Մեկնաբանություն

Րաֆֆին պարտավոր է ընդունել ճակատամարտը

Իրենց արդյունքներով աննախադեպ եւ անակնկալ նախագահական ընտրություններից հետո, Հայաստանում ստեղծվել է աննախադեպ քաղաքական իրավիճակ, որը ինչքանով նման է մյուս բոլոր նախագահական ընտրությունների հետընտրական իրավիճակներին, այդքանով էլ տարբեր է: Այս անգամ չկա երրորդ տեղը զբաղեցրած թեկնածուի դիրքորոշման խնդիրը, որը կարող է փոխել քաղաքական զարգացումների ընթացքը՝ ինչպես դա տեղի ունեցավ 2003թ. եւ 2008թ: Այժմ ամեն ինչ կախված է պաշտոնական արդյունքներով երկրորդ տեղը զբաղեցրած Րաֆֆի Հովհաննիսյանից:

Այս գործիչը երկու ճանապարհ ունի՝ կամ ընդունել Սերժ Սարգսյանի նետած ձեռնոցը եւ «Ճակատամարտ» տալ, կամ «արժանապատվորեն սեղմել» Սերժ Սարգսյանի մեկնած ձեռքը:

Րաֆֆի Հովհաննիսյանի վերջնական որոշման վրա ազդում են բազմաթիվ գործոններ, որոնցից ամենակարեւորներն են՝ նրա վճռականությունը, հասարակության ակտիվության ցուցանիշը, քաղաքական դաշտի քիչ թե շատ ազդեցիկ ուժերի դիրքորոշումը եւ միջազգային հանրության վերաբերմունքը:

Անձնական հատկանիշների առումով, Րաֆֆի Հովհաննիսյանը բավականին անկանխատեսելի գործիչ է եւ քաղաքական շրջանակներում կասկածամտորեն են վերաբերվում նրա վճռականությանն ու անկեղծությանը: Հասարակությունը եւս կարիք ունի համոզվելու, թե որքանո՞վ է Րաֆֆի Հովհաննիսյանը անկեղծ ու վճռական իր պայքարի մեջ: Հետեւաբար, «Ժառանգության» առաջնորդի հիմնական խնդիրն է այս փուլում ապացուցել, որ տրամադրված է վճռական եւ պատրաստ է գեներացնել հանրային ընդվզման ալիքը, որը կարող է խառնել Սերժ Սարգսյանի քարտերը: Համոզելու համար բավական է լսել նրա ընտրած հռետորաբանությունը եւ խնդիրների ձեւակերպումը, դրանից հետո առավել քան պարզ կլինի ՝ արդյո՞ք սա երկակի խաղ է, թե՞ պայքար հանուն ժողովրդավարական փոփոխությունների:

Քաղաքական ուժերը եւս սպասում են այդպիսի ազդակների, որից հետո նրանց լղոզված դիրքորոշումների մեջ հստակություն կարող է մտնել: Կարող է հասունանալ այն պահը, երբ քաղաքական դաշտը պետք է բաժանվի սեւ ու սպիտակի: Այս պարագայում բավականին վտանգավոր կարող է դառնալ  «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դիրքորոշումը: Այս կուսակցությունը գոնե նախնական փուլում հազիվ թե միանա փողոցում հնարավոր հանրային ընդվզումներին, սակայն առճակատման սրման դեպքում վտանգ կա, որ ԲՀԿ-ն կկրկնի ՕԵԿ-ի ճակատագիրը, եւ սեղմելով Սերժ Սարգսյանի մեկնած ձեռքը, «հանուն կայունության եւ թշնամու ջրաղացին ջուր չլցնելու» արդեն հայտնի հիմնավորումներով, կրկին մաս կազմի կոալիցիոն կառավարության:

Այս պահի դրությամբ խորհրդարանում իր ներկայացվածությամբ երկրորդ քաղաքական ուժը որեւէ դիրքորոշում չի հայտնել փետրվարի 18-ի ընտրությունների հետ կապված, ինչը առնվազն ապաքաղաքական պահվածք է եւ ջուր է լցնում իշխանության ջրաղացին: Անկախ այն հանգամանքից, թե Րաֆֆի Հովհաննիսյանը գործարքի կգնա՞ Սերժ Սարգսյանի հետ, թե՞ կշարունակի պայքարը, իրենց լուրջ քաղաքական ուժ համարողները պարտավոր են գնահատական տալ այս ընտրություններին:

Միջազգային կառույցների առումով ամեն ինչ առավել քան պարզ է: Միջազգային հանրությունը իրեն լղոզված ու անհասկանալի է պահում այնքան ժամանակ, քանի դեռ չի հստակեցվել, թե ծանրության կենտրոնը ո՞ր ուժի կողմն է թեքվում: Ուժային կենտրոնի թեքության ուղղությունը ճշտելուց հետո՝ նրանք բացահայտ եւ քողարկված կսկսեն պաշտպանել կամ իշխանությանը, կամ՝ ընդդիմությանը:

 

Դերենիկ Մալխասյան

Back to top button
Close