Խորեն Բայրամյան․ «Սպերցյանը կլինի հաջորդ հայ ֆուտբոլիստը, որը կխաղա Եվրոպայում»

Ռուսական «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը նշել է, որ Հայաստանի հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը պատրաստ է խաղալ եվրոպական բարձրակարգ ակումբում։
«Կարծում եմ, որ Եվրոպայում խաղացող հաջորդ հայ ֆուտբոլիստը Սպերցյանն է լինելու։ Պատասխանս ակնհայտ է։ Նա հիմա ամենապատրաստն է Եվրոպա տեղափոխվելու համար: Էդուարդը երբեք երկրորդ Հենրիխ Մխիթարյան չի լինի, բայց ես հավատում եմ, որ նա էլ կարող է մեծ կարիերա ունենալ։ Նաիր Տիկնիզյանը նույնպես կարող է խաղալ Եվրոպայում»,- Բայրամյանի խոսքերն է մեջբերում Sport24-ը։
Հիշեցնենք, որ Էդուարդ Սպերցյանը այս օրերին Հայաստանի ազգային հավաքականի կազմում պատրաստվում է Եվրո-2024-ի որակավորման փուլում կայանալիք Թուրքիայի և Խորվաթիայի դեմ հանդիպումներին, իսկ Բայրամյանն այս անգամ հրավեր չի ստացել։
23-ամյա Սպերցյանը ընթացիկ մրցաշրջանում «Կրասնոդարի» կազմում մասնակցել է 8 հանդիպման, խփել 4 գոլ և կատարել 2 արդյունավետ փոխանցում։ Transfermarkt-ը Սպերցյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 12 միլիոն եվրո։