Մեկնաբանություն

Իշխանությունները կրկին փորձում են շեղել հասարակությանը՝Երեւանի ավագանու ընտրություններով

Րաֆֆի Հովհաննիսյանի և նրա կողմնակիցների նախաձեռնած շարժման չմարող և երբեմն անակնկալ բնույթը ստիպում է հայաստանյան պետական մարմիններին նորանոր լուծումներ փնտրել, որոնք ոչ միշտ են արդյունավետ ներգործություն ունենում: «Հայրիկյանի գործի» «վերակենդանացումը»  անգամ նախագահի նախկին թեկնածուի ձերբակալման մակարդակով, այդպես էլ չունեցավ սպասվելիք սենսացիայի ազդեցությունը, քանի որ հայաստանյան հասարակությունն իրեն բնորոշ իմունիտետով, այլևս չի կերակրվում նման քաղաքական շոուներով: Համենայնդեպս, հասարակական գիտակցության մեջ արմատավորվեց, որ նախընտրական շրջանում կատարված մահափորձն ու հետագա զարգացումները եթե նույնիսկ քաղաքական տրյուկ էլ չէին, ապա գոնե օգտագործվեցին որպես այդպիսին:

Հաջորդ քայլը մայիսին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների կարևորության բարձրաձայնումն էր, որը տարասեռ կարծիքների տեղիք տվեց: Տարբեր ամբիոններից՝ այդ թվում և ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչներ, կարևորեցին Րաֆֆի Հովհաննիսյանի և նրա թիմի մասնակցությունը այս ընտրություններին՝ որպես շարժման հնարավոր զարգացումներից մեկը: Այս տեսանկյունից բավական հետաքրքիր էր նաև այն, որ նման միտք հնչեցրեց Արմեն Ռոստամյանը:  Ներկայումս շատերը կհիշեն, որ Երևանի քաղաքապետի նշանակման մեխանիզիմի փոփոխությունից հետո, իհարկե, կուլիսային մակարդակներում լուրեր էին պտտվում, որ Դաշնակցությունը լրջորեն հավակնում է իր ներկայացուցիչներից մեկին տեսնել քաղաքապետի պաշտոնում: Սակայն առկա իրավիճակում գրեթե ոչ մի երաշխիք չկա, որ ավագանու ընտրությունները չեն կեղծվի հերթական անգամ, պետք է շեշտենք նաև ՀՀ քաղաքացու յուրահատուկ  համապարփակ մտածելակերպը, որում անհամեմատելի են նախագահական ընտրություններն ու տեղական ընտրությունները:

Հայաստանյան միջավայրում  բոլորովին այլ մեխանիզմներով են աշխատում տեղական մարմինների ընտրությունները, որոնք սովորաբար գլոբալ խնդիրների լուծումներ չեն ծնում: Այս փաստը նաև օրինաչափ է, քանի որ Հայաստանում խնդիրը անձերի և անհատների մեջ չէ, այլ համակարգի, ինչը թույլ է տալիս ասել, որ այս կամ այն պաշտոնյայի փոփոխությունը չի կարող ենթադրել էական փոփոխություններ:    Տպավորություն է ստեղծվում նաև, որ  պետական մարմինների և նրանց սպասարկու լրատվամիջոցների կողմից չափից ավելի են շահարկվում ավագանու ընտրությունները, ինչը հերթական անգամ հանրային ուշադրությունը շեղելու միջոց է դառնում, իսկ ընդդիմության ներգրավումը այդ գործընթացների մեջ` հասարակական դժգոհության ալիքը առավել կանխատեսելի  դարձնելու նպատակ հետապնդում: Դեպքերի նման շրջադարձը, բնականաբար, շահեկան է միայն պետական մարմիններին` անկախ նրանից, որ այդ ընտրությունների մասնակցությունը կարևորվում է նաև ընդդիմադիր որոշ շրջանակների կողմից:

Մյուս կողմից, Երևանում անգամ պաշտոնական տվյալներով Րաֆֆի Հովհանիսյանը հավաքել է Սերժ Սարգսյանին հավասար ձայներ, և սա արդեն բավական լուրջ հայտ է, որը կարելի է օգտագործել: Այս տեսանկյունից կարող ենք չբացառել ավագանու ընտրություններին հաջող մասնակցությունը ընդդիմության կողմից, սակայն դա չպետք է արվի շարժման շրջանակներում, առավել ևս, տեղական ընտրությունները չպետք է լինեն շարժման առաջնային խնդիրներից, քանի որ այս պարագայում Րաֆֆի Հովհաննիսյանը կարող է հայտնվել իր ձայները կորցնելու վտանգի առաջ: Հանրային բողոքի առկայությունն ու դրա արդյունքում առաջ եկած շարժումը որակապես բոլորովին այլ իրողություն է, որը ոչ մի համեմատական չունի որևէ այլ̀ տեղական մասշտաբի քաղաքական ու ոչ քաղաքական իրադարձությունների հետ և չի կարող դիտարկվել վերջիններիս համատեքստում, հակառակ դեպքում շարժման տեղայնացումը կբերի վերջինիս ջլատմանն ու մարմանը, ինչը լավագույն լուծումը կլինի իշխանության ղեկին գտնվող ուժերի համար:

Աղասի Մարգարյան

Back to top button
Close