Իրանի զինված ուժերը գտնվում են մարտական պատրաստվածության ամենաբարձր մակարդակի վրա․ ԻԻՀ բանակի հրամանատար

Իրանի Իսլամական Հանրապետության բանակի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Աբոլրահիմ Մուսավին հայտարարել է, որ երկրի զինված ուժերը լիովին պատրաստ են եւ ի վիճակի են պահպանել երկրի անկախությունն ու տարածքային ամբողջականությունը, հաղորդում է Mehr-ը։
«Այսօր Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը գտնվում են պատրաստվածության ամենաբարձր մակարդակի վրա եւ համագործակցում են միմյանց հետ, եւ ցանկացած առաքելություն, որը կցանկանա իրականացնել զինված ուժերի գլխավոր հրամանատարը, կկատարվի հնարավորինս սեղմ ժամկետներում: Փաստացի բանակը լիովին ի վիճակի է կատարել երկրի անկախությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու պարտքը եւ կարող է ամբողջ ուժով կատարել իր պարտականությունները ցանկացած պահի եւ ցանկացած ոլորտում»,-ասել է նա։
«Ինչ վերաբերում է առաջադեմ տեխնոլոգիաներին, մենք նույնիսկ մեկ քայլ առաջ ենք եղել մեր թշնամիներից: Մենք երբեք չենք դադարի առաջ շարժվել»,-հավելել է նա՝ նշելով, որ երկիրը՝ չնայած խիստ պատժամիջոցներին, մեծ առաջընթաց է գրանցել թվաքանակի եւ մարտունակության բարձրացման հարցում։