ձայնը, ովքեր տարիներ շարունակ հաշվի չեն առել ձեր ձայնը, խլել են ձեր ապագան և արել ամեն բան, որ ընտրությունը չլինի ձերը, այլ ուրիշինը, որ ընտրվածը չլինի ձեր ընտրյալը: Նրանք, ովքեր սովոր են ամեն ինչ գնել, ինչ ցանկանում են ունենալ, նրանք, ովքեր պատրաստ են խլել այն, ինչ չեն կարողանում գնել, և նաև նրանք, ովքեր իրենց օրվա հացը վաստակում են այս իմ նշածների՝ առաջինների շահերը պաշտպանելով», — ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյան:

Դերենիկ Մալխասյան

Back to top button
Close