Մեկնաբանություն

Եկել ես «քաղաքատիպ վայր», որ ի՞նչ անես

Սերժ Սարգսյանի ղեկավարման ոճը եւ կառավարման խնդիրների առումով ունեցած պատկերացումների համակարգը իշխանական բուրգում ստեղծել է այնպիսի իրավիճակ, երբ համակարգում բնական սելեկցիայի միջոցով հանգուցային պոստերում հայտնվել են մարդիկ, ովքեր ի վիճակի չեն վճռական որոշումներ կայացնելու, զուրկ են նախաձեռնությունից եւ ինքնուրույնությունից, որոնց միակ արժանիքը գործող նախագահին քծնելն է: Իսկ Կենտրոնը նրանցից մեկ պահանջ ունի՝ ապահովել իշխանության վերարտադրությունը՝ համարյա ամեն գնով: Միեւնույն ժամանակ, այդ մարդիկ տեղերում ընդունակ չեն կարեւոր խնդիրներ լուծել, առավել եւս՝ մարզերում տիրող իրավիճակը օբյեկտիվ ներկայացնել կենտրոնական իշխանություններին. քծնելն ու իրականությունը խեղաթյուրելը ավելի հարգի են Բաղրամյան 26-ում:

Կենտրոնը համոզված է, որ տեղի իշխանիկները ընտրությունների ժամանակ կարող են թվեր «խփել», իսկ տեղական իշխանիկներն էլ համոզված են, որ տիրապետում են իրավիճակին եւ դժգոհությունների ալիքը ընդունակ են զսպելու: Սակայն փետրվարի 18-ի ընտրությունների դե ֆակտո արդյունքները ապացուցեցին, որ իշխանությունը առնվազն ադեկվատ չէ երկրում ստեղծված իրավիճակին: Հայաստանում ստեղծվել է «Վերեւները չեն  կարող հին ձեւով, ներքեւներն էլ  չեն ցանկանում ապրել հին ձեւով» լենինյան դասական իրավիճակը: Ընտրությունների արդյունքները ապացուցեցին, որ քրեաօլիգրախիկ համակարգը այլեւս սպառել է իրեն: Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի կամային հատկությունները թույլ էին տալիս արդյունավետ կերպով ղեկավարել քրեաօլիգարխիկ համակարգը, սակայն Սերժ Սարգսյանը գրեթե պաթոլոգիկ վախ ունի համակարգի ներսում նախաձեռնող եւ ինքնուրույն գործիչներից, այդպիսի անձանց մեջ գործող նախագահը իր իշխանությանն ուղղված պոտենցիալ վտանգ է տեսնում: Այդ պատճառով է, որ իշխանության գալուց հետո սկսեց իր շրջապատը մաքրել այդպիսի գործիչներից, եւ դրանց փոխարեն առաջին գիծ դուրս եկան քաղաքական դիակներն ու ինքնուրույնությունից զուրկ չինովնիկները: Իսպառ վերացվեցին իշխանական բուրգի ներսում մինչ այդ գործող ուժային կենտրոներն ու բեւեռները, որոնք շատ դեպքերում ապահովում էին իշխանության կենսունակությունը: Միայն Սերժ Սարգսյանի դեմքով ներկայացող իշխանության պարագայում անդեմ տեղական իշխանությունները պարզապես ի վիճակի չեն ֆունդամենտալ խնդիրներ լուծել մարզերում եւ քաղաքներում ու ազդել հասարակական կարծիքի վրա: Շիրակի մարզի օրինակը բավականին ակնառու կերպով ի ցույց է դնում իշխանական համակարգի նեխվածությունն ու անարդյունավետությունը:

Շիրակը, առանց չափազանցության, համարվում է հանրապետության ամենապրոբլեմատիկ մարզերից մեկը, որտեղ կենտրոնական իշխանությունը տարեց տարի կորցնում է վերահսկողությունը իրավիճակի նկատմամբ, որտեղ հակաիշխանական տրամադրությունները աճում են ոչ թե թվաբանական, այլ երկրաչափական պրոգրեսիայով: Գրեթե աղետալի սոցիալ-տնտեսական իրավիճակում գտնվող մարզում նպատակային գործ անելու փոխարեն հանրապետության ղեկավարությունը զբաղված էր իմիտացիայով ու դեմագոգիայով՝ համոզված լինելով, որ գեներալ-մայոր Աշոտ Գիզիրյանը կփրկի իրավիճակը: Սակայն տապալվեց ինչպես Գիզիրյանը, այնպես էլ Սերժ Սարգսյանը: Երկար փնտրտուքներից եւ մերժումներ ստանալուց հետո իշխանությանը հաջողվեց ԱԱԾ պետի տեղակալներից մեկին համոզել եւ նստեցնել Շիրակի մարզպետի աթոռին: Բառիս բուն իմաստով, իշխանության կոկորդին կանգնած մարզում սովետական ՊԱԿ-ի դպրոցը անցած գեներալ-լեյտենանտ Ֆելիքս Ցոլակյանը, մեծ հաշվով, իրավիճակի վրա ազդեցություն ունենալ չի կարող: Ժողովուրդը արձագանքում է ոչ թե տարբեր տրամաչափի՝ մեկը մյուսից շատ քիչ բանով տարբերվող չինովնիկների փոփոխություններին, այլ իրավիճակի կոնկրետ փոփոխությանը: Իսկ այդպիսի զգացողություն Շիրակի մարզում եւ Գյումրի քաղաքում դեռեւս չի նկատվում:

Հ.Գ. Նորանշանակ մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը պաշտոնամուտի ժամանակ հայտարարել էր, որ եկել է «քաղաքատիպ վայր»: Հազիվ թե սա լեզվի սայթաքում լինի, սա, ավելի շուտ, կարծրացած մտածողություն է եւ վերաբերմունք: Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը հավուր պատշաճի չի պատկերացնում մարզերի սոցիալ-մշակութային առանձնահատկությունները: Իշխանական էլիտա կոչվածի համար մարզերը անդեմ «ռայոններ» կամ ծայրամասային գավառներ են, որոնց հիմնական ֆունկցիան մայրաքաղաքի եւ կենտրոնական իշխանությունների հարաճուն պահանջմունքները բավարարելն է: Սա տիպիկ գաղութատիրական ընկալում է, ինչի արդյունքում Հայաստանը տարիների ընթացքում նմանվել է դաունով հիվանդ երեխայի, մեծ գլխով, սակայն՝ տկարամիտ ու անկենսունակ:

Հ.Գ. Ի գիտություն նորանշանակ մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի. Արեւելյան Հայաստանում ամենահին ու ավանդական քաղաքային մշակույթ ունեցող քաղաքներն են Շուշին եւ Գյումրին: Մնացած քաղաքները, այդ թվում նաեւ՝ Երեւանը, քաղաքին բնորոշ ատրիբուտիկա ձեռք բերեցին եւ ժամանակակից քաղաքային մշակույթի կրողներ դարձան միայն խորհրդային կարգերի հաստատումից հետո:

Back to top button
Close