ՆորություններՏնտեսական

Շիրակի մարզի արդյունաբերողները ճգնաժամի մեջ են. արտահանումները նվազել են եռակի

Շիրակի մարզում վերջին շրջանում տրիկոտաժի և գուլպա-նասկեղենի արտադրությունը բավականին մեծ ծավալների է հասել, արտադրանքը հիմնականում արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն և այլ երկրներ: Սակայն ԱՄՆ դոլարի և ռուսական ռուբլու փոխարժեքների անկումը լուրջ խնդիրներ է ստեղծել արտահանող ընկերությունների համար:

Մարալիկի բամբակամանվածքային ֆաբրիկայի համասեփականատեր, «Արմտեքս գրուպ» ընկերության ներկայացուցիչ Գևորգ Գասպարյանը ԳԱԼԱ-ին հայտնեց, որ իրենց ընկերություններից ապրանքների արտահանումների ծավալները վերջին ամիսներին զգալիորեն նվազել են:

Ընկերությունները կանացի, տղամարդու և մանկական տրիկոտաժեղեն են արտադրում, նաև մանվածք-թել թողարկում: Նրանց արտադրանքը մինչև Կանադա է հասնում:

Գևորգ Գասպարյան

«Նախորդ տարիներին ամեն ամիս 1 ու կես կոնտեյներ ապրանք էինք արտահանում, հիմա՝ այս տարվա 8 ամիսների ընթացքում, ընդամենը 2 կոնտեյներ ենք ուղարկել արտերկիր»,- ասում է Գևորգ Գասպարյանը և ավելացնում. «Մեզ մեծ վնաս է հասցնում ոչ միայն դոլարի, այլև ռուսական ռուբլու արժեզրկումը: Մեր արտադրանքը հիմնականում առաքվում էր Ուկրաինա և Ռուսաստանի Դաշնություն: Մենք այդ 2 շուկաներն էլ կորցրել ենք, արտահանումների ծավալը եռակի նվազել է»:

Գևորգ Գասպարյանի փոխանցմամբ՝ իրենք մանվածք էին վաճառում տեղի արտադրողներին ևս, բայց նրանք էլ հիմա արտահանման խնդիրներ ունեն ու մանվածք չեն գնում:

Նոր մասնաշենք կառուցելու և ժամանակակից տեխնոլոգիաներ ներմուծելու համար պետությունը «Արմտեքս գրուպ» ընկերությանը 2 անգամ ազատել է մաքսատուրքից, 3 տարով հետաձգել ԱԱՀ վճարումը։ Բայց ըստ արտադրողի՝ հիմա եկել հասել է այն վիճակը, որ արտադրություն կազմակերպելն արդեն ձեռնտու չէ: Ավելի շահութաբեր է ապրանքի ներկրումը: Նրա կարծիքով՝ արտադրողին պետք է շատ ավելի մեծ արտոնություններ տրվեն, քան ներկրողին:

«Հիմա մեզ մոտ տնտեսական ճգնաժամ է, վերջին 3 ամսում մեր 2 արտադրություններում աշխատանքային ծավալները պակասեցրել ենք 50 տոկոսից ավելի: Աշխատողներին ժամանակին բարձր աշխատավարձով հազիվ կարողացանք ներգրավել, կարողների խնդիր ունեինք, նորից աշխատավարձի բարձրացում արեցինք»,- ասում է Գևորգ Գասպարյանն ու ավելացնում. «2 արտադրությունում միասին մոտ 200 աշխատող ունենք: Կրճատումների դեռ չենք գնացել, այսպես անորոշ սպասում ենք: Բայց արդեն 3 ամիս է վնասով ենք աշխատում: Նախկինից մեզ պարտքեր ունեցող ընկերություններ արդեն չկան: Մինչև հիմա այդ պարտքերի վճարումներով  էինք արտադրությունները պահում, հիմա էլ դուրսը պարտքեր չունենք, որ մտածենք սպասելիք կա: Աշխատողներին հարկադիր պարապուրդի էլ եթե ուղարկենք, ապա պարտավոր ենք վճարել. հիմիկվա օրենքի պահանջն է, իսկ դա արդեն սնանկության կտանի»:

Ընկերության համասեփականատիրոջ խոսքով՝ եթե վիճակը չփոխվի, արդեն անցնելու են աշխատողների հարկադիր կրճատումների:

Գևորգ Գասպարյանը խոսեց Գյումրիում գործող թեթև արդյունաբերական մեկ այլ ընկերության վիճակի մասին ևս, որը շատ ծանր կացության մեջ է հայտնվել. իր արտադրանքը ռուսական ռուբլիով է վաճառում, հետո ամերիկյան դոլար գնում, որ դոլարով էլ կտոր գնի: Այս ընկերությունը կրկնակի է վնաս կրում: Բացի այդ, տեղի արտադրողներին մեծ հարված են հասցնում  նաև ապրանքների օնլայն վաճառքները:

Կարինե Կազարովա

Back to top button