Էրդողանի հաղթանակի դեպքում կավելանան ճնշումները քրդերի վրա. «Reuters»

Բրիտանական «Reuters» լրատվական գործակալությունը «Ազգայնական խոսույթի աճին զուգահեռ քրդերին անհանգստացնում է Էրդողանի հնարավոր հաղթանակը» վերլուծական հոդված է հրապարակել, որտեղ քրդերի քվեները որակվում են որպես ծայրահեղ կարևորություն ունեցող քվեներ:
Ըստ այդմ՝ քրդերը, որոնք կազմում են Թուրքիայի բնակչության շուրջ ⅕-ը, մեծ դեր են խաղում՝ շուրջ 20 տարի երկիրը կառավարած Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխանությանը վերջ դնելու հարցում:
Իսկ քրդերի անհանգստությունը պարզաբանվում է նրանով, որ եթե Էդրողանը ընտրվի, նրանց հանդեպ տարիներ ի վեր գործադրված ճնշումները կարող են սաստկանալ:
Մեջբերվել է նաև այս մասին «Ժողովրդադեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) փոխանախագահ Թայիփ Թեմելի խոսքերը. «Էրդողանի հաղթանակը միանձնյա կառամավարման ռեժիմը կամրապնդի և ճանապարհ կհարթի սարսափելի գործողությունների համար, իր հետ բերելով մութ օրեր՝ հասարակության բոլոր շերտերի համար»:
Վերլուծության մեջ տեղ է գտել Դիարբեքիրի (քաղաք Թուրքիայի հարավ-արևմուտքում-խմբ.) «Քուրդ Աշխատավորներ»-ի կենտրոնի տնօրեն Ռեհա Ռուհավիօղլուի խոսքերը, որոնց համաձայն՝ քեմալական, ընդդիմադիր գլխավոր ուժ հանդիսացող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջնորդ և «Ազգ» դաշինքի միասնական թեկնծաու Քեմալ Քըլըչդարօղլուի վերաբերմունքի փոփոխության պատճառով մեծ թվով քուրդ ընտրողներ նախագահական ընտրությունների 2-րդ փուլին ընդառաջ կորցրել են իրենց քվեարկելու կամքն ու ցանկությունը, ինչպես նաև չեն հավատում հաղթանակին:
«Մոտիվացիայի կորուստը պայմանավորված է նրանով, որ ԺՀԿ-ն փոխզիջումային քաղաքականությունից անցում է կատարել անվտանգության ապահովման դիսկուրսին»,- ասել է Ռուհավիօղլուն՝ հավելելով, որ ԺԴԿ-ն իր ընտրողներին պիտի մոտիվացնի հետևյալ խոսքով․ «Եթե պարտվի Քըլըչդարօղլուն, կպարտվենք նաև մենք»։