Մեկնաբանություն

Սերժ Սարգսյանի հետ երկխոսելուց «խերվել» է միայն Աբդուլլահ Գյուլը

Րաֆֆի Հովհաննիսյանի տպավորիչ եւ անակնկալ հաջողությունը փետրվարի 18-ի ընտրություններում ճակատագրական է դառնալու Ժառանգություն կուսակցության եւ նրա առաջնորդի համար: Ընտրություններում դե ֆակտո հաղթանակը գնալով ավելի ու ավելի ծանր բեռ է դառնում Րաֆֆի Հովհաննիսյանի համար, ավելի դժվար է դառնում պատասխանել հետեւյալ հարցերին՝ ի՞նչ անել հաղթանակի հետ եւ ինչպե՞ս անել: Սրանք բավականին բարդ հարցեր են, որոնց չեն կարողացել պատասխանել նաեւ նախորդ նախագահական գրեթե բոլոր ընտրություններից հետո:

Միանշանակ է, որ գործող վարչակարգը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ պարզապես պատրաստ չէ հաշվի նստել ժողովրդի կամարտահայտության հետ եւ առանց լուրջ պարտադրանքի զիջել իշխանությունը: Դրա համար իշխանության մոտ բացակայում են պետական մտածելակերպն ու քաղաքական գիտակցությունը: Ադրբեջանական Կոմկուսի նոմենկլատուրային սկզբունքներով երկիրը ղեկավարող իշխանական «վերնախավից» այլ մոտեցում ակնկալելը քաղաքական անմեղսունակություն է: Հետեւաբար Րաֆֆի Հովհաննիսյանի` ժողովրդի հաղթանակը ամրագրելուն ուղղված գործողությունները պետք է ադեկվատ լինեն իշխանության մոտեցումներին: Հրապարակային պայքարի եւ զանգվածային ընդվզման միջոցով իշխանությանը ինչ-որ բան պարտադրելը գրեթե այլընտրանք չունի: Նախորդ նախագահական ընտրությունների փորձը ցույց է տալիս, որ իշխանությունը ամենաշատը զգուշանում եւ ահաբեկվում է քաղաքացիների զանգվածային ընդվզումներից: Սակայն վճռականության պակասի, իշխանության կիրառած բիրտ ուժի եւ ստվերային պայմանավորվածությունների պատճառով գրեթե միշտ հաջողվել է վիժեցնել ժողովրդական պայքարը: Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը հայտ է ներկայացնում մինչեւ «հաղթական ավարտ պայքարելու», ապա պետք է, որ բավականին լավ սերտած լիներ նորանկախ Հայաստանի քաղաքական պատմության դասերը եւ յուրացրած լիներ Սերժ Սարգսյանի բավականին նենգ գործելաոճը: Նախ քաղաքացիներին հրապարակ բերելու համար անհրաժեշտ է վճռականության ցուցադրում, անկեղծություն եւ հստակ մեսիջներ: Այս գործոնները կարող են տեւական ժամանակ մարդկանց պահել հրապարակում՝ հանուն ժողովրդի իշխանության ամրագրման: Դե ֆակտո հաղթած, սակայն երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածուի միակ եւ հաղթական ռեսուրսը հանրային աջակցությունն է եւ հրապարակում կանգնած քաղաքացին: Այսինքն առաջնային նպատակը պետք է լինի ռեսուրսի կրկնապատկումը եւ անվերապահ վստահության մթնոլորտի ապահովումը: Ընդդիմադիր վերնախավի գործողությունների նկատմամբ ամենաթույլ կասկածն անգամ կարող է կործանարար լինել: Բազմափորձ ՀՀ քաղաքացին բավականին կասկածամիտ է եւ միշտ մտավախություն ունի, որ քաղաքական վերնախավը իր թիկունքում ստվերային գործարքների մեջ է: Մինչ այս պահը Րաֆֆի Հովհաննիսյանին չի հաջողվել անվերապահ վստահություն շահել՝ դժվար ըմբռնելի, շատ դեպքերում անհասկանալի մեսիջների պատճառով: Իսկ երբ այդ ամենին գումարվում է նաեւ «Ժառանգության» առաջնորդի` Սերժ Սարգսյանի հետ հանդիպումը, սա արդեն ամբողջացնում է կասկածների փաթեթը, ինչքան էլ այդ հանդիպումը կիսահրապարակային լինի:

Նախ գործող նախագահի 5-ամյա գործունեությունը ցույց տվեց, որ Սերժ Սարգսյանը անկրկնելի վարպետ է «երկխոսության» միջոցով իր մրցակիցներին թուլացնելու եւ վարկաբեկելու հարցում: Այս ընթացքում չի եղել այնպիսի մի գործիչ, որը «երկխոսել» է Սերժ Սարգսյանի հետ եւ շահող դուրս եկել: Փաստացի, Րաֆֆի Հովհաննիսյանը այդ դասը շատ վատ էր յուրացրել եւ ոտք դրեց այդ վտանգավոր շրջապտույտի մեջ, որը խորտակել է շատերին: Այն, որ փետրվարի 21-ին Րաֆֆի Հովհաննիսյան-Սերժ Սարգսյան հանդիպումը ոչ թե Ազատության հրապարակում, այլ նախագահականում պայմանավորված էր, կասկածի ենթակա չէ: Նախագահական նստավայրում հավուր պատշաճի պատրաստվել էին Րաֆֆի Հովհաննիսյանի այցին (գերօպերատիվ կերպով Սարգսյան-Հովհաննիսյան հանդիպման վերաբերյալ լուսանկարներ եւ տեսագրություն հրապարակելը): Իսկ ընդամենը ժամեր անց պարզվեց, որ տարածված տեսանյութը, Րաֆֆի Հովհաննիսյանի առումով, վարկաբեկիչ տարրեր է պարունակում, ինչը, նրա պնդմամբ, չի համապատասխանում իրականությանը:

Միգուցե Րաֆֆի Հովհաննիսյանը, լինելով արեւմտյան արժեհամակարգի կրող անձնավորություն, առաջացած քաղաքական ճգնաժամի հանգուցալուծումը գոնե առաջին փուլում տեսնում է քաղաքակիրթ բանակցությունների տեսքով: Սակայն փորձը ցույց է տալիս, որ քաղաքակրթությունն անգամ Սերժ Սարգսյանի կողմից օգտագործվում է հակառակորդներին վարկաբեկելու նպատակով: Ժառանգության առաջնորդը պետք է շատ հստակ հաշվարկեր, թե Սերժ Սարգսյանի հետ հանդիպումը ինչ հնարավոր ազդեցություն կարող է ունենալ իր հետագա պայքարի եւ հիմնական ռեսուրս համարվող պայքարող քաղաքացիների վրա: Այն, որ այդ հանդիպումը բավականին բացասական անդրադարձավ Րաֆֆի Հովհաննիսյանի վարկանիշի վրա, միանշանակ է, իր հետագա քայլերով նա պարտավոր է փարատել քաղաքացիների կասկածները, եթե «պայքարը մինչեւ հաղթական ավարտ» շարունակելու լուրջ մտադրություն կա:

Հ.Գ. Միայն Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին է հաջողվել երկխոսել ու բանակցել Սերժ Սարգսյանի հետ եւ շահած դուրս գալ:

 

Դերենիկ Մալխասյան

Back to top button
Close