«Հայաստանի իշխանությունը հակահայկական կոալիցիային է միացել… ինչո՞ւ. Ստեփան Դանիելյանը՝ Կարեւորի մասին

«Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման 33-րդ տարեդարձի առիթով Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձում շատերը չնկատեցին ամենակարեւոր պահը. Դա առնչվում էր ԽՍՀՄ վերադարձին: Փաշինյանն այսպես էր ձեւակերպել միտքը. «Քանի դեռ չունենք խաղաղություն, ԽՍՀՄ ուրվականը թևածելու է մեր երկնքում, մեր տարածաշրջանի երկնքում»:
Այս մասին ԳԱԼԱ-ի «Կարեւորի մասին» հաղորդման շրջանակում հայտարարեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
«Բովանդակությունը հետեւյալն էր, որ մենք չենք կարողանալու պոկվել ռուսական ազդեցությունից: Այստեղ հարց է առաջանում. իսկ ու՞մ ազդեցության տիրույթ ենք գնալու: Նա առաջարկում է մտնել թուրքական ազդեցության տիրույթ:
Փաշինյանի այդ խոսքերն ուղղված էին Արեւմուտքին: Քանի որ Ադրբեջանը բանակցությունների ժամանակ չի ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը, իսկ Հայաստանի վարչապետը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, հիմա նա դիմում է Միացյալ Նահանգներին՝ ասելով՝ դուք որ չեք կարողանում ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որն արդեն Հայաստանի տարածքներն է ուզում, նման պայմաններում չի կարող լինել խաղաղություն… եւ եթե չի լինելու խաղաղություն, Հայաստանում գալու են ուժեր, որոնք բարեկամություն են անելու Ռուսաստանի հետ: Այս կոդը նա կոչեց «ԽՍՀՄ վերականգնում»,-նշեց Դանիելյանը:
«Հիմա Միացյալ Նահանգներին ասում է՝ դուք մեզ խաբեցիք, մեր անվտանգությունը չեք ապահովում, մենք 2018 թվականից գնացինք ձեր ծրագրով… Եւ ստիպված այսօր գալու են այլ ուժեր, որոնք հրաժարվելու են այդ ամենից եւ Թուրքիայի հետ պայմանավորվածությունները չեն կատարելու: Իր ելույթի բուն իմաստը լացը կամ ողբն էր…», կարծիք հայտնեց քաղաքագետը:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ ստորեւ: