Նորություններ
Թալանել են Միքայել եպիսկոպոս Աջապահյանի բնակարանը

Վարդան Սրտաշյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
Դե մեր հոգևորականները միլիոնատերեր են, չէ՞,բենտլիներով, դոլարներով, թանկարժեք զարդերով։ Հավերի համար նախատեսված նմանատիպ կուտն ուտելով, ոմն ճարպիկ գող, օգտվելով այն հանգամանքից, որ Ajapahyan Mikael-ը գտնվել է արձակուրդի մեջ, ակրոբատիկ հատկություններ դրսևորելով, մտել է վերջինիս բնակարան։
Մտել է տանելու «անասելի հարստությունները», բայց գողության հենց առաջին պահից ծանր հիասթափություն է ապրել․ ոչ փող է գտել, ոչ էլ՝ ոսկի։
Ծանր հիասթափությունը, հավանաբար, պատճառ է հանդիսացել, որ ջարդուփշուր անի ողջ տունը, ու որպեսզի դատարկ ձեռքով չհեռանա, հավաքել, տարել է Սրբազանի արծաթյա խաչերը, հուշանվերները, շքանշանները, որոնք որպես զարդ, իրենցից, կարելի է ասել, ոչ մի նյութական արժեք չեն ներկայացնում, սակայն Սրբազանի տեսանկյունից՝ մի ողջ կյանքի պատմություն ու կենսագրություն են։
Քանի որ բնակարան մուտքը տեղի է ունեցել շատ հմտորեն, կարծում եմ, որ խաչագողը կարող է լինել մեր շրջապատից, կարող է կարդալ անգամ այս գրառումը։
-Այ չստացված դարի կողոպտիչ, հանկարծ չտանես գողոնդ արծաթի տեղ ծախես, մեկ է, քեզ գտնելու են ու թե ինչքանով մեղմ կվարվեն քո հետ բռնվելուցդ հետո, կախված է նաև վերոնշյալ հանգամանքից։ Տարածդ հետ վերադարձրու, քեզ փող է պետք եղել, ես անձամբ պատրաստ եմ տարածդ փողով գնել, մենակ թե մեր Առաջնորդի հիշողությունները խաչագող պահվածքովդ ջուրը մի լցրու։