ՄիջազգայինՆորություններ
Ամերիկացի նախկին դեսպանի կարծիքով թուրք-ամերիկյան հարաբերությունները կշարունակեն մնալ լարված

Սիրիայում ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ և Թուրքիայում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջեյմս Ջեֆրին անդրադարձել է թուրք-ամերիկյան հարաբերություններին Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու համատեքստում:
Ըստ ամերիկացի պաշտոնյայի՝ Էրդողանի վերընտրվելուց հետո Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունները կշարունակեն մնալ լարված։ Անդրադառնալով Էրդողանի ու Բայդենի հեռախոսազրույցին՝ Ջեֆրին այն դրական քայլ է համարել: Իսկ F-16 կործանիչների թեմային գալով՝ նշել է, որ խնդիրը թերևս կախված է Թուրքիայի ու ԱՄՆ-ի նախագահների անձնական հարաբերություններից:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազանգի միջոցով շնորհավորել էր Էրդողանին Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:
Երկու երկրների առաջնորդները մտքեր էին փոխանակել տարածաշրջանային և միջազգային մարտահրավերների վերաբերյալ, ինչպես նաև հայտնել իրենց հաստատակամությունը՝ շարունակելու համագործակցությունը առկա բոլոր ոլորտներում:
Բայդենը նշել էր, որ կործանիչների վաճառքը օրակարգ կմտնի այն պարագայում, երբ Թուրքիան հրաժարվի Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ) Շվեդիայի անդամակցությունը վավերացնելու հարցում ունեցած իր առարկություններից: