Նախագահի հայտարարությունը պետք է հասկանալ չակերտների մեջ

Սահմանադրական դատարանի որոշումը դեռ ոչինչ չի նշանակում՝ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ շեշտեց Ժառանգություն կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը: Վերջինիս համոզմամբ և փաստաբան Նորայր Նորիկյանի կարծիքով՝ կուտակային կենսաթոշակների նոր օրենքի դեմ պայքարում պետք է կիրառվեն պայքարի բոլոր մեթոդները: Խոսելով նաև մինչև մարտի 28-ի դատավարությունը օրենքը 2 ամսով կասեցնելու ՍԴ-ի որոշման մասին՝ փաստաբանը հայտնեց, որ այդ համատեքստում քաղաքական միտումը ակնհայտ է, քանի որ դա միտված է հանրության զգոնությունը, ակտիվությունը և շարժման թափը կոտրելու համար:
«Քննարկվող հարցին կարելի է անդրադառնալ 3 տեսանկյունից՝ քաղաքական, սոցիալական և իրավական: Քաղաքական առումով թեև հունվարի 24-ին ՍԴ-ն ընդունել է բացառապես իրավական որոշում, այնուամենայնիվ, ըստ իս, դա միտված է հասարակական տրամադրությունների շոշափմանը, ինչպես նաև հնարավոր հակազդեցության չափի ստուգմանը: Շատ լավ գիտակցում ենք, որ օրենքը, որը ընդունվել է քաղաքական որոշման արդյունքում, դրա սահմանադրականության հարցն էլ ըստ ամենայնի որոշվելու է քաղաքական որոշման արդյունքում: Պատահական չէ, որ մի քանի օր առաջ ՀՀ նախագահը արձանագրեց, որ մի քանի տարի հետո չի բացառվում, որ նման օրենքը կիրառության մեջ դնելը կամ առհասարակ նման ռեֆորմը կարող է դառնալ պատմական: Ցավոք, այսօրվա դրությամբ որևէ մեկը չի կարող տալ այդպիսի երաշխիք»,- նշեց փաստաբանը և հավելեց, որ իր համար անհասկանալի է նաև կառավարության այսպիսի կոշտ, «կացնային» դիրքորոշումը սույն օրենքի կապակցությամբ: «Առհասարակ ցանկալի կլիներ, որ մասնագետները մի քանի հարցերի պատասխաններ տային. հաշվի առնելով հանրության այսօրվա սոցիալ-տնտեսական վիճակը՝ արդյոք այս կուտակային օրենքը մեզ պե՞տք է, թե ոչ, կամ տնտեսական առումով ինչ ռիսկեր և վտանգավոր դրույթներ է այն իր մեջ պարունակում և այլն»,- այսպիսի հարցադրումներ հնչեցրեց փաստաբանը: Լրագրողների այն դիտարկմանը, թե արդյոք նախագահի հայտարարությունը կարո՞ղ է ազդել ՍԴ-ի որոշման վրա, Նորայր Նորիկյանը դրական պատասխան տվեց. «Այո, իհարկե կարող է, քանի որ նախագահն է իշխող կուսակցության ղեկավարը և այս կառավարության պատասխանատուն, հետևաբար միանշանակ կարող ենք ասել, որ նա մեծ ազդեցություն կարող է ունենալ ՍԴ-ի որոշման վրա:
2006 թվականին ՍԴ-ն պետության կարիքների համար կառավարության հայտնի որոշումը հակասահմանադրական ճանաչեց, բայց ցավոք դրանից ոչինչ չփոխվեց: Մարդկանց տները քանդեցին և մարդկանց տանից հանեցին: Հետևաբար ՍԴ-ի որոշումը այս օրենքը հակասահմանադրական ճանաչելու վերաբերյալ դեռ քիչ է: Եթե հիշենք նախահագի այսպես ասած ուղերձը սոցապ նախարարությունում, իհարկե դա ուղղորդիչ նշանակություն ուներ ՍԴ-ի համար, որովհետև կառավարությունը վստահեցրել է նախագահին և հանրությանը, որ դա շատ շահավետ գործարք է: Բոլորս էլ հասկանում ենք, որ ոչ մի վստահություն չկա այսօր կառավարության նկատմամբ, որովհետև կառավարության ոչ մի անդամ և նախագահի ընտանիքի ոչ մի անսդամ, որտեղ 1974 թվականից այս կողմ ծնված բազմաթիվ մարդիկ կան, իրենք 2011 թվականի օրենքի կամավոր մասով ոչ մի մուծում չարեցին, իրենք չանդամագրվեցին, իրենք այդ «կամավոր հատվածին» տեր չեղան, որ գոնե հասարակությանը ցույց տան, որ հիմա մենք դա կամավոր անում ենք, որ 2014 թվականին մենք դա ձեզ պարտադրենք, հետևաբար իրենք էլ չունեն վստահություն: Ավելին՝ կառավարությունը արդեն լուրջ հաշվարկներ ունի կուտակված այդ գումարների հեռանկարի հետ», -ընդգծեց Անահիտ Բախշյանը: