Մեկնաբանություն

«Անճարակ» գեներալների հերթափոխը

Այն, որ Շիրակի մարզը, մասնավորապես Գյումրին, ռեժիմի համար ամենաանվերահսկելի և «ցավոտ» բնակավայրն է, պատահական չէ: Մարզը ցավոտ է ոչ թե այն բանի համար, որ ամենապրոբլեմատիկն է, այլ լրջագույն իրադարձություններ կարող են զարգանալ հանրապետությունում հենց Շիրակի մարզում տեղի ունեցող զանգվածային ընդվզման,  լայն մասսաների դժգոհության արդյունքում: Օրինակներ շատ կան՝ վրացական պետհամարանիշերով վարորդների դժգոհություններ, տաքսիստների կազմակերպած բողոքի ակցիաներ, որոնք շատ արագ տարածվեցին ամբողջ հանրապետությունում, և, վերջապես, համապետական  ընտրություններ, որոնց արդյունքում, որպես կանոն,  գործող ռեժիմը ահարկու ապտակ  է ստանում: Բացատրությունն այն է, որ մարզում դրությունն իսկապես վատ է, բնակչությունն էլ հանրապետության այլ բնակավայրերի համեմատ՝ բավականին իրազեկ է հանրապետությունում տեղի ունեցող պրոցեսներից:

Իշխանությունները կադրային նոր նշանակում իրականացնելիս մի շարք կարևոր գործոններ են անտեսում:  Նրանք հաշվի չեն առնում այն պարզ իրողությունը, որ  գեներալները  իրավիճակը շտկել չեն կարող, որ մարզի բնակիչը համակարգային լրջագույն փոփոխություններ է ակնկալում, այլ ոչ թե, ասենք, քաղաքապետարանում կամ մարզպետարանում աթոռներին նստած ֆիգուրների փոփոխություն:

Անգամ ֆիգուրի փոփոխությունը  Բաղրամյան 26-ում չի կարող էական նշանակություն ունենալ, եթե  այդ փոփոխությունը չհանգեցնի կառուցվածքային հիմնարար բարեփոխումների՝ բոլոր ոլորտներում: Այնպես որ, եթե այս տեսանկյունից նայենք այն զարգացումներին, որոնք տեղի ունեցան մարզում հետընտրական շրջանում, դրանք առնվազն ապարդյուն ջղաձգումներ են հիշեցնում:

Ի՞նչ փոխեց, կամ ի՞նչ արեց Աշոտ Գիզիրյանը Շիրակի մարզում և ի՞նչ չարեց, որի համար գրեց հրաժարականի դիմում և հեռացավ:  Նախ փորձենք պատասխանել առաջին հարցին՝ ի՞նչ փոխեց նա մարզում: Էական կամ ակնառու բան Շիրակի մարզի բնակչի համար, իհարկե, տեղի չունեցավ: Եթե երկրում սոցիալ-տնտեսական  իրավիճակը վատ է, արտագաղթի տեմպերը գնալով  ահագնանում են, ապա Գիզիրյանը՝ լինելով համեմատաբար փոքր տրամաչափի չինովնիկ, չէր կարող «հեղափոխություն» անել այստեղ և կտրուկ  փոխել իրավիճակը, նույնիսկ` ամենամեծ ցանկության դեպքում: Եւ հետո, նրա, նրա նախորդի կամ հաջորդի առաքելությունը ամենևին էլ դա չէ: Նրանց բերում են մարզ ՝ բոլորովին այլ գործ կատարելու  համար,  հետևաբար` չափազանցված են ակնկալիքները մարզպետ-քաղաքապետներից:

Դրականն այն է, որ  Աշոտ Գիզիրյանը կարողացավ քրեակատարողականի պետի պաշտոնից հետո նշանակվելով Շիրակի մարզպետ՝  արագ ադապտացվել: Պաշտոնամուտը թեև խիստ էր և հրամայողական ՝ հատկապես ուղղված լրագրողներին («Այսուհետ գրելու եք այն, ինչ ես եմ ասում»,- հայտարերել էր Գիզիրյանը: Ա.Վ), բայց հետո հասկացավ, որ ինքն այլևս Երևանում չէ, որ ստիպված է փոխել իրեն, տրամադրվել այլ կերպ և դժվար կառավարելի մարզում կառավարման լրացուցիչ հմտություններ յուրացնել: Դա հաջողվեց…

