Նորություններ

Արցախի երեխաների համար մշակութաժամանցային միջոցառում է կազմակերպվել

Այսօր՝ հունիսի 9-ին, Ստեփանակերտի «Մենք ենք մեր սարերը» հուշակոթողի հարակից տարածքում «Արարիչ» բարեգործական հիմնադրամի կողմից Արցախի երեխաների համար կազմակերպվել է մշակութաժամանցային միջոցառում, որը կրում էր «Փոքրիկ արարողը» խորագիրը։

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառմանն օրհնանքի խոսք է ասել Տեր Ներսես քահանա Ասրյանը։

Մեզ հետ զրույցում «Արարիչ» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչ Հունան Թադևոսյանն ասել է, որ ծրագրի նպատակը շրջափակված Արցախի փոքրիկներին խինդ ու ժպիտ պարգևելն է՝ մի պահ շեղելով երկրի շուրջ ծավալվող իրադարձություններից:

Нет описания.

Нет описания.«Միջոցառումը պետք է իրականացնեինք հունիսի 1-ին, սակայն անբարենպաստ եղանակի պատճառով այն կայացավ այսօր։ Սա մեր փոքրիկների բերանով Արցախի ձայնն աշխարհին լսելի դարձնելու մի տարբերակ է, կոչ միջազգային հանրությանը, որպեսզի ապաշրջափակեն կյանքի ճանապարհը, որ աշխարհում այլևս պատերազմներ չլինեն, մի օր դադարեցվի զենքի արտադրությունը, և բոլորն ապրեն համերաշխ։ Արցախցի երեխաների ծնողներն իրենց փոքրիկների օրն այս գորշ իրականությունից փոքր-ինչ տարբերվող դարձնելու համար ջանք չեն խնայում: Այսօր այդ բեռն իր վրա է վերցրել «Արարիչ»-ը և հետաքրքիր նվերներով, տոնական ծրագրով փորձել երեխաներին տոն պարգևել»,-մանրամասնել է Հ. Թադևոսյանը։

Нет описания.

Նա ընդգծել է, որ հունիսի 1-ին «Արարիչ» բարեգործական հիմնադրամը դիմել է միջազգային բոլոր կազմակերպություններին, այդ թվում՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի բոլոր դեսպաններին, և սպասում են նրանց արձագանքին։

Нет описания.

Нет описания.Փոքրիկ Ռուդոլֆ Օհանյանը մեզ հետ կիսվել է միջոցառումից ստացած իր տպավորություններով. գոհ է, ուզում է, որ Արցախում հաճախակի իրականացվեն նման ծրագրեր։
«Ես սիրում եմ իմ հայրենիքը։ Երազանքս է ապրել խաղաղ Արցախում։ Թող բացվի Մայր Հայաստանին կապող կյանքի ճանապարհը, և մենք կարողանանք գնալ Երևան, որովհետև այնտեղ են մեր հարազատներն ու բարեկամները»,-հավելել է Ռ. Օհանյանը։

Нет описания.

Շուշան Սարգսյանը` որպես երկու երեխաների մայր, շրջափակված Արցախից իր կոչն է հղում համայն աշխարհին՝ չանտեսել ծանրագույն օրեր ապրող Արցախն ու նրա ժողովրդին։

Нет описания.

«Աշխարհից պահանջում եմ խաղաղություն, որպեսզի մեր երեխաները խաղաղ երկնքի տակ վայելեն իրենց մանկությունը։ Մեր իրավունքն է ապրել մեր տանը, մեր հողում, մեր Արցախում»,-նշել է Շ. Սարգսյանը՝ ընդգծելով նախաձեռնության կարևորությունը։ Միջոցառման բոլոր մասնակիցները վեր են բարձրացրել բռունցքները և հնչեցրել «Ասենք ոչ պատերազմին», «Ասենք ոչ Արցախի շրջափակմանը», «Ասենք ոչ խախտված իրավունքներին» կոչերը։

Нет описания.

Արցախի փոքրիկներն իրենց իրավունքների պաշտպանության օրվա շրջանակներում շրջափակված հայրենիքից ուղերձ էին պատրաստել` ուղղված ամբողջ աշխարհին, ավելի հասցեական՝ Միավորված ազգերի միջազգային մանկական ճգնաժամային հիմնադրամին՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ին: Կոչը մեկն էր՝ «Ապաշրջափակել կյանքի ճանապարհը, ապահովել արցախցիների անվտանգությունը, սեփական հայրենիքում ազատ ապրելու իրավունքը»: Եռալեզու կոչը ներկայացրել են Ստեփանակերտի Խաչատուր Աբովյանի անվան համար 1 հիմնական դպրոցի աշակերտներ Անի Պետրոսյանը, Վյաչեսլավ Համբարձումյանը և Անանիա Շիրակացու անվան ճեմարանի սան Արփի Ասմարյանը։

Այնուհետև մեկնարկել է ծրագրի ժամանցային հատվածը: Տարբեր տաղավարներում ներկայացվել են Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի շնորհաշատ սաների աշխատանքները։ Ներկաները շրջել են տաղավարներով և ծանոթացել ցուցադրված նմուշներին։  Երեխաների ուրախ ժամանցն ապահովելու համար ներգրավված էին նաեւ մուլտհերոսներ։ Կազմակերպվել է հյուրասիրություն, իսկ ծրագրի ավարտին երեխաներին տրվել են նվերներ։

Нет описания.

Միջոցառմանը ներկա էր Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը` տիկնոջ և դստեր հետ, «Արարիչ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Կարեն Սարգսյանը, ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը, պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը, գերատեսչությունների ղեկավարներ։

Нет описания.

Back to top button