Օրենքի կոպիտ խախտումներով ֆեդերացիան չեմպիոնությունը տվեց «Ուրարտուին». Եղիշե Մելիքյան

«Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն «Ուրարտուի» դեմ խաղից հետո խոսել է տպավորությունների մասին:
«Հավասար պայքար էր․ ինչ-որ առումով իրենք առավելություն ունեին, ինչ-որ առումով՝ մենք։ Հավասար խաղ էր, բայց մեր վերջավորությունը չստացվեց, իսկ իրենց մոտ դարպասին կատարած մեկ հարվածը վերածվեց գոլի 90-րդ րոպեին։ Կապ չունի․ հաղթեց «Ուրարտուն» և ես իրենց շնորհավորում եմ։ Ինչ կուզեի ասել «Ուրարտուի» հետ կապ չունի․ իրենք իրենց աշխատանքը կատարեցին ու դարձան չեմպիոն։ Ուղղակի ես շնորհավորում եմ ոչ միայն «Ուրարտուին», այլև Արմեն Մելիքբեկյանին։ Ֆեդերացիայի որոշ աշխատակիցներից շնորհակալ եմ իրենց կատարած աշխատանքի համար, մրցավարներից շնորհակալ եմ, քանի որ ամենակարևոր խաղում ամենաբարձր մակարդակով կատարեցին իրենց աշխատանքը»,- ասել է Եղիշե Մելիքյանը։
«Ինչո՞ւ եմ շնորհավորում Արմեն Մելիքբեկյանին, քանի որ նրա պլանը աշխատեց։ Իրենք էլ էին արժանի հաղթանակի, քանի որ լավ աշխատեցին։ 5 գործոն կարող եմ ասել, որ մեզ խանգարել են չեմպիոն դառնալ։ Մեր թիմը ոգի ունի, ճիշտ է աշխատում, բայց ռեսուրսներով ի վիճակի չէ պայքարել համակարգի դեմ։ Օրենքի կոպիտ խախտումներով ֆեդերացիան չեմպիոնությունը տվեց «Ուրարտուին»,— ասել է Եղիշե Մելիքյանն ու առանձնացրել որոշ գործոններ։
«Կարմիր քարտի որակազրկման համար ֆեդերացիան չհանեց 3 միավորն ու մենք այսօր չեմպիոն չդարձանք։ Այն խաղերը, որոնց ի վիճակի չէինք մասնակցելու, խնդրեցինք հետաձգել, չհետաձգեցին։ Համակարգն այն չէ, որ միայն մեկ ուղղությունն են փակում ու մեզ արգելափակում, երբ ուզում եմ եթերից ազատ խոսել, ինձ չեն թողնում։ Ես խոսքի իրավունք չունեմ։ Մենք ենք մնալու ֆուտբոլում ու պայքարենք, պաշտոն ստանձնողներն այսօր կան, վաղը կգնան։ Այն, որ չեմպիոն չդարձանք, չեմ վշտանում։ Ոչինչ, այսպես էլ է պատահում։ Անցած տարի դարձանք չեմպիոն, այս տարի ոչ, կարևորը մենք ճիշտ ուղու վրա ենք։ Շուտով կխաղանք եվրոպական մրցասպարեզում, ու կտեսնենք, թե որ թիմն ինչպես հանդես կգա ու կներկայացնի մեր երկիրը»,- ընդգծել է Եղիշե Մելիքյանը։
Հիշեցնենք՝ Երևանի «Ուրարտուն» պատմության մեջ երկրորդ անգամ նվաճել է Հայաստանի չեմպիոնի կոչումը՝ ՀՊԼ 35-րդ տուրի կենտրոնական խաղում նվազագույն հաշվով հաղթելով «Փյունիկին»