«Հայաստանում կա «4 ճշմարտություն»… բա որ բոլորդ ճիշտ եք եղել, մեր երկիրն ինչո՞ւ է այսքան ողորմելի վիճակում»

«Ումից-ումից, բայց Ադրբեջանից չպետք է ստանալ այդ «կադաստրի վկայականը», եթե այդ տերմինաբանությամբ ենք մենք առաջնորդվում: Հայաստանի Հանրապետությունը միջազգայնորեն ճանաչված պետություն է, հանդիսանում է միջազգային իրավունքի սուբյեկտ, ՄԱԿ-ի անդամ պետություն է: Դա ամենալավ օրինակը չէր, որ պետք է բերվեր»,- ԳԱԼԱ-ի «Կարևորի մասին» հաղորդման շրջանակներում հայտարարեց «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը:
Անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարությանը, որ Հայաստանի բոլոր իշխանությունները ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Արցախը ներառյալ, Նորայր Նորիկյանը նշեց.
«Նախ շատ լավ կլիներ, որ այդ հայտարարությունները Փաշինյանն աներ 2018 թվականին… հայի հետին խելքով առաջնորդվելը չի բերել մեզ հաջողությունների… հայի հետին խելքը գալիս է այն ժամանակ, երբ փրկելու բան չի մնում, կամ դու կանգնած ես կործանման եզրին:
Հայաստանի առաջին, երկրորդ, երրորդ նախագահները տարբեր ձևաչափերով և հարթակներում հայտարարել են, որ Ադրբեջանից տարածքային հավակնություններ չունեն, բայց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի խնդիրը չի ասոցացվել Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ»:
Արցախի խորհրդարանի հայտարարությունից անմիջապես հետո հայտարարությամբ հանդես եկան Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահները:
Նորայր Նորիկյանի խոսքով՝ Արցախը պահելու համար պետք է ապրել Արցախում:
«Իրենք իրենց ընտանիքներով, բարեկամներով, թիկնազորով, նախարարներով, գործարարներով լքեցին Արցախը…
Բայց նախկինների ապիկարությունը և հանցավոր գործունեությունը պատասխանատվությունից չի ազատում գործող իշխանությանը: 2018 թվականի մայիսի 8-ից հետո Հայաստանի Հանրապետությունում ինչ կատարվել է, դրա միակ պատասխանատուն գործող իշխանությունն է՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Ասեմ ավելին, նախկինների հետ գործող իշխանությունը շատ լավ էլ սիրային հարաբերությունների, առևտրային գործարքների մեջ է: Գործող կառավարությունը բացեիբաց Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին պատկանող ընկերություններից միլիոնավոր դոլարների առևտուր է անում, Սերժ Սարգսյանի որևէ իրական զինակից որևէ պատասխանատվության չի ենթարկվել…
Հայաստանում կա, պատկերավոր ասած, 4 ճշմարտություն. Լևոն Տեր-Պետրոսյանի ճշմարտություն, Ռոբերտ Քոչարյանի ճշմարտություն, Սերժ Սարգսյանի ճշմարտությունը և Նիկոլ Փաշինյանի ճշմարտություն: Երբ որ առանձին նայում ես, բոլորը «անթերի կատարելություն են»: Բա որ բոլորդ ճիշտ եք եղել, մեր երկիրն ինչո՞ւ է այսքան ողորմելի, խղճուկ իրավիճակում»: