«Սպերցյանը համապատասխանում է «Այաքսի» խաղամակարդակին». Մասալիտին

Հոլանդական «Վիտեսի» նախկին հարձակվող Վալերի Մասալիտինը մեկնաբանել է ռուսական «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հավանական տեղափոխությունն Ամստերդամի «Այաքս»:
«Սպերցյանի զարգացման համար «Այաքսը» լավ տարբերակ է: Նիդերլանդներում միշտ խաղացել են հարձակողական ֆուտբոլ: Նա համապատասխանում է «Այաքսի» խաղամակարդակին:
Բացի այդ, 9 միլիոն եվրո մեր օրերում լավ գումար է Սպերցյանի համար: Պետք է միայն մտածել, թե ինչպես է «Այաքսը» գումարը փոխանցելու «Կրասնոդարին», քանի որ շատերն ունեն այդ խնդիրը:
Ռուսաստանում կյանքը տարբերվում է Եվրոպայից: Դրան գումարած, լեզուն այլ է և բազմաթիվ նրբություններ կան: Նրա հաղորդակցվելու հմտություններից շատ բան կախված կլինի»,- Մասալիտինի խոսքը մեջբերում է Metaratings.ru-ն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Այաքսը» 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար պաշտոնական առաջարկ է կատարել «Կրասնոդարին»:
Հիշեցնենք, որ Էդուարդ Սպերցյանը Ռուսաստանի ավարտված առաջնությունում 28 խաղում խփել է 10 գոլ ու կատարել 12 գոլային փոխանցում: