Մեկնաբանություն

Բաղրամյան 26-ում նաև մոնտաժու՞մ են

Մարտի 18-ին գործող նախագահ Սերժ Սարգսյանի խորհրդավոր մամուլի ասուլիս կամ լրագրողների հետ հանդիպում կազմակերպելու ձևաչափը թույլ է տալիս համոզվելու, որ Սերժ Սարգսյանը ոչ միայն լուրջ խնդիրներ ունի լրագրողների հետ շփման հետ կապված, այլ նաև հստակ խնդիրներ կան նրա հրապարակային խոսքի հետ: Նախագահական ընտրությունների նախընտրական փուլը գոնե ցույց տվեց , որ Սերժ Սարգսյանը հանպատրաստի շփումների ժամանակ վատ սովորություն ունի «կիքսեր» թույլ տալու: Հավանաբար, հաշվի առնելով այդ տհաճ սովորությունը, իր իշխանավարման տարիներին գործող նախագահը հանրության հետ հարաբերակցվում էր բացառապես ոչ իր կողմից գրված և իր բառապաշարին ոչ հատուկ տեքստերով: Բացի այդ, պրակտիկորեն արմատախիլ արվեցին լրագրողների հետ հանպատրաստից հանդիպումները, իսկ եթե նույնիսկ Սերժ Սարգսյանը, ասենք մարզային այցերի ընթացքում, համաձայնվում էր պատասխանել լրագրողների հարցերին, ապա բացառապես այն լրատվամիջոցների, որոնք լիակատար լոյալություն ունեն իշխանությունների նկատմամբ, և հարցազրուցներն արվում են լրագրողներին նախօրոք բաժանված հարցերով, որոնց պատասխանները, ըստ երևույթին, Սերժ Սարգսյանը արդեն նախօրոք հասցրել է անգիր սովորել:

Նախագահականում հրավիրված լրագրողների հետ հանդիպումը ևս տեղավորվում էր այդ տրամաբանության մեջ: Նախ, այդ հանդիպումը կազմակերպվում է գաղտնիության շղարշի ներքո և հանդիպմանը, բացառությամբ մեկ-երկու լրատվամիջոցի, ներկա են գտնվում բացառապես պրոիշխանական լրատվամիջոցները: Ոչ իշխանական լրատվամիջոցներին արարողությանը, հավանաբար, հրավիրել են այլակարծության իմիտացիա ստեղծելու համար: Սակայն գրեթե հարյուր տոկոսանոց հավանականությամբ կարող ենք պնդել, որ Սերժ Սարգսյանի խոսքը մինչև հանրության դատին հանձնվելը, բավականին մանրամասն ֆիլտրվելու է՝ հավանաբար «կիքսերից» և հանրության տարակուսանքը հարուցող ձևակերպումներից մաքրելու համար:

Ավելի կասկածելի է, որ հանդիպմանը ներկա և ոչ մի լրատվամիջոց Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ավարտից 17-18 ժամ անց ո´չ մի կադր, ո´չ մի տեսանյութի պատառիկ չի հրապարակել: Հանդիպումը սկսվել է ժամը 18:00-ին և, ըստ ներկաների, ավարտվել է մոտավորապես 20:30-ի մոտ: Այս պարագայում կարելի է համոզվածությամբ պնդել, որ հեռուստատեսությունները, հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը այդ հանդիպման նկատմամբ, իրենց երեկոյան և գիշերային թողարկումների ընթացքում տեխնիկապես ի վիճակի էին Սերժ Սարգսյանի հետ հարցազրույցից որոշ դրվագներ ցուցադրել, ինչը չեն արել: Ավելին, որոշ լրատվամիջոցներ կարող էին հանդիպումից որոշ մանրամասներ տեսանյութի տեսքով տեղադրել ինտերնետում, որը կրկին չի արվել:

Այս հանգամանքը թույլ է տալիս ենթադրել, որ լրագրողների հետ հանդիպման տեսագրությունը արվել է նախագահական օպերատորների կողմից, և հարցազրույցի տեսագրության հում նյութերը պահվում են նախագահականում, ավելին, Սերժ Սարգսյանի հետ հարցազրույցը մոնտաժվում է հենց Բաղրամյան 26-ում: Վերջնական տեսքի բերվելուց հետո միայն այդ տեսանյութը կտրամադրվի ներկա լրատվամիջոցներին՝ այն հրապարակելու համար: Լրատվամիջոցների հետ նման զգուշավոր պահվածքը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Սերժ Սարգսյանը ամենևին էլ վստահ չէ, որ ընդունակ է քաղաքացիների հետ առանց «կիքսերի» և ավելորդությունների շփվելու և փորձում է ամեն կերպ իրեն ապահովագրել հնարավոր վտանգներից:

 

Դերենիկ Մալխասյան

Back to top button
Close