Անկլավների թեմայում որեւէ բան որոշված չէ, երբ լինի հստակ պայմանավորվածություն, ես կասեմ․ Նիկոլ Փաշինյան

Քաղաքական մակարդակում Բրյուսելում եւ Մյունխենում եղել է հետեւյալ խոսակցությունը, որ մենք փոխադարձաբար ճանաչում ենք անկլավների գոյությունը, որ կա Արծվաշեն, որը պատկանել է Հայաստանին, եւ անկլավներ, որոնք այսօր Հայաստանում են, եւ պատկանել են Ադրբեջանին։ Այս մասին այսօր՝ մայիսի 24-ին, Ազգային ժողովում Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
«Անկլավների թեման քաղաքական մակարդակում գոյություն է ունեցել շատ վաղուց, օրինակ՝ 1999 թվականի տարածքների փոխանակման փաստաթղթում չորրորդ հոդվածը նվիրված է Հայաստանի եւ Ադրբեջանի անկլավներին։ Իրավական մակարդակում մենք ունենք հարցեր։ Հիմա, երբ մենք ասում ենք, որ Հայաստանը եւ Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, հարց է գալիս՝ բա այս խնդիրը։ Լուծման երկու տարբերակ կա՝ որը սահմանից այն կողմ է, մնում է այդ երկրի տարածքում։ Բայց ասյտեղ էլ նրբություն կա, որովհետեւ գնանք ասենք Արծվաշենը չենք ուզում, բայց Հայաստանի ինքնիշխան տարածքից ո՞վ կարող է հրաժարվել։ Քննարկումներում ճկունություն շատ մեծ տեղ կա։ Այս թեմայում որեւէ բան որոշված չէ, երբ որ կլինի հստակ պայմանավորվածություն, ես կասեմ՝ հստակ պայմանավորվել ենք»,- ասաց Փաշինյանը։
Փաշինյանի խոսքով՝ հասարակությունը անկլավների փոխանակությունը տարբեր կերպ է՝ մենք գնում ենք, նրանք գալի՞ս են, թե՞ մենք չենք գնում, նրանք չենք գալիս։
«Նույնը կուսակցական քննարկման ժամանակ էլ ասել, ասել եմ՝ եկեք հասկանանք՝ մենք խոսում ենք պատերազմի մասին, թե խաղաղության։ Եթե մենք, իրոք, խոսում ենք խաղաղության մասին, դա ընդամենը տեխնիկական հարց է։ Եթե խոսում ենք պատերազմի մասին, ապա մենք հասկանում ենք բոլոր մարտահրավերները։ Եթե խաղաղության մեջ ենք դիտարկում հարցը, այն այդքան ծանր չէ, եթե պատերազմի՝ ծայրահեղ ծանր է»,- ընդգծեց Փաշինյանը։