ԼՂ-ում իրավիճակը զարգանում է կարգավորման ուղղությամբ. Պուտինը` եռակողմ հանդիպմանը

Չնայած դժվարություններին` ԼՂ-ում իրավիճակը զարգանում է կարգավորման ուղղությամբ: Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Կարևոր ուղղություններից մեկը տրանսպորտային հաղորդակցման ուղղությամբ աշխատանքն է, այսօր մենք երեքով այդ մասին բավական մանրամասն զրուցել ենք դեմ առ դեմ. հարցերը տերմինաբանությանն են վերաբերում, դրանք պետք է ներկայացնեն իրականության և համապատասխան փաստաթղթերի ստորագրմանը հաջորդող իրադարձությունների ճշգրիտ ընկալումը, բայց իմ, մեր երեքի տեսանկյունից` դրանք հաղթահարելի խոչընդոտներ են, այսինքն` մեծ հաշվով դրանք չկան էլ, զուտ տեխնիկական հարցեր են: Մենք այժմ պայմանավորվեցինք, որ առաջիկայում` մեկ շաբաթից, կհանդիպեն ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի փոխվարչապետները , հանդիպման օրը կհամաձայնեցվի, նրանք կլուծեն դեռ չկարգավորված խնդիրները: Կարծում եմ` դա լավ պայմանավորվածություն է, որը հույս է տալիս, որ մինչ այժմ չլուծված հարցերը կլուծվեն»,- ասել է Պուտինը: