Մեկնաբանություն

Հացադուլի քաղաքական բովանդակությունը գլուխկոտրուկ վարչակարգի համար

Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարած հացադուլը , ինչպես և սպասելի էր, տեղիք տվեց բազմաթիվ մեկնաբանությունների, որոնցից ոմանք երբեմն զուտ մարդկայնորեն դուրս են գալիս բարոյականության շրջանակներից: Սակայն հայաստանյան առկա իրավիճակում նմանօրինակ գնահատականները որոշակիորեն ենթադրելի էին և, ըստ էության, եթե մենք առավել քննախույզ նայենք, քիչ էին պայմանավորված Րաֆֆի Հովհաննիսյանի անձով: Հայաստանյան հասարակության և հասարակական-քաղաքական շրջանակների կողմից սկզբունքորեն տարբերվում է մոտեցումը հացադուլ երևույթի նկատմամբ, որն իրենից ներկայացնում է խորը և լուրջ քաղաքական բովանդակությամբ քայլ և գործընթաց՝ իրեն բնորոշ առանձնահատկություններով:

Մեր իրականության պայմաններում կարծես թե հացադուլ երևույթի այս ասպեկտը առավել երկրորդական պլան է մղված, ինչի արդյունքում ձևավորվում է թերահավատ վերաբերմունք ոչ միայն Րաֆֆի Հովհաննիսյանի կամ Անդրիաս Ղուկասյանի հայտարարած հացադուլների արդյունավետության, այլև ընդհանրապես հացադուլի՝ որպես քաղաքական պայքարի և քաղաքական գործընթացի նկատմամբ:

Հանրապետական խորհրդարանական խմբակցության ղեկավարի բնորոշումը՝ «կուզի՝ կուտի, չի ուզի՝ չի ուտի», լավագույնս արտացոլում է հացադուլի նկատմամբ այն ընկալումը, որն առկա է հանրային գիտակցության մեջ և որոշ հասարակական-քաղաքական շրջանակներում: Վարչախմբի տարբեր ներկայացուցիչների կողմից միտումնավոր կերպով, գուցե նաև ակամայից, հացադուլը մեկնաբանվում է որպես «հաց չուտելու» գործընթաց , ինչի արդյունքում այն կարծես թե զրկվում է քաղաքական ենթատեքստից: Րաֆֆի Հովհաննիսյանի կատարած քայլի այսօրինակ մեկնաբանությանը վնասում է հացադուլի քաղաքական բովանդակությանը և միաժամանակ ուշադրություն շեղում առավել գործնական քայլերից: Ստեղծված իրավիճակում Րաֆֆի Հովհաննիսյանի թիվ մեկ խնդիրը դառնում է գործնական քայլերով «մարմնավորել» հացադուլը՝ որպես քաղաքական գործընթաց: Կարծես թե նման գործնական քայլեր են ենթադրում Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից արված հայտարարությունները այլընտրանքային կառուցվածքային ինստիտուտների ստեղծման մասին: Նման գործընթացի հանրամատչելի մատուցումը հայաստանյան հասարակությանը կարող է արմատապես փոխել հացադուլի և վերջինիս հաջորդող քաղաքական գործընթացների նկատմամբ վերաբերմունքը: Սակայն պետք է փաստենք, որ հայաստանյան իրավիճակում հացադուլի քաղաքական բովանդակության հիմնավորումը բավական դժվար խնդիր է, որը հրատապ լուծում է պահանջում՝ որպես հասարակության բյուրեղացման կարևորագույն երաշխավոր:

Այս խնդրի լուծման հրատապությունը շեշտվում է նաև նրանով, որ հասարակության մի ստվար զանգվածի համար Րաֆֆի Հովհաննիսյանը ընտրված նախագահն է, և վերջինիս քայլերի պասիվությունը կարող է խորը հիասթափություն առաջացնել: Հիշատակված գործնական քայլերի արդյունքում Րաֆֆի Հովհաննիսյանը կարող է լուծել վստահության խնդիրը և միաժամանակ անակնկալի բերել վարչական մարմիններին, որոնց կարծրատիպային ընկալմամբ ևս հացադուլն այն քաղաքական գործընթացը չէ, որի միջոցով հնարավոր է հասնել որակական փոփոխությունների: Քաղաքական գործընթացների նմանօրինակ զարգացումը կարող է գլուխկոտրուկ դառնալ վարչակարգի դասական ավտորիտար մտածողության համար: Այս տեսանկյունից զարմանալի չէ նաև այն փաստը, որ ոչ միայն հայտարարությունների մակարդակով, այլև իրականում վարչական մարմինների տարբեր ներկայացուցիչների համար Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը «անհասկանալի» է: Հենց այս «անհասկանալիությունը» կարող է դառնալ պատճառ, որի արդյունքում վարչակարգը կարող է հայտնվել այնպիսի իրավիճակում, երբ հնարավոր չէ կողմնորոշվել, թե ում կամ ինչի դեմ պետք է միջոցներ ձեռնարկել:

Աղասի Մարգարյան

Back to top button
Close