Հաջողվեց նաև խեղդել այն մանր օջախները, որոնցից կարող էին ծագել զանգվածային ընդվզումներ: Բողոքի ակցիաները նրա պաշտոնավարման շրջանում շատ էին, սակայն նա կարողանում էր ծածուկ կերպով՝ առանց հանրության առաջ երևալու, իր նախորդ տարիների աշխատանքային հմտությունները  կիրառելով` խեղդել այդ օջախները: Դա  առավելագույնն էր,  որ նա կարող էր անել:

Մյուս ձեռքբերումը Վարդան Ղուկասյանին իր պաշտոնից հեռացնելն էր: Աշոտ Գիզիրյանը միակ մարզպետն էր, ում հետ հաշվի չնստել Ղուկասյանը ուղղակի չէր կարող: Նա պարտաճանաչ մասնակցում էր մարզխորհրդի նիստերին, ենթարկվում մարզպետին: Այնպես որ, այն, որ Վարդան Ղուկասյանը իր տեղում չէ, դրանում իր ուրույն դերն ունեցավ հենց Աշոտ Գիզիրյանը:

Պարզ ասած՝ նա հմուտ ղեկավարեց  այն շրջանակներում, որ շրջանակներում ունակ էր իր՝ ուժայինի հմտությունները արդյունավետ կիրառելով:

Ինչ վերաբերում է նախագահական ընտրություններին Սերժ Սարգսյանի խայտառակ պարտությանը՝ դրանում Գիզիրյանն իր մեղքի բաժինն ուներ այնքանով, որքան, ասենք, փեսա Միքայել Մինասյանը կամ Հովիկ Աբրահամյանը, ովքեր, ղեկավարելով  շտաբի  աշխատանքները, ընտրությունների արդյունքների անմիջական պատասխանատուներն էին, հետևաբար, եթե Աշոտ Գիզիրյանը իրեն մեղավոր համարեց և հրաժարականի դիմում  ներկայացրեց, վերոհիշյալ երկու անձինք ընդհանրապես իրենց անճարակ պետք է հռչակեին և դուրս գային համակարգից:

Իսկ իրականում,  եթե գեներալ-մայոր Գիզիրյանի ուսերին լիներ երկու կամ երեք  աստղ, դա էական նշանակություն չէր ունենալու արդյունքների վրա: Գեներալ-լեյտենանտ Ֆելիքս Ցոլակյանը, ով եկավ փոխարինելու Գիզիրյանին, իր անցած ճանապարհով, ԿԳԲ-ական մեթոդներով կամ ուսադիրներին առկա աստղերի քանակով, ինքնադրսևորվել այնպես, ինչպես ձեռնտու է գործող ռեժիմին, պարզապես չի կարող: Նա այդ հնարավորությունը այս մարզում չունի: Խորհրդային ԿԳԲ-ի դպրոցն անգամ իր մեթոդաբանությամբ չի կարող շտկել այն վիճակը, որը ստիպում է իշխանություններին ջղաձգվել ՝ տեսնելով ըմբոստ մարզում «խփված» խղճուկ տոկոսները : Ընդ որում, դրանք նվազելու միտում ունեն, և որքան շուտ ընբռնեն դա իշխանությունները և  իշխանական հրահանգը  կատարողները, այնքան  ավելի շուտ չի բռնկվի այն պայթյունավտանգ կայծը, որն առկա է մարզում և հանրապետությունում:

Առավելագույնը, ինչ կարող  է անել Ցոլակյանն այս մարզում, դա անկեղծությունն է ՝ բնակչության, իր ենթակաների և լրավամիջոցների հետ շփումներում:

Արմենուհի Վարդանյան 

Back to top button
Close