«Խաղաղության թուղթը կլինի Հայաստանի «ղազագիրը». լռել այն դեպքում, երբ Արցախում ցեղասպանություն իրականացնեն»

«Խաղաղության պայմանագիրը կարող է պետք լինել, բայց խաղաղությունը պետք չլինի: Դրանք տարբեր բաներ են: Թուղթը կարող են ստորագրել, և դա, եթե կոպիտ արտահայտվեմ, կլինի Հայաստանի «ղազագիրը», որ եթե Ադրբեջանը ցեղասպանություն սկսի Արցախում, չի միջամտի, դեպի Արևմուտք գնացող էներգետիկ կոմունիկացիաները չեն վնասվի, Իրանի հետ ռազմական դաշնակից չի դառնա և այլն… այս շարքը կարելի է երկարացնել»,- հայտարարեց Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը՝ ԳԱԼԱ-ի «Կարևորի մասին» հաղորդման շրջանակներում:
Հայաստանը անվտանգության երաշխավորի է փնտրում, սակայն այս հարցում ամեն ինչ միանշանակ չէ։ Ըստ Արման Մելիքյանի՝ այն երկիրը, որը կարող է ռազմական երաշխավոր լինել, քաղաքական երաշխավոր լինել չի ցանկանում, որովհետև դա կհակասի իր շահերին. խոսքը Ռուսաստանի մասին է:
«Իսկ ԱՄՆ-ն կարող է լինել քաղաքական երաշխավոր, բայց չի ցանկանում դառնալ ռազմական երաշխավոր և իր ուժերը բերել տարածաշրջան: Մենք այս պահին էժանացող ապրանքի դերում ենք. մեզ անընդհատ վերավաճառում են և ամեն անգամ ավելի ցածր գնով. Զոհասեղանին մեր շահերն են, մեր տարածքները, մեր կյանքերը… և արդյունավետ հակախաղը գտնված չէ դեռ»,-ընդգծեց Մելիքյանը: