«Բարսելոնան» Մեսիին վերադարձնելու խորամանկ ծրագիր է մշակել

Կատալոնական «Բարսելոնան» ցանկանում է վերադարձնել Ֆրանսիայի չեմպիոն Փարիզի ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիին, հաղորդում է L’Equipe-ը:
35-ամյա ֆուտբոլիստը ֆինանսական առումով ռեկորդային առաջարկ է ստացել Սաուդյան Արաբիայի ակումբներից մեկից, բայց կարիերան շարունակելու այլընտրանքային տարբերակներ նույնպես ունի:
Հաշվի առնելով ֆինանսական դժվարությունները՝ «Բարսելոնան» դեռ չի կարող թիմ հրավիրել Մեսիին, սակայն կատալոնական ակումբը բանակցություններ է վարում ամերիկյան «Ինտեր Մայամիի» հետ և այդ ծրագիրը կարող է գոհացնել երեք կողմերին էլ:
«Ինտեր Մայամին» կարող է թիմ հրավիրել «Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկրին և նրան վարձակալությամբ կատալոնական ակումբին տրամադրել մինչև 2024 թվականի ձմեռ: Մեսին կարող է լավագույն կերպով պատրաստվել 2024թ. Ամերիկայի գավաթի խաղարկությանը, այնուհետև հրաժեշտ տալ «Բարսելոնային», հեռանալ Եվրոպայից և տեղափոխվել Մայամի, որտեղ արդեն անշարժ գույք ունի:
Մեսին «Բարսելոնայի» գույները պաշտպանել էր 2005-2021 թվականներին: Նա կատալոնական գրանդի պատմության լավագույն ռմբարկուն է, 778 խաղում խփել է 672 գոլ և կատարել 303 գոլային փոխանցում: