Մեկնաբանություն

Ազատության հրապարակը ավտորիտար վարչախմբի հակակշիռ բևեռ

Փետրվարի 18-ի ինչ-որ իմաստով դեռ «չավարտված» նախագահական ընտրությունները մի շարք առանձնահատկությունների կողքին աչքի ընկան նաև իրողություններով, որոնք սաղմնավորվել էին դեռ 2008 թվականից: Խոսքը վերաբերում է աննախադեպ քաղաքացիական ակտիվ նախաձեռնություններին, որոնք և՛ նախընտրական, և՛ հետընտրական շրջանում քաղաքական պայքարին զուգահեռ հանդես են գալիս ինքնատիպ կառուցողական գործունեությամբ՝ միաժամանակ չձուլվելով քաղաքական ընդդիմության շարքերին:

Բուն ընտրությունների օրը տարբեր քաղաքացիական ակտիվիստների խմբերի գործուն միջամտությամբ կանխվեցին կամ գոնե բարձրաձայնվեցին ընտրակեղծիքների բազմաթիվ դեպքեր՝ որոշակիորեն խոչընդոտ հանդիսանալով վարչական ամենաթողության դեմ: Ընտրություններից հետո էլ քաղաքացիական ակտիվ շարժումը շարունակեց զարգանալ՝ ընդգրկելով տարբեր ոլորտներ: Վերջինիս ապացույցն էր ակտիվիստների և ուսանողների կողմից նախաձեռնված դասադուլային շարժումը, որը յուրօրինակ ինդիկատորի դեր խաղաց՝ ակնառու դարձնելով վարչակարգի ռեպրեսիվ և ավտորիտար բնույթը: Տպավորությունն այնպիսին էր, որ կարծես թե համակարգը առավել խուճապով էր վերաբերվում երիտասարդական ու քաղաքացիական շարժումներին, քան քաղաքական ընդդիմության գործողություններին:

Քաղաքացիական ակտիվիստների դրսևորման հաջորդ հարթակը բուն Ազատության հրապարակն էր, որտեղ Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլին զուգահեռ ներկայումս էլ շարունակվում է ակտիվիստների և ուսանողների կողմից իրականացվող «նստացույց Բարևը»: Սակայն այստեղ մենք պետք է ընդգծենք մի կարևոր առանձնահատկություն. նախընտրական և հետընտրական գործընթացների արդյունքում քաղաքացիական նախաձեռնությունները, հանդես գալով ընդդիմության պահանջներին համահունչ նպատակներով, այնուամենայնիվ պահպանեցին իրենց քաղաքացիական շարժման բնույթը և չմիաձուլվեցին քաղաքական ընդդիմության հետ: Այստեղ մենք գործ ունենք մի շարք օբյեկտիվ պատճառների հետ:

2008 թվականի նախագահական ընտրություններում ևս ասպարեզ եկան մի շարք քաղաքացիական նախաձեռնություններ` «Գալիս ենք», «Հիմա» և այլն, որոնք սակայն աստիճանաբար տարրալուծվեցին քաղաքական ընդդիմության շարքերում: Բնականաբար այստեղ մեծ դեր խաղաց վարչախմբի ռեպրեսիվ ռեակցիան ցանկացած քաղաքացիական «այլախոհության» դեմ: Վարչախումբը ցանկացած ակցիա, որը կարող էր ուղղված լինել որևէ վարչական մարմնի դեմ, ընկալում էր որպես քաղաքական հակառակորդի քայլ և համակարգի էությունից բխող միջոցներ ձեռնարկում ակտիվիստների նկատմամբ՝ ձերբակալություններ, բռնություններ, «սարքած» դատական պրոցեսներ: Այս գործողությունների արդյունքում քաղաքացիական շարժումը բնականաբար սերտաճում էր քաղաքական ընդդիմության հետ՝ համալրելով համակարգի դեմ հանդես եկող ընդդիմադիր բևեռը:

Ներկայումս, սակայն, մենք ունենք որոշակիորեն այլ քաղաքական դաշտ, որտեղ վարչախմբի և ընդդիմության կոնֆրոնտացիան 2008 թվականի համեմատ գոնե առերևույթ առավել մեղմ բնույթ է կրում, ինչը հնարավորություն է տալիս քաղաքացիական շարժումներին հանդես գալ ինքնուրույն կառուցողական քայլերով և սեփական դիրքերից: Առկա տեխնոլոգիական առաջընթացի պայմաններում վարչական և ոստիկանական մարմինները զրկված են նաև «ծածկադմբոցային» ռեպրեսիվ գործողություններ իրականացնելու հնարավորությունից, ինչը համեմատաբար երաշխավորում է քաղաքացիական ակտիվիստների անվտանգությունը: Քաղաքացիական ակտիվիստների և ուսանողների կողմից նախաձեռնած բացօթյա կամ «այլընտրանքային» համալսարանի կազմակերպումը Ազատության հրապարակում սկզբունքորեն փոխում է Ազատության հրապարակի՝ որպես տարածքի ընկալումը հանրային գիտակցության մեջ: Հրապարակը հայաստանյան հասարակության գիտակցության կողմից ընկալվում է առավելապես որպես քաղաքական հարթակ և ընդդիմադիր ուժերի միջոցառումների անցկացման վայր: Հետընտրական գործընթացներում տարբեր քաղաքական ուժերի և գործիչների կողմից առաջ քաշված այլընտրանքային կառուցվածքային մարմինների ստեղծման գաղափարները, մեկնարկող քաղաքացիական խորհուրդների գործունեությունն ու քաղաքացիական ակտիվիստների կողմից բացօթյա համալսարանի կազմակերպումը բուն Ազատության հրապարակում հրապարակին հաղորդում է այլընտրանքային Բաղրամյան 26-ի էֆեկտ:

Հրապարակում քաղաքական ընդդիմության, քաղաքացիական նախաձեռնությունների, տարբեր հասարակական ու մշակութային գործիչների և խմբերի առկայությունը Ազատության հրապարակը վերածում է գրեթե «միակուսակցական» վարչական համակարգի հակակշիռ բևեռի, որի կառուցողական գեներացիան և զարգացումը կազմաքանդող դեր կարող է ունենալ վարչախմբի համար:

Աղասի Մարգարյան

Back to top button
Close