Հայաստանի ազգային հավաքականը բաց մարզում է անցկացրել

Եվրո-2024-ի ընտրական փուլի խաղերին նախապատրաստվող Հայաստանի ազգային հավաքականը հունիսի 9-ին բաց մարզում է անցկացրել ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը հրապարակել է մարզման տեսանյութը:
Հիշեցնենք, որ Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը դեռ չի մարզվում ամբողջական կազմով։ Հունիսի 11-ին ազգային թիմին կմիանա շվեդական «Բրոմապոյկարնայի» պաշտպան Անդրե Կալիսիրը, հաջորդ օրը Երևան կժամանեն ռուսական «Կրասնոդարի» խաղացողներ Էդուարդ Սպերցյանն ու Գեորգի Հարությունյանը։
Ամերիկյան «Քոլամբուս Քրյուի» առաջատարներից Լուկաս Սելարայանը և արգենտինական «Բոկա Խունիորսի» հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը հավաքականին կմիանան հունիսի 14-ին Ուելսում: Սոֆիայի ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Ժիրայր Շաղոյանի ժամանման օրը պարզ կդառնա ավելի ուշ։
Հայաստանի հավաքականը երևանյան հավաքը կավարտի հունիսի 14-ին և կմեկնի Կարդիֆ, որտեղ երկու օր անց ուժերը կչափի Ուելսի հավաքականի հետ: Հունիսի 19-ին հայ ֆուտբոլիստները Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կմրցեն լատվիացիների հետ:
Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի D խմբի մեկնարկային տուրում Հայաստանի հավաքականն ընդունել էր Թուրքիայի հավաքականին ու պարտվել 1-2 հաշվով: Այս խմբում ընդգրկված է նաև աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Խորվաթիայի հավաքականը: