«Վեսթ Հեմը» հաղթեց «Ֆիորենտինային» և նվաճեց Կոնֆերենցիաների լիգայի գավաթը

Անգլիական «Վեսթ Հեմը» 2-1 հաշվով հաղթեց իտալական «Ֆիորենտինային» և նվաճեց Կոնֆերենցիաների լիգայի գավաթը:
«Ֆիորենտինայի» հարձակվող Լուկա Յովիչն առաջին խաղակեսի ավելացված ժամանակում գոլ խփեց, մրցավարը դարպասի գրավումը չարձանագրեց, քանի որ սերբ ֆուտբոլիստը խաղից դուրս վիճակում էր:
Երկրորդ խաղակեսում «Ֆիորենտինան» պահպանեց գնդակին տիրելու մեծ առավելությունը, սակայն առաջինը գնդակ բաց թողեց: 62-րդ րոպեին «Ֆիորենտինայի» դարպասին նշանակվեց 11-մետրանոց, որը դիպուկ իրացրեց լոնդոնյան թիմի ալժիրցի եզրային հարձակվող Սաիդ Բենրահման:
Վինչենցո Իտալիանոյի գլխավորած թիմն ընդամենը 5 րոպե անց հավասարեցրեց խաղի հաշիվը, գոլի հեղինակ դարձավ իտալացի կիսապաշտպան Ջակոմո Բոնավենտուրան:
«Վեսթ Հեմը» 90-րդ րոպեին հաղթանակ կորզեց, գոլի հեղինակ դարձավ անգլիացի եզրային հարձակվող Ջարոդ Բոուենը:
Կոնֆերենցիաների լիգա, եզրափակիչ
«Ֆիորենտինա» (Իտալիա) — «Վեսթ Հեմ» (Անգլիա) ՝ 1-2 (տեսանյութ